Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը խոստացել է օգնել, ու չի օգնել….
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 28, 2012 15:51
“Որսասեզոնի բացման օրը բոլոր որսահանդակներում ուղղակի ոնց որ պատերազմ լինի, ամեն կողմից անկանոն կրակում են` առանց հաշվի առնելու, թե էնտեղ մարդ կա”,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ սարսափով նկատում է “Օրինական որսի ակումբ” ՀԿ նախագահ Էդուարդ Սարիբեկյանը:
Վերջինս նշեց, որ այսօր ով մի քանի կոպեկ ավել փող ունի, կարող է զենք գնել և դառնալ որսորդմիության անդամ. “Ես կուզեի, որ ինչպես վարորդական իրավունքը, այնպես էլ զենք կրելու թույլտվությունն ու ոչսորդմիության անդամատոմս ստանալը էս երկրում լիներ շատ դժվար հասանելի ու ոչ բոլորին մատչելի: Գուցե այդ ժամանակ մենք կարողանայինք ինչ-որ բանի հասնել”:
Էդուարդ Սարիբեկյանը պատմեց նաև, թե ինչպես է որսագողության դեմ պայքարելու խնդրով Facebook սոցիալական ցանցի միջոցով դիմել Երևանի փոխստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, սակայն ոչինչ ել չի ստացվել` չնայած Մելքոնյանի խոստմանը, որ անպայման կօգնի. “Մի անգամ ես մինչև որսասեզոնի բացումը, աշխատանքի բերումով գնացել էի որսահանդակներ, որտեղ ես արգելված որս տեսա, ու ես այդ մասին գրեցի մեր հարգարժան փոխոստիկանապետին, ով վերջերս շատ ակտիվ է Facebook-ում: Նա զարմացավ, և ասաց, որ ինքն մարզերի իր գործընկերներին կխնդրի, որպեսզի որոշակի վերահսկողություն սահմանեն, և այլն, և այլն…. Եվ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ հետո: Բնականաբար ոչինչ էլ չարվեց”:
“Օրինական որսի ակումբ” ՀԿ նախագահը հիշեց, որ նույնիսկ ցարիզմի ժամանակաշրջանում կազակները, ցարի հրամանով, որսաշրջանի փակման ողջ ընթցքում շրջապատում էին Սևանա լիճը, որպեսզի տեղի գյուղացիները` ծովագյուղցիներն ու մյուսները հանկարծ լճից ձուկ չորսան, և իշխանը թողնեն ազատ բազմանա: Այսինքն, Սարիբեկյանը նկատում է, որ նույնիսկ այն ժամանակ ցարը պահպանում էր երկրի բնական հարստությունենրն ու խստորեն հետևում է, որ արգելված որս տեղի չունենա, մինչդեռ հիմա, մեր օրերում ծովագյուղցիները ծեծում են իրենց արգելողներին ու ազատ զբաղվում որսագողությամբ, իսկ մեր իշխանությունները լուրջ քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
