Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-րդ տարին. շնորհավորում են հայ եւ ֆրանսիացի երիտասարդ երաժիշտները
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | August 28, 2012 15:31
Լրանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարին, նույն տարիքին է նաեւ Գորիս-Վիեն քույր քաղաքների բարեկամությունը:
Այս կապակցությամբ նախորդ շաբաթ եղան համերգներ, որոնք դեռ երկար ժամանակ վառ կմնան հայ հանդիսատեսի հիշողության մեջ:
Համերգները մեկնարկեցին օգոստոսի 21-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնի շենքում. Գորիս-Վիեն քույր քաղաքների 20-ամյա հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ համատեղ համերգ Վիենի CIEM փողային նվագախմբի և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ:
Հետաքրքրական էր ֆրանսիական նվագախմբի ընտրած երգացանկը, որով զգացվում էր հատուկ վերաբերմունքն ու հարգանքը լսարանի հանդեպ, ում համար ելույթներ էին ունենում. նրանք համերգն սկսեցին Հայաստանի հիմնով, ապա հնչեց Ֆրանսիայի հիմնը, կատարեցին նաեւ Ազնավուրի ստեղծագործություններից:
Համերգի երկրորդ մասում բեմ բարձրացան «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի երիտասարդները` կատարելով ժողովրդական երգարվեստի գործեր` հանդիսատեսին տանելով երաժշտության մաքրագործող աշխարհ:
Դահլիճի ոգեւորությունն իր գագաթնակետին հասավ, երբ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագակցությամբ CIEM –ի փողային նվագախմբի ֆրանսիացի երիտասարդները սկսեցին երգել: Ֆրանսիացի 11-19 տարեկան 35 հոգուց բաղկացած փողային նվագախմբի երաժիշտները սիրով ու ոգեւորությամբ երգում էին «Էրեբունի-Երեւան»-ը` հայերեն, նվագակցում էին «Նարեկացի» ժողովրդական նվագարանների երիտասարդները:
Անակնկալ կատարումն այնքան դուր եկավ ու ոգեւորեց հանդիսատեսին, որ պահանջեցին այն նորից կատարել:
Հայ-ֆրանսիական վաղեմի բարեկամության արտահայտումն էր համատեղ կատարումը` այնքան ներդաշնակ ու հուզիչ:
Նվագախմբերը համատեղ համերգ ունեցան նաեւ Սիսիանի Հ. Սահյանի անվան մշակույթի տանը:
Ինչպես եւ Գորիսում, այստեղ եւս երիտասարդները ջերմ ընդունելության արժանացան:
Անշուշտ, սա լավ առիթ էր միջմշակութային փոխանակում իրականացնելու համար: Այս ժամանակահատվածում հայ եւ ֆրանսիացի երիտասարդները միմյանց մշակույթների տարբերություններն ու նմանությունները քննարկելու, հասկանալու լավ առիթ ունեցան: Իհարկե, ֆրանսիացի պատանիները հայերեն չգիտեին, ոչ էլ հայ պատանիները` ֆրանսերեն, սակայն այս դեպքում շփման եզրը մշակույթն էր:
«Չկա միմյանց հասկանալու ավելի լավ լեզու, քան երաժշտությունը: Ֆրանսիացի եւ հայ երիտասարդները շփման ձեւը գտել են: CIEM-ի երիտասարդներն այնքան են հավանել մեր ժողովրդական գործիքները, որ նրանցից շատերը գնել են թառ, քամանչա, դուդուկ… »,-հայ եւ ֆրանսիացի երիտասարդ երաժիշտների մասին պատմեց Նարեկացի ժողովրդական նվագարանների գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը:
CIEM-ի գեղարվեստական ղեկավար Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեի խոսքերով իրենք Հայաստանում նոր մշակույթ գտան, նոր երգեր սովորեցին ու սիրեցին Հայաստանը:
Գորիսի ու Սիսիանի համերգներից հետո նվագախմբերը ելույթ ունեցան նաեւ Երեւանում. սկզբում ելույթ ունեցան Նարեկացի արվեստի միությունում: Այստեղ նվագախմբերի երիտասարդներն ավելի մտերմացան, քանի որ ստեղծվեց միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն: Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթի երաժիշտները համերգից հետո ֆրանսիացի երիտասարդներին խորհրդանշական կապույտ եւ կարմիր ժապավեններով համատեղ համերգի ցուցապաստառները նվիրեցին: CIEM նվագախմբի ներկայացուցիչները «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթին հրավիրեցին ելույթ ունենալ նաեւ Վիենի եկեղեցիներից մեկում:
Նարեկացի արվեստի կենտրոնում կայացած համերգից հետո նվագախմբերը համերգ ունեցան նաեւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց համատեղ ելույթը:
Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Ֆաբիեն Նեյրաթն իր խոսքում ողջունեց նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն ընդգծելու ու դրա 20-ամյակը նշելու ավելի լավ տարբերակ չէր կարող լինել:
Նա նաեւ հայտնեց, որ գիտի` Նարեկացի ժողնվագարանների համույթը մեկնելու է Ֆրանսիա` համերգներ ունենալու: Այդ կապակցությամբ նա «Նարեկացի» ժողնվագարանների բոլոր երաժիշտներին հրավիրեց Ֆրանսիա:
Վերջիններիս Վիենի հայ մշակույթի տան տնօրեն Պատրիկ Չոբոյանն իր հերթին հրավիրեց Վիեն` CIEM-ի հետ միասին համերգ ունենալու:
Հարկ է նշել, որ այս համերգներն ու համագործակցությունը չէին կայանա, եթե չլինեին «Ադաջո» երաժշտական-մշակութային ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանի համառ ջանքերն ու մեծ ցանկությունը:
Հենց նրա շնորհիվ կապ հաստատվեց Գորիսի, Վիենի եւ Նարեկացի արվեստի միության միջեւ:
«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում CIEM-ին ձեր հարգանքի, վերաբերմունքի համար, որ ցուցաբերեցիք մեր մշակույթի ու երգարվեստի հանդեպ: Անչափ զգացված ենք, որ այսպես լավ կարողացաք ներկայացնել հայ երգը, զգացված ենք նաեւ հրավերի համար: Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան համերգների կայացման ու հետագա համագործակցության համար»,-իր խոսքում ասաց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Համերգի վերջում Նարեկացի ժողովրդական նվագարանների պատանիներն իրենց նուռիկերով վզնոցները / ՆԱՄ լոգոյով/ նվիրեցին CIEM-ի պատանիներին: Վերջիններս իրենց հերթին մեկական վերնաշապիկ / վրան գրված CIEM/ նվիրեցին հայ երաժիշտներին` որպես հիշատակ:
Հրաժեշտ տալիս երիտասարդ երաժիշտները հույս հայտնեցին կրկին հանդիպել` այս անգամ արդեն Ֆրանսիայում:
Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն






Facebook
Tweet This
Email This Post
