Եվա Ռիվաս. հայ էստրադայի սենսացիան

Շաբաթվա լուր | | February 11, 2010 17:30

Ոչ բոլորն էին սպասում, անցյալ տարվա գարնանը Մոսկվայում կայացած հայ շոու բիզնեսի Տաշիր-2009-ի 4-րդ մրցանակաբաշխությանը տեսնել այդպիսի երևույթ: Կրեմլյան պետական պալատում, իսկական արքայական կեցվածքով բեմ ելավ կապույտ հագուստով, բարձրահասակ, կուրացուցիչ գեղեցկությամբ մի աղջիկ:Նա կատարեց Մեծն Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» կոմպոզիցիան` ապշեցուցիչ մաքուր ու խորը այնպիսի մի ձայնով, որ ողջ դահլիճը զարմանքից ապշեց: Հիացական բացականչությունների ներքո երգչուհին հայերենով ասաց. «Հայեր, ես ձեզ սիրում եմ» և հեռացավ` շատերին թողնելով տարակուսանքի մեջ: Այդ ինչ երևույթ էր, որտեղի՞ց հայտնվեց հունական անունով այդ աղջիկը, որ երգեց հայերեն և, ում մեջ միաձուլված են շոու բիզնեսում գործնականորեն չհանդիպող որակները. մոդելի կուրացուցիչ արտաքին, արտիստական ֆանտաստիկ տաղանդ` արժանի համաշխարհային աստղ դառնալու:

Սակայն, Եվա Ռիվասը սկսնակ չէր շոու բիզնեսում: 22-ամյա Վալերիա Ծատուրյանը (սա նրա իսկական անունն է) ծնվել է Դոնի Ռոստովում, հայ ընտանիքում և դեռևս մանկուց է դրսևորել երաժշտական իր ընդունակությունները: 9 տարեկանից նա հանդես է եկել Ռոստովի «Արևիկ» հայկական երգի համույթի կազմում որպես մենակատար,տարբեր փառատոներում արժանացել զանազան մրցանակների: Մասնակցել է նաև գեղեցկության մրցույթի: Երգչուհու համար 2005-ը իսկապես աստեղային դարձավ .«Ռոստով Դոնի ոսկե ձայնը», «Դոնի Միսս Մարգարիտը», «Կովկասի վիցե Միսսը», «Հայաստանի տարվա երգ» ամենամյա մրցույթի առաջին մրցանակը Մոսկվայում: 2007 թվին Սոչիում Մոսկվայի 1-ին ալիքի կազմակերպած «5 աստղ» փառատոնում գրավեց 3-րդ տեղը:

Այնուամենայնիվ, Եվան խորանալով ռուսական շոու բիզնեսի ջունգլիներում, կրկին անդրադարձավ իր արմատներին: 2008-ից նա սկսեց համագործակցել «Արմենիա Փրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հետ:«Տաշիր-2009»-ում հաջողությունից ոգևորված, նա մաեստրո Ռուբեն Մաթևոսյանի ղեկավարությամբ ձեռնամուխ եղավ առաջին ալբոմը ձայնագրելուն: Սովորեց ու փայլուն կատարեց «Լանջեր Մարջան» երգը` Ավետիք Իսահակյանի խոսքերով: Օրերս հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվեց անսովոր գեղեցիկ «Թամամ աշխարհ» երգի տեսահոլովակը:

Իսկական սենսացիա էր, երբ Եվա Ռիվասը Եվրատեսիլին մասնակցելու հայտ ներկայացրեց` «Apricot stone» երգով: Խոստովանենք,որ մինչ այս տարի եվրատեսիլին մասնակցելու ժողովրդական քվեարկությունը ոգևորել է հանրությանը: Օրինակ` 2009-ին Արշակյան քույրերի կատարումը մրցակցությունից դուրս էր (եթե նկատի ունենանք մյուս մասնակիցների ցածր մակարդակը) այնքան, որ քվեարկությունն ընդունվեց ավելի շատ որպես անիմաստ ձևականություն:

Այս տարվա սկզբին ևս, թվում էր, թե ամեն ինչ պարզ է. Էմմի ու Միհրան զույգը խոստացավ մրցույթի համար մի փայլուն կոմպոզիցիա պատրաստել: Նրանց Օսլո ուղևորությունը կասկածի տեղիք չէր տալիս:
Եվա Ռիվասի հայտն այս ֆոնի վրա կարծես պայթյուն լիներ: Ինտրիգն ավելի սրվեց, երբ պարզվեց, որ նրա խոսքերի հեղինակը Կարեն Կավալերյանն է (Եվրատեսիլի իսկական վետերան, ով այս մրցույթի 6 երգ է հեղինակել ,օրինակ` Հայկոյի « Anitime jou need », ինչպես նաև Դիմա Բիլանի «Never Let Jou Go », որոնք 2-րդ տեղեր են գրավել), իսկ կոմպոզիտորը` արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանն է: Երբ փետրվարի սկզբին, ընտրված 10 լավագույն երգերը Ինտերնետի շնորհիվ ազատ լսելու հնարավորություն ստեղծվեց` կարծես ական ճայթեց: Երբևիցե թեկնածուներն այդքան քննարկումների չէին արժանացել, որքան այս անգամ:

Հայկական ֆորումներն ու բլոգերը բաժանվեցին ճակատների. Էմմիի, Եվա Ռիվասի և 3-րդ մասնակցի` Ֆինլյանդիայից Մարիա Կիզիլյանի երկրպագուների:

Մասնակիցներն էլ, կարծես զգալով կրքերի թեժությունը, գրեթե միաժամանակ բացեցին բլոգներ /օնլայն օրագրեր/,որտեղ ներկայացնում են նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ նորությունները: Էմմին նույնիսկ ընտրված բլոգերներին հրավիրել էր իր տուն` թեյի (տես` «Անկախ» -ի նախորդ համարը): Իսկ Եվա Ռիվասը Մեցցո ակումբում շնորհանդես էր կազմակերպել, ուր ներկա էին հայ էստրադայի աստղերը` Ռուբեն Մաթևոսյանը, Արսեն Գրիգորյանը, Նունե Եսայանը:

Հանդիսության մեխն էր 1956թվին առաջին Եվրատեսիլի հաղթող շվեյցարուհի Լիզ Ասսիայի ներկայությունը, ով նորահայտ աստղին ոգեշնչելու համար է ժամանել:

Այդ նույն օրը Եվան մասնակցեց «Բարի երեկո, հայեր» թոկ-շոուին և, գրեթե զուգահեռաբար, Շանթ հեռուստաընկերությունում Նվեր Մնացականյանի հարցազրույցի հյուրն էր:

Հասկանալի է, որ Եվա Ռիվասի հանկարծակի հայտը ոչ բոլորի համար էր դրական: Շատերը փաստարկելով նրա ռուսական ծագումը, կեղծանունը ( որ ի պատիվ իր հույն տատիկի է ընտրվել, հայրը կիսով չափ հայ է) հայերենի վատ իմացությունը, չեն ճանաչում Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու նրա իրավունքը:

Սակայն, ինչպես նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանը պատասխանեց բավականին հրահրող հարցին`« Ավելի լավ է հնչեղ օտարահունչ կեղծանուն ունենալ, քան լինել թուրքամետ արտահայտություններով հայտնի Ֆիլիպպ Կիրկորով…»:

Ցանկացած պարագայում էլ` Հայաստանը Եվա Ռիվասին դիմավորեց գրկաբաց, իսկ կթողնի, արդյոք իր երիտասարդ «էստրադային թագուհուն» ներկայացնել մեր երկիրը Եվրատեսիլ 2010-ին «Ծիրանի կորիզ» երգով, կպարզվի կիրակի օրը, համաժողովրդական ընտրությունից հետո:

Դիտվել է 4069 անգամ:
Print Friendly

Leave a Reply