Ինչու բեկում չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կամ միջազգային հանրության թերացումները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 11, 2010 17:26

Արտասահմանից դիտորդի համար կարող է անհասկանալի թվալ ղարաբաղյան հարցում իրար հետ հակամարտող կողմերի անզիջում կեցվածքը: Նրա համար տրամաբանական կլինի ղարաբաղյան հարցի լուծումը գտնել «խաղաղության հասնել ամեն գնով» բանալիով. չէ՞ որ խաղաղությունից առավել կարևոր ինչը կարող է լինել մարդու համար:

Խաղաղությունը որպես բացարձակ արժեք կիրառվում է նաև տնտեսական համագործակցության ամբիցիոզ պլաններով նաև այլ հակամարտությունների դեպքում:

Փորձը, սակայն, ցույց է տվել, որ կարգավորման նույն տրամաբանությունը կիրառելը տարբեր հակամարտություններում սխալների է հանգեցնում:

Օրինակ` Արևմտյան Սահարայի դեպքը, որը (դրա տարածքի մի մասը` Փոլիսարիո Ճակատի վերահսկողությամբ) Ղարաբաղի նման ինքնորոշվել է և ուզում է կամ անկախ լինել, կամ միավորվել Ալժիրին: Մարոկկոն Ադրբեջանի պես ուզում է պահպանել իր տարածքային ամբողջականությունը և մերժում է ցանկացած տիպի անկախություն:

Կրկին կան միջնորդներ` ՄԱԿ-ը և նրա կողմից ստեղծված MINURSO-ն, կրկին կա խաղաղության հասնելու արևմտյան ձգտումը, և կրկին կան «սկզբունքներ», որոնք մի կողմից ասում են` պետք է պահպանվի Մարոկկոյի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից` Արևմտյան Սահարայի ինքնորոշման իրավունքը:
Հարցը 1991 թ. կնքված զինադադարից հետո մինչ օրս լուծում չի գտնում, սկզբունքներն էլ` մեր «մադրիդյանի» նման լղոզված ու անհասկանալի:

Հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իրեն ներհատուկ սոցիալական, քաղաքական, աշխարհագրական, էթնո-կրոնական առանձնահատկություններ: Ուստի, կարգավորման գործընթացում, առանց այս ամենը հաշվի առնելու, այսինքն առանց կոնկրետ դեպքում` կոնկրետ մեխանիզմ ստեղծելու,, բեկման հասնել ,պարզապես հնարավոր չէ:
ԵՀԱԿ-ն Մինսկի խմբի համանախագահությունը հակամարտող կողմերին տարբեր փաստաթղթեր առաջարկելով նպատակ ունի ոչ թե կոնֆլիկտը լուծել, այլ հարաբերական կայունությունը պահպանել: Դա է վկայում այն, որ նրանց առաջարկած սկզբունքները իրականում ոչ մի կողմի էլ ձեռնտու չեն:

Իսկ այդ հարաբերական կայունության ռազմավարությունը վտանգավոր է, քանի որ թշնամանքը այն չի վերացնում և ցանկացած «բարենպաստ» պահի կարող է դուրս պրծնել:
Հենց այդ նույն ռազմավարության պատճառով էր, որ Փոլիսարիո Ճակատի ու Մարոկկոյի միջև պատերազմական գործողությունները վերսկսվեցին:
Իսկ հայերի շրջանում հարցվածների 61.30 տոկոսը դեմ է «մադրիդյան սկզբունքներին»:

Այս առումով, Ղարաբաղյան կողմի ներգրավումը բանակցություններում դրական կլինի, բայց դա միայն սկզբնական քայլ կլինի` հարցի իրական լուծման ճանապարհին:
Նույն Փոլիսարիոն հակամարտող կողմ է հանդիսանում (Ալժիրը, ի տարբերություն Հայաստանի, չի մասնակցում բանակցություններին):

Այն ծայրահեղ լավատեսները, որոնք Սոչիի հունվարի 25-ի Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ հայտարարում էին, թե բեկում կլինի կամ բեկում տեսնելու մեծ ցանկություն ունեին, հիմա թերևս մխիթարում են իրենց այն փաստով, թե Սոչիում ենթադրվում է, որ որոշվեց բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը:

Նորացված մադրիդյան փաստաթղթի պրեամբուլայում, իհարկե, կա Ղարաբաղի մասնակցության կարևորության մասին հիշատակում, բայց դա ոչինչ չի նշանակում: Ինչպես Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասաց` Սոչիում, կողմերը դեռ պետք է համաձայնվեն պրեամբուլայի տեքստի հետ:

Բայց չէ՞ որ նույն կողմերը միշտ էլ «պետք է համաձայնվեին» այս կամ այն փաստաթղթային տեքստի հետ, իսկ 1994 թվականից մինչ օրս, ոչ մի կոնկրետ համաձայնություն իրականում չի եղել: Նույն կողմերը վաղուց ստորագրել են համաձայնագրի տակ, որ հրաժարվում են ուժ կիրառել, այնինչ Ալիևը նույնիսկ Նոր տարին սկսեց ռազմական տոնով, խոսելով իրենց բանակի անբնական աճի ու ռևանշի հասնելու մասին:

Իսկ Սոչիից ընդամենը երկու օր անց, հակառակ հայ փորձագետների սպասումների, թե Ալիևը պատերազմի մասին էլ չի խոսի, ազերբաշին կրկին փոխզիջում չի անում ու շարունակում է Հայաստանից պահանջել. «Տարածաշրջանում համոզմունք կա, որ առաջին քայլը պետք է Հայաստանը անի, այն է` սկսել օկուպացված տարածքների ազատագրումը»: The Wall Street-ին տված այս հարցազրույցում Ալիևը վստահեցնում է, թե Թուրքիան չի վավերացնի հայ -թուրքական արձանագրությունները, մինչև Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները և ԼՂՀ-ն չանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Իսկ Euronews-ին տված հարցազրույցում հատարարեց, որ Ղարաբաղը չի կարող անկախ լինել:
Իրականում, Սոչիում ոչ մի բեկում էլ չարձանագրվեց, բեկում չի նաև այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն անցյալ տարի 6 անգամ հանդիպել են:
Սոչիի այդ «պրեամբուլայի» մասին ոչինչ չասող հայտարարությունն, իրականում, նպատակ ուներ բարձրացնել Ռուսաստանի միջազգային հեղինակությունը, թե` «ինչ-որ բան գրանցվեց Սոչիում»: Նման դեկլարատիվ դեպքերի շարքին է դասվում նաև 2008 թ. Մոսկվայում ստորագրված հռչակագիրը:

2009-ին նորացված «մադրիդյան սկզբունքները», իրենց ձևով հիշեցնում են «Բեյքեր 2» պլանը, որն առաջարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Ջեյմս Բեյքերը Արևմտյան Սահարայի կարգավորման համար: (Հակամարտող կողմերը չէին ընդունել դրանից առաջ առաջարկված «Բեյքեր» պլանը):
Եթե ենթադրենք, որ նորացված «մադրիդյան» կամ «մադրիդյան 2» տարբերակը նախատեսում են Ղարաբաղը` որպես բանակցային կողմ, ուրեմն Ղարաբաղի ու Հայաստանի կողմից կընդունվի այդ փաստաթուղթը: Այդ դեպքում այն թերևս չի չի ընդունվի Ադրբեջանի կողմից, որը մերժում է Ղարաբաղի մասնակցությունը, ինչպես Մարոկկոն, որի նոր թագավոր Մոհամմեդ 6-րդը, Իլհամ Ալիևի նման ընդդիմանում է Փոլիսարի Ճակատի հետ բանակցելու սկզբունքին և դեմ է ցանկացած տեսակի անկախության հանրաքվեի: «Մենք երբեք չենք հրաժարվի մեզ պատկանող Սահարայի և ոչ մի թիզից»-հայտարարել է Մոհամմեդ 6-րդը:

Այսուհանդերձ դրական է, որ սկսվեց ավելի ակտիվ կերպով շրջանառվել «ԼՂՀ կողմը վաղ, թե ուշ պետք է նստի բանակցային սեղանի շուրջ» տեսակետը. 10 տարի բանակցելուց հետո միջազգային հանրությունը նոր սկսեց հասկանալ Ղարաբաղի` բանակցություններից դուրս մնալու հետևանքը (չնայած հայկական կողմն էր այդ որոշումը կայացրել):
Այդուամենայնիվ, Ղարաբաղի մասնակցությունը բեկում կմտցնի, արդյոք, կարգավորման մեջ:

Ղարաբաղը բանակցային կողմ էր և 1997 թ., երբ առաջարկվեցին «Փաթեթային» ու «Փուլային» տարբերակները, և 1998 թ., երբ առաջարկվեց «Ընդհանուր պետության» տարբերակը: Ղարաբաղն այն ժամանակ մերժեց «փաթեթային» ու «փուլային» տարբերակները, միայն համաձայնվեց «Ընդհանուր պետություն» տարբերակին, որի հետ, սակայն Ադրբեջանը չհամաձայնվեց:

Այդ քաղաքական վարքագծի ժառանգորդ Իլհամ Ալիևի իշխանությունը նույն 1998 թվականի ռազմավարությունն է շարունակում. այսինքն `այն ժամանակ երբ Ղարաբաղի հետ ընդհանուր պետության առաջարկը եղավ, թվում էր, թե Ադրբեջանի համար ձեռնտու է: Այսուհանդերձ, Ադրբեջանը չընդունեց այն` համոզմունքով, թե ինքը կարող է այնքան զարգանալ ու հարստանալ, որ ապագայում ավելին կստանա: Արդյունքում` Հայաստանն ու Ղարաբաղը ավելի են կարծրացրել իրենց դիրքորոշումները:

Ուստի, Ղարաբաղի մասնակցությամբ միայն կամրանան հայկական դիրքերը, բայց հակամարտությունը չի լուծվի, ուստի բեկում չի լինի:
Եթե անգամ Լեռնային Ղարաբաղն այս կամ հաջորդ տարի նստի բանակացությունների, կսկվի հերթական բանակցային 10-ամյակը` նոր մադրիդյան սկբունքերի կամ այլ մայրաքաղաքային սկզբունքերի, միայն այն տարբերությամբ, որ սահմանված տասնամյակը կարող է չավարտվել: ԼՂ կողմի մասնակցությունը կոնկրետացում կմտցնի բանակցությունների մեջ, և զիջումների հարցն արդեն կոնկրետ ու ոչ լղոզված կերպ կդրվի: Արդյունքում կա’մ Ադրբեջանը կգնա զիջումների ու կհամակերպվի ԼՂ անկախության հետ, կա’մ Ադրբեջանը զիջումների չի կարողանա գնալ, ու կտրվի Ալիևի էմոցիոնալիզմին` Սահակաշվիլու դասականացրած պատերազի նախաձեռնողականությանը:

Երբ օբյեկտիվ իրականությունը ծայրահեղ դեմ է նոր պատերազմի սկսմանը, սուբյեկտիվիզմի զարգացման համար նպասատավոր դաշտ է ստեղծվում:
«Բեյքեր 2»-ի առաջարկումից հետո անմիջապես վերսկսվեցին ռազմական բախումները Փոլիսարիո Ճակատի ու Մարոկկոյի միջև:
Այլ հարց է` Բաքվի ռազմական նոր ագրեսիան ինչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար:

Կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ զիջումների. կողմերի հասարակությունները պատրաստ չեն զիջումների, իսկ վիրաբուժական միջոցով հաղթահարել այս իրավիճակը, վտանգավոր է:
Փաստորեն, միջազգային հանրությունը, տարված լինելով արտաքին քաղաքական շահերի ներդաշնակացմամբ ու քաղաքական որոշումներ ընդունողների հետ բանակցելով, բավարար ուշադրության չի արժանացրել հակամարտության կողմ հանդիսացող ադրբեջանական, ղարաբաղյան և հայ հասարակությունների տրամադրություններին. պարբերական այցերը Ստեփանակերտ արդյունավետ չէին, Ադրբեջանի իշխանությունների կողմից իր ժողովրդին անընդհատ սերմանվող «արտաքին թշնամու» կերպարն էլ չդատապարտվեց միջազգային հանրության կողմից:

Արդյունքում, ստացվում է «հասարակություններն անպատրաստ են, բայց ամեն դեպքում, որոշում ընդունողը ղեկավարությունն է» բանաձևը:
Այս բանաձևի գործադրումը հնարավոր է քիչ թե շատ բարեկեցիկ երկրներում, երբ մարդկանց կենսամակարդակն այնքան բարձր է, որ խաղաղության գաղափարը իշխող է և քննադատական դժգոհությունը` ավելի մեղմ (սակայն սա չի նշանակում, որ բարեկեցիկ երկրներում միայն խաղաղության գաղափար են ապրում և նացիոնալիզմն ի սպառ վերացած է: Ինչպես օրինակ դեռևս լիովին չեն լուծվել ֆրանս-կորսիկական, անգլո-իռլանդական կամ իսպանա-բասկյան ինքնորոշման պրոբլեմները: Այսպիսով, խաղաղության այդ բանաձևը կոնֆլիկտների լուծման բացարձակ երաշխիքը չէ:

Իսկ չզարգացած հետխորհրդային երկրներում այդ բանաձևը հենց սկզբից դատապարտված է անհաջողության:
Եթե նույնիսկ Ադրբեջանին համոզեն համակերպվել ԼՂ անկախության հետ, այն կհայտնվի ներքին պատերազմական իրավիճակում, որը, որպես այդպիսին, վտանգավոր կլինի ոչ միայն ադրբեջանցիների, այլև Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ պատերազմի վերսկսման իրական առիթներ կստեղծվեն նոր ազգայնական ուժերի համար:

21-րդ դարում հանրային պահանջներն այնքան են մեծացել (ապագայում ավելի են մեծանալու) իրենց կառավարություններից, որ քաղաքական որոշումների ընդունման նկատմամբ քննադատությունն ավելի սուր բնույթ է կրել: Ուստի, այսօր որոշում ընդունողը` իշխանությունը ավելի շատ պետք է հաշվի առնի այն կողմի վարքագիծը, որի վրա տարածվելու է այդ որոշումը:
Այսպիսով, պարզ է դառնում, որ թե ղարաբաղյան և թե Արևմտյան Սահարայի հակամարտությունների վերջնական լուծման ու խաղաղության հասնելու բանալին ոչ թե իշխանությունների կամ միջնորդների ձեռքում է, այլ հենց հակամարտող կողմերի հասարակությունների, անկախ ժողովրդավարության ու բարեկեցության աստիճանի:

Դիտվել է 1727 անգամ:
Print Friendly

Leave a Reply