Եթերի վերահսկողություն. Մշակութային իմպոտենցիան ընդդեմ ստեղծագործական լիցքի

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 11, 2010 17:57

Արման Գրիգորյան.«Այս նախագիծը պահպանողականության արշավն է ազատ խոսքի դեմ»

Եթե անցեն հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) հեռուսատեսությունը կարգավորող չափորոշիչները, ապա, ինչպես ասում է թատերագետ Արա Նեդոլյանը, հայկական եթերում կարգելվի հետաքրքիր աշխարհի 80%-ը:

Անցած շաբաթ հրապարակվեցին այդ չափորոշիչները, որ վերնագրված են` «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների մտավոր ու ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչների» նախագիծ:
Ըստ այս նախագծի, էրոտիկ է` ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասն նկարագրություն, իսկ սարսափ է պարունակում արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական երևույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի և խաղաղ իրավիճակներում: Կարգելվի նա և «ազգի երախտավորների նսեմացումն ու վարկաբեկումը», «պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը», « բարոյականության նորմերի ժխտումը, մարդկային արժանապատվության նսեմացումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների և դաստիարակների հեղինակազրկումը» , «թմրամոլներին և հարբեցողներին նմանակելը»:

Չափորոշիչների դեմ բարձրացած աղմուկից հետո ՀՌԱՀ նախագահը հայտարարեց, որ գիշերը 12-ից հետո թույլատրվում է ներկա իրականությունը խեղաթյուրել:

Նեդոլյանն ասում է, որ նախագծի բոլոր կետերը հետաքրքիր աշխարհին են վերաբերում և իրականում, դրանք գրեթե չկան մեր հեռուստաեթերում: Նա այս նախագիծը նմանեցնում է հրեաների ու միասեռականների դեմ Հայաստանում որոշ հետադիմական ուժերի պայքարին. «Հրեաներն ու միասեռականները մեզ մոտ շատ քիչ են, բայց իրենց դեմ պայքար մշտապես ընթանում է»:

Գրիգոր Ամալյանն ասում է, որ չափորոշիչները խախտելու դեպքում կլինի գրավոր նախազգուշացում, դրամական տույժ, կասեցում ու վերջապես՝ լիցենզիայի դադարեցում:

Նկարիչ, արվեստի քննադատ Արման Գրիգորյանին այս ամենը հիշեցնում է խորհրդային տարիները: «Ես մեծ ցանկության դեպքում անգամ այս չափորոշիչների մեջ դրականը, լուսավորը չեմ տեսնում, – ասում է նա,- Սովետը ինձ համար լուսավոր չէր: Պետությունը որպես պատժող ծնողի դեր խաղացողի` մենք արդեն ծանոթ ենք, մեկ անգամ դրա միջով անցել ենք: Մինչդեռ` ամեն ընտանիքում ծնողներն իրենք պետք է որոշեն, թե իրենց երեխան ինչ պիտի նայի կամ չնայի»:

Միսաք Խոստիկյանի խոսքերով` չափորոշիչների խստացման արդյունքում կարող է ստացվի «խուճուճ մշակույթ, որում մարդ իր ստվերից կվախի»

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Իզաբելլա Ղազարյանի համոզմամբ եւս ՀՌԱՀ-ը համահայկական ծնողի պարտականություն է իր վրա վերցրել եւ հեծանիվ է հորինում, մինչդեռ հարցի լուծման քաղաքակիրթ ու աշխարհում ընդունված տարբերակներ կան: Այդպես, օրինակ, հաղորդումներն ու ֆիլմերը դասակարգում են ըստ տարիքային չափորոշիչների, կամ էլ` դրանց նախորդող նախազգուշացումներ զետեղում, եւ այդ դեպքում արդեն ծնողն ինքն է իրականացնում վերահսկողությունը: Ճարտարապետ Միսաք Խոստիկյանի համոզմամբ էլ` խնդիրը մշակութային իմպոտենցիան է: «Այն մարդիկ, ովքեր բողոքելու սովորություն ունեն, իրենց գործունեությամբ հանգեցնում են նման արդյունքի: Իսկ նրանք, ովքեր ստեղծում են, արարում, նման քայլերի ժամանակ չունեն: Սովորաբար, մշակութային շերտը` դիմադրելով արվեստի նոր դրսեւորումներին, ինքն է ստեղծում պատվարներ ու պատնեշներ, որոնք հետո վերածվում են նախագծերի»,-համոզված է Խոստիկյանը: Հեռուստա եւ ռադիոեթերը կարգավորող չափորոշիչների նախագիծն արդեն իսկ վատ նախադեպ է, ըստ ճարտարապետի, եւ արդեն առաջիկայում նման հավակնություններ կարող են լինել նաեւ այլ ասպարեզներում, ինչը նշանակում է, որ ստեղծագործողները պիտի կարողանան արտահայտման նոր ձեւեր գտնել: Այս առիթով Խոստիկյանը հիշում է խորհրդային տարիներին ընդունված «Եզովպոսյան լեզու» արտահայտությունը, որ այլաբանություն էր ու որից շատերը մինչ օրս էլ չեն կարողանում ազատվել: Իսկ չափորոշիչները կարելի է այնքան խստացնել, ըստ Խոստիկյանի, որ արվեստագետներն ավելի ճարպկանան: Ու արդյունքում կստացվի «խուճուճ մշակույթ, որում մարդ իր ստվերից կվախի»:

Նկարիչ Արման Գրիգորյանն ասում է, որ արվեստն ավելի լավը դառնալ չի կարող, երբ նրան ճնշում են: «Այս նախագիծը պահպանողականության արշավն է ազատ խոսքի, լրատվության եւ ստեղծագործական ազատության դեմ: Մի հիմար պատկերացում կա, թե արվեստն ավելի լավն է դառնում, երբ նրան ճնշում են: Ես բացարձակ համաձայն չեմ: Արվեստը դրանից ավելի լավը չի դառնա, քանի որ ճնշողներն իրենք լավ արվեստագետ չեն»:

Թատերական քննադատ Արա Նեդոլյանն էլ հարց է բարձրացնում՝ իսկ ովքե՞ր են ճնշողները, պայքարողներն ու արգելողները: Ըստ նրա՝ պայքարում ու արգելում են այն քաղաքական ուժերը, որոնք իրենք հեռուստա եւ ռադիոեթերում արտահայտում են քաղաքական պոռնոգրաֆիա, քաղաքական սարսափ, հասարակական ու քաղաքական խոշտանգումներ եւ այլն: Այսինքն` արտահայտում են ներկայացված չափորոշիչների քաղաքական համարժեքները, որոնք բնավ չեն արգելվում: Ավելին, Նեդոլյանի համոզմամբ, եթերն այսպես թե այնպես ենթարկվում է նախագծի հեղինակներին, այնպես որ դրա կարգավորման համար նման չափորոշիչների նախագիծ ստեղծել պետք չէր:

Դիտվել է 3830 անգամ:
Print Friendly

Leave a Reply