2013թ.-ից՝ անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 29, 2012 11:58

2013թ.-ի հունվարի 1-ից մասամբ ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի կողմից դեռևս 2010թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունված «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքը: Օրենքի` պարտադիր կուտակային վճարին առնչվող դրույթները կսկսեն գործել 2014 թ. հունվարի 1-ից: Անձնավորված հաշվառումն իրականացնելու է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը:

Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների (հարկային գործակալների) կողմից լիազոր մարմին են ներկայացվելու մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը: Անձնավորված հաշվետվությունները տեղեկություններ են պարունակելու նախորդ ամսվա ընթացքում աշխատողների և նրանց համար հաշվարկած եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաև այս օրենքով սահմանված` տեղեկատվական բազայում ներառվող այլ տվյալներ:

Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուներն առաջին անգամ ներկայացնելու են մինչև 2013 թ. փետրվարի 20-ը` 2013 թ. հունվար ամսվա համար, իսկ անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղվածները` մինչև 2014 թ. ապրիլի 15-ը` 2013 թ. համար: Գործատուների (հարկային գործակալների) առաջին անգամ ներկայացրած անձնավորված հաշվետվությունները պետք է ներառեն նաև ՀՀ կառավարության սահմանած կարգով աշխատողի տրամադրած` բնակության վայրի մասին տվյալները:

Լիազոր մարմինը ներկայացված տվյալները համադրելու է տեղեկատվական բազայում առկա և պետական կառավարման մարմինների տրամադրած տեղեկատվության հետ: Ներկայացված տվյալներում անճշտություններ չհայտնաբերվելու դեպքում լիազոր մարմինը տվյալները ներառում է տեղեկատվական բազա:

Անճշտություններ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը մերժում է հաշվետվությունն ընդունելը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին: Այդ դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված, ուստի պետք է ներկայացվի նոր հաշվետվություն:

Եթե ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ, որոնք մեխանիկական վրիպակի արդյունք են, ապա լիազոր մարմինն ընդունում է հաշվետվությունը և տեղեկատվական բազա է ներառում ճիշտ տվյալները` վրիպակի մասին տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին:

«Փաստինֆո»

Դիտվել է 1552 անգամ:
Print Friendly

Leave a Reply