ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 29, 2012 16:42
Սոցիալական գովազդը ազդեցիկ և արդյունավետ միջոց է հանրությանը ներկայացնելու ինչպես առաջնահերթություն ունեցող, այնպես էլ անտեսված հիմնահարցերը և առաջարկել դրանց լուծումները: Ուստի այս նպատակին միտված էլ Հայաստանում առաջին անգամ կիրկանացվի Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն, որը կանցկացվի Կանաչաստան” ՀԿ-ի, Աուդիո-Վիզուալ լրագրողների Ասոցացիայի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միասնական ջանքերով:
Այս ծրագիրը քաջալերում և աջակցում է ակտիվ երիտասարդներին, նրանց, ովքեր ցանկանում են անդրադառնալ առանցքային սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի` նորարական մեդիա բովանդակության ստեղծման և որակյալ սոցիալական գովազդի պատրաստման միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փառատոնի հաղորդակցման հարցերով խորհրդատու Մարիամ Մովսիսյանը:
Իսկ ասուլիսի մյուս բանախոս, Աուդիո-Վիզուալ Լրագրողներ” ասոցացիայի նախագահ Արզուման Հարությունյանն էլ, անդրադառնալով ՀՀ-ում սոցիալական գովազդի ոլորտում առկա հիմնախնդիրներին, ասաց. “Հայաստանում սոցիալական գովազդի ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնցից են իրավական դաշտի անկատարությունը, տարածման ֆինանսավորումը և դրա հետ կապված պետական կարգավորումը, ուսումնասիրությունների և գնահատումների բացակայությունը և կադրերի մասնագիտական ցածր մակարդակն ու վերապատրաստման համակարգի բացակայությունը: Ուստի, մենք այս ծրագրով նպատակ ունենք լրացնել առկա բացը` ստեղծելով հմտությունների կատարելագործման հնարավորություն, և խթանել հիմնահարցերիարծարծման”:
Մարիամ Մովսիսյանը նշեց, որ ծրագիրը բազմաբովանդակ է և իրականացվում է մի քանի փուլով. “Բացառիկ հնարավորություն է ընձեռվում 18-35 տարեկան բոլոր ցանլացողներին սեպտեմբերի 10-15-ը անվճար մասնակցելու ոլորտի փորձագետների կողմից անցկացվող սեմինարներին”:
Դասընթացի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը: Դասընթացների շրջանակում կներկայացվեն սոցիալական գովազդի սկզբունքները, տեխնոլոգիայի պատշաճ կիրառումը, ինչպես նաև մոնտաժի հիմունքները: Վերջում կանցկացվի նաև մրցույթ, որտեղ հաղթող մասնակցի պատրաստած սոցիալական բնույթի գովազդը եթերում հեռարձակվելու բացառիկ հնարավորություն կստանա: Իսկ մյուս հոլովակները ցուցադրվեն համացանցում:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
