Զոլյանը կմեկնի Հայաստանից, բայց չի վտարվի…

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 29, 2012 14:16

Զոլյանը գնում է երկրից, բայց վերադառնալու նպատակով, և նրան երկրից հեռացնելու մասին լուրերը սուտ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զոլյանը` խոսելով նաև իր հայցադիմումի հիման վրա ընթացող դատավարության մասին:

“Ես հայցադիմումը հետ չեմ վերցրել: Լուրեր են պտտվում` իբր ես ընդհատել եմ դատավարությունը, բայց, իրականում, այդպիսի բան չկա, պարզապես ընդմիջումն է երկար տևում”,-ասաց Զոլյանը` հավելելով, որ իր գործողությունները ոչ թե պաշտոնի համար են, այլ պարզելու` արդարադատություն կա մեր երկրում, գործում է օրենքը Հայաստանում, թե ոչ, ինչպես նաև միտված է կրթության զարգացմանը”:

Ինչ վերաբերում է իրեն արված աշխատանքի առաջարկությանը, ապա Զոլյանը այստեղ ևս հստակություն մտցրեց. “Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ես Հայաստանից որևէ առաջարկ չեմ ստացել` անցնել աշխատանքի, ստացել եմ եվրոպական համալսարաններից, ավելին, այն գիտական ծրագրերին, որոնց ես մասնակցել եմ, և դրանք եղել են միջպետական ծրագրեր, ինձ հանել են դրանցից”:

Զոլյանը, սակայն, չգիտի, թե հատկապես ում ցուցումով և ինչի համար են հանել նրան այդ ծրագրերց` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, թե նրան հաճոյանալու համար, սակայն այս կապակցությամբ նա հիշեց հին աշխարհում հայտնի խոսքերից մեկը մարդկային հիմարության մասին. “Հին աշխարհում այսպիսի ասացվածք կար, ըստ որի`մարդու իմաստությունն ու վեհությունը սահմաններ ունեն, սակայն ստորությունն ու հիմարությունը անսահմանափակ են”:

Իսկ արտասահման նա մեկնում է գործուղման, Տալլինի համալսարանից նա ստացել է հրավեր գիտական աշխատանքներ կատարելու առաջարկությամբ, և կվերադառնա 3 ամսից:

Ըստ Ս. Զոլյանի` ԿԳ նախարար Աշոտյանը զբաղված է մանր խարդախությամբ , իսկ թե ինչ խարդախությունների մասին է խոսքը, այդ մասին Զոլյանի փաստաբանը կմանրամասնի վաղը կայանալիք դատական նիստի ժամանակ:

Իր գործողությունները, հակառակ Աշոտյանի պնդման, թե օրենքից դուրս են, ԵՊԼՀ նախկին ռեկտորը որակում է միանգամայն օրենքի շրջանակներում, որոնք համապատասխանում են նաև բուհի կանոնադրությանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply