Նոր գիրք. ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունների վերջին քսան տարվա պատումությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 11, 2010 16:09

Քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանն ու Սերգեյ Մինասյանը հրատարակել են մի գրքուկ, որտեղ ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ընթացքը 1991-2010թթ. հունվարը:

ՀՀ ԳԱԱ տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ գրքույկում զետեղված է նյութեր, որտեղ հայ-թուրքական հարաբերությունների երկկողմանի խոչընդոտների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների անալիզի հիման վրա փորձ է արված հասկանալ պրոցեսի տրամաբանությունը: «Գիքրը հավասարապես կարող է օգտակար լինել և ընթերցողների, և փորձագետների համար,- ասաց Սաֆրաստյանը,- այն կօգնի հասկանալ նաև ինքներս մեզ»:

Գրքում ավելի մեծ ուշադրություն է հատկացված 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո սկսված զարգացումներին: «Պաշտոնական Երևանի կողմից ձեռնարկած հայ-թուրքական մերձեցումը (որը պաշտոնապես անվանվեց ֆուտբոլային դիվանագիտություն) իրական զարգացում ապրեց 2008թ. օգոստոսյան ճգնաժամից հետո: 2008թ օգոսոտոսի 8-ի գիշերն սկսված ռուս-վրացական 5-օրյա պատերազմը փոխեց տարածաշրջանային ենթատեքստը և ստղծեց նոր քաղաքական իրավիճակ»,-ասվում է գրքում:

Գրքում տրվում է Թուրքիայի` որպես խորքային պետություն հասկացության սահմանումը. «Խորքային պետություն ասելով պետք է հասկանալ երկրի զինվորական, տնտեսական, քաղաքական և կրոնական էլիտաներում ոչ ֆորմալ սոցիալական խմբերի առկայություն, որը պատրաստ է իր վրա վերցնել պետության ճակատագրի պատասխանատվությունը և իրեն ընկալում է որպես նրա հիմնական պահպանող»:

Ըստ Իսկանդարյանի` ճիշտ չէ այն մոտեցումը, որ Հայաստանը կարող է դադարեցնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը: «Սփյուռքը այդ հարցում ակտիվ գործունեություն էր ծավալում դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր ՍՍՀՄ կազմում: Եվ գոյություն չունի այդպիսի մի «կոճակ», որի վրա սեղմելով կարելի է դադարեցնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը»,- գրքի շնորհանդեսին ասաց Իսկանդարյանը:

Նա ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի «շարժիչը» Միացյալ Նահանգներն են: «Ռուսաստանի ազդեցությունն այնքան էլ ակտիվ չէ,- ասում է Իսկանդարյանը,- բայց ես այնպիսի տպավորություն ունեմ, որ եթե նա չուզենար. գործընթացը չէր լինի»:

Իսկ Մինասյանն էլ հավելեց, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն տարածաշրջանում կոնկրետ հարցի շուրջ չունեն որևէ տարաձայնություն և հետևում են նույն քաղաքական կուրսին:

Իսկանդարյանն ասաց, որ հայ-թուրքական գործընթացը սառեցրել է ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ որևէ զարգացումների հնարավորությունները: «Իսկ դրա վերաբերյալ խոսակցությունները հայ-թուրքական գործընթացի զարգացման համար ծառայում են որպես ֆոն»:

Գրքույկը տպագրված է ռուսերեն լեզվով: Առաջիկայում այն կթարգմանվի նաև անգլերեն:

Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply