Հեռուստատեսության նոր գրաքննություն. Իշխանությունը զբաղված է մարդկանց մտքերը չորացնելով

ԷՍՍԵ | | February 11, 2010 16:07

Ի՞նչ անել, որ հայկական հեռուստատեսություն չնայեն, որ հայակական հեռուստատեսությունները չկարողանան զարգանալ, եկամուտ ունենալ ու  հեռուստադիտողը, որ վերջին մի քանի տարիներին հազիվ սկսել էր տեղական հեռուստատեսություններ նայել, ալիքը փոխի ու էլի ռուսական նայի կամ հիմա շատ տարածված կաբելայիններով այլ երկրների ալիքներ: Ելքը գտավ Հեռուստատեսության ու  ռադիոյի ազգային հանձնաժողովը` ստեղծեց աշխարհի տարբեր ցենզուրաներից մի պապուրի`չափորոշիչներ, որով անհետաքրքիր ու տափակ կդարձնի հայկական եթերը:

Ամեն տիպի ցոնզուրայից մի կտոր: Սովետական ցենզուրային բնորոշ էր  արգելելը «կենդանի մեռյալների խաղաղ պայմաններում հայտնվելն»(չափորոշիչով արգելքներից մեկը), ուրեմն մտցնել է պետք ցենզուրայի մեջ: Սակայն սա հակասում է եկեղեցական ցենզուրային, որի հիմնական իդեան մեռած Քրիստոսի հարություն առնելն է խաղաղ պայմաններում: Բայց տիպիկ եկեղեցական ցենզուա է արգելելը «բարոյականության նորմերի ժխտումը»: Եկեղեցու համար, ինչպես Կոմիտաս վարդապետն էր եթերով ասում, բարոյական նորմի ժխտում է նաև Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես «Անուշ» ու «Մարո» պոեմները: Այսինքն, ընդհանրապես ստեղծագործելը, եթե այն հակասում է եկեղեցուն ու ավետարանին, արդեն բարոյական նորմի ժխտում է:

Այս կապակցությամբ nationalidea.am գրում է.

«Արգելվում է ժխտել բարոյական նորմերը: Օրինագծի հեղինակներին հուշում եմ, որ բարոյականությունը հանրային գիտակցության ձև է, հասարակության (այլ ոչ թե պետության) կողմից սահմանվող և պահպանվող նորմերի ամբողջություն: Այստեղ երկու անհասկանալի պահ կա. 1) ի՞նչ է բարոյական նորմը (սահմանումը) և 2) ո՞վ է որոշելու, թե արդյոք այն կոնկրետ դեպքում ժխտվում է, թե ոչ: Ինչպես տեսնում ենք, նոնսենս է, իդիոտիզմ, որը երբեք իրականում չի դրսևորվի, սակայն դա մխիթարություն չէ, քանի որ դժվար է գերագնահատել դրա հասցրած վնասը»:

Հեռուստաեթերներով Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Մուսայելյանը ու Հայկ Դեմոյանը չափորոշիչների կարևորությունը ցույց տալու համար բացատրում են, թե մեր սերիալներում հանցագործի նկատմամբ վրեժ են լուծում, փոխանակ նրան հանձնեն իրավապահ մարմիններին: Նրանք անտեղյա՞կ են համաշխարհային մշակույթին,  որտեղ դժվար գտնես մի հետաքրքիր գործ ուր հանցագործին պետությանն են հանձնում(նույնիսկ սովետում, բրեժնևյան տարիներին նկարվեց Շուկշինի «Կարմիր Բռինչը», ուր վրեժով է ավարտվում ֆիլմը), թե՞ այնքանան են չորացրել միտքը, որ դրանից մնացել է միայն պետության ստալինյան պաշտանմունք: Ստալինիզմի ժամանակաշրջանում էր, որ եթե ստեղծագործության մեջ հանցագործին պետությանը չհանձնեիր ժողովրդի թշնամի կդառնայիր:

Պատահական չի, որ «Կենտրոնի» հեռուստաեթերով երեքշաբթի Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ու օմբուդսմեն Արմեն Հարությունյանը սովետական եթերն էին փառաբանում ու երազում, որ հայկականը այդպիսին դառնա. մի եթեր, ուր  բոլոր ալիքները նույն բան էին ցույց տալիս` ժամերով Կոմունսիտական կուսակցության համագումարները: Ու այսօր, երբ ռուսական հեռուստատեսությամբ ուզում են մռայլ զգացում ստանալ, սովետական եթերից մի հատված են ցույց տալիս:

Բարոյական այս քարոզիչները որոնց դժգոհությունը սերիալների դեմ է, կարո՞ղ են մտածել ու ընկալել, որ սերիալներն էլ ու սերիալներից դժգոհներն էլ նույն բարոյականությունն են քարոզում, անկախ նրանից՝ հերոսը քրեական է, թե ոստիկան, այդ բարոյականությամբ գնում է չարի ու բարու կռիվ, չարը միշտ վատն ա, բարին լավն ա, ու բարին միշտ հաղթում ա։ Ուրիշ բան եթե հայ կինոյում ստեղծվեր հակահերոսի կերպար, ու ավանդական բարոյականությամբ մտքները կարծարացրած մտավորականները դժգոհեին: Բայց այս մարդկանց հետ ինչպես խոսես հակահերոսի, կոնտրկուլտուրայի մասին, որոնց պատկերացրած արվեստը սոցռեալիզմն է այն էլ ստալինյան։ Ու պրոբլեմը այն չի, որ երկրում այսպիսի մարդիկ կան, այլ վտանգն այն է, որ նրանք ներկայանցում են հանրային խորհուրդը ու հակտապես մարդու իրավունքների պաշտպանին, որն խոսում է ստեղծագործական ազատության դեմ:

Սովետում նման չափորոշիչների կարիք չկար, քանի որ իշխող գաղափարախոսությունը ստիպում էր արվեստագետին կաղապարվել: Հիմա, մի երկրում, ուր կարող ես հարյուր հեռուստալալիքների մեջ ընտրություն անել, գտնել մի տեղ ուր իրենց չափորոշիչների բոլոր սահմանները խախտված են` էրոտիկ ձայնից մինչև գերբնական արարածների հայտնվելը խաղաղ պայմաններում, նման չափորոշիչները դառնում են ստալինիզմի կարիկատուռա:

Հայաստանի իշխանությունները վերջին հինգ տարում ամեն ինչ արեցին որ տեղական արտադրողը, փոքր ու միջին բիզնեսը թուլանան, բայց մի ոլորտ մնացել էր, որ դեռ շարունակում է զարգանալ ու եկամուտներ ունենալ. Հեռուստատեսությունը: Ու եթե տեղական արտադրությունը թուլացնելու հաշվին  գերեկամուտներ սկսեցին ստանալ ներկրողները, ապա հեռուստատեսությունները թուլացնելու հաշվին էլ ավելի շատ գովազդից փող կաշխատեն ռուսական ալիքներ հեռարձակողները ու կաբելային հեռուստատեսություն սպասարկողները, իսկ բազմաթիվ մարդիկ գործազուրկ կդառնան:

Իվերջո մտավորականների պայքարը սերիալների դեմ հանգեցրեց նրան որ «Կառնավալնայա նոչ» կատակերգության հերոս Օգուրցովը հիսուն տարի անց դառնա իրական ներկայանալով Գրիգոր Ամալյանի տեսքով ու արգելի այն ինչ չկարողացավ անել կոմիկական հերոսը` թույլ չտալ հարբեցողներին նմանակել, միմոսություն, հումոր, ու միշտ նայել իր պես մռայլ դիմագծերով ու մուգ կոստյումներով մարդկանց:

Մի ծանոթ պաշտոնյա ասեց, որ իշխանության վերին օղակներում էս ցենզուրայի կարիքը չունեն, ու մտցնում են, որ բավարարեն մտավորականների պահանջները: Ես էլ եմ տենց կարծում. իշխանությանը հետաքրքրում է քաղաքական ցենզուրան, որ իրենց իշխանությանը վտանգ չսպառնա ու բոլոր հեռուստատեսություններն էլ էս կամ էն չափով քաղաքական վերահսկողության տակ են: Ու դժվար թե Սերժ Սարգսյանը անհանգստանա, թե հեռուստաէկրանին հայտնվող մուտանտը կամ հրեշն է սպառնում իր իշխանությանը:

Իհարկե այս նախագիծը այսպիսին չի անցնի, Ազգային ժողովը կըդնունի սրա ավելի մեղմ տարբերակը ու դա էլ դուբինկա կդառնա էն եթերի գլխին ով անտեր է(հո Հ1-ին ձեռ չե՞ն տա, գուցե էս չափորոշիչները հենց Հ1-ի սրտով է, որը մի քանի անգամ շատ բյուջե ունենալով վարկանիշով զիջում է իր տեղը այլ ալիքների): Ուղղակի չափորոշիչները բացահայտեցին նրա  դեմքը, ով թույլ չի տալիս Հայաստանում ստեղծել միջազգային ասպարեզում հաջողության հասնող գործ: Գնաս պանթեոն կտեսնես` ով համաշխարհային ճանաչման ա հասել, Հայաստանում չի ստեղծագործել: Որ առաջին անգամ տեսա եթերով Ամալյանին չափորոշիչները ներկայացնելիս, կարծես դիմացս նա էր, ով չթողեց, որ Փարաջանովը Հայաստանում ստեղծագործի:

Դիտվել է 6492 անգամ:
Print Friendly

Leave a Reply