Քանի՞ գրոշ արժե հրավերքդ, տիկի՛ն Հրանուշ. Սիրիահայ ընտանիքին արտաքսում է սպառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 29, 2012 14:20

Ֆեյսբուքյան սիրիահայ օգտատերերից Մեսրոպ Հինդոյանը գրառում է կատարել, որ սիրիահայ մայրը, քույրերն ու նրանց երեխաները արդեն մի քանի տասնյակ ժամ երևանյան օդանավակայանում են: Նրանց սպառնում է արտաքսում:

«Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է: Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս…»

Սիրիահայ երիտասարդն ավելացնում է. «Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքի համար: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել: Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ»:

Ըստ գրառման ընտանիքը, Ստամբուլից Երևան է հասել առանց որևէ պրոբլեմի, իսկ հիմա իրենց դեպորտ են անում դեպի Թուրքիա:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մեկնաբանելով ընտանիք հետ կատարվածը, ասաց, որ նախարարությունը փաստաթղթեր չի ստացել:

«Դրա համար կա սահմանված կարգ, իրենք պարտավոր են Սիրիայում գնալ դեսպանատուն և հանել համապատասխան վիզա, որովհետև Հայաստանի սահմանի մոտ թույլատրվում է վիզա տալ այն հայազգիներին, ովքեր իրենց հետ բերում են համապատասխան փաստաթղթեր, այսինք ծննդյան վկայականներ, որտեղ երևում է, որ իրենք ազգությամբ հայեր են: Իրենք այդ կարգը խախտել են, իրենք Սիրիայում դեսպանություն կամ հյուպատոսություն չեն գնացել և հիմա կանգնել են բարդության առաջ»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

Ֆ. Զաքարյանի խոսքով, մինչ նրանց Երևան ժամանելը ընտանիքի բարեկամներից մեկը կապի մեջ է եղել Սփյուռքի նախարարության հետ, եկել է նախարարություն, որտեղ նրան բացատրել են, թե ինչ պետք է անի ընտանիքը Հայաստան գալու համար: Բարեկամին նախարարության աշխատակիցներն ասել են, որ պետք է ունենան ամուսնության վկայականի, ծննդյան վկայականների թարգմանված տեքստերը, որոնք կապացուցեն իրենց հայ լինելը:

«Նրանք սահմանված կարգը խախտելով են հասել Հայաստան և բնականաբար այսօր հայաստանյան իշխանությունների առջև կանգնած է խնդիր, ընդհանրապես նման խախտումներով սահմանի մոտ հասած մարդկանց թույլատրե՞լ մտնել երկիր, թե՞ ոչ: Հասկանո՞ւմ եք, դա կարող է մեծ հոսք առաջացնել: Եթե նրանց նախազգուշացրած չլինեինք, կմտածեինք արտառոց դեպք է ու այլ մոտեցում կցուցաբերեինք, բայց նրանց զգուշացվել է, նրանք խախտել են կարգը»,-ասաց նախարարության ներկայացուցիչը, ավելացնելով, որ մեծ ցանկության դեպքում էլ իրենք չեն կարող օրենքը շրջանցել:

Ինչ վերաբերում է ընտանիքին Հայաստանից արտաքսելուն, ապա Ֆ. Զաքարյանի տեղեկություններով, նրանք դեռ օդանավակայանում են: «Արտաքսման հարցով զբաղվում են պատկան մարմինները, դա Սփյուռքի նախարարության իրավասություններից դուրս է, կա Ազգային անվտանգության ծառայություն, արտաքին գործերի նախարարություն: Նրանք են զբաղվում այդ հարցով»,-ասաց Ֆ. Զաքարյանը:

ԱԱԾ-ից հայտնեցին, որ այս պահին արտաքսման որոշում չկա, իսկ խնդիրն առաջացել է, քանի որ ընտանիքը Հայաստան է եկել ոչ թե անմիջապես Սիրայից, այլ` Թուրքիայից: Ծառայաությունից ավելացրեցին նաև, որ հարցով զբաղվում է ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչությունը:

«Թուրքիայից են եկել, ոչ թե Հալեպից, քանի որ Հալեպում հիմա ահավոր վիճակ ա, ու իրանց հետի երեխաներին չվտանգելով, ուզեցել են Թուրքիայով հասնել Հայաստան, իսկ աննամուս, անթասիբ հայերս թուրքին են հետ ուղարկում»,-բացատրել էր ընտանիքի տղան:

Ոստիկանությունից հարցի վերաբերյալ խոստացան տեղեկատվություն տրամադրել քիչ ուշ:

Panorama.am

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply