Որսը արգելելով բնությանը օգուտ չես տա. Էդուարդ Սարիբեկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2012 13:59

Որսը արգելելով բնությանը օգուտ չես տա: Այս կարծիքին է “Օրինական որսի ակումբ” ՀԿ-ի նախագահ Էդուարդ Սարիբեկյանը, որը  այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց որսի անցկացման հարցում տեղի ունեցող օրինախախտությունների ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Ըստ Սարիբեկյանի` Հայաստանը որսի համար նախատեսված կենդանիներով շատ հարուստ չէ, ու որսորդական կուլտուրան էլ այդքան լավ զարգացած չէ մեր երկրում այնպես, ինչպես օրինակ Հունգարիայում կամ Աֆրիկայի և  Հյուսիսային Ամերիկայի երկրներում:

“Մենք որսի կուլտուրա ունեինք շատ հին ժամանակներում` մինչև ուշ միջնադար, երբ եղել է պետականություն, որոշակի իշխանական տներ, որոնք սիրել են որս անել, դրանից հետո պատմական որոշ հանգամանքների հետևանքով այդ որսի կուլտուրան վերացել է` վերածվելով ավելի շատ նվաճողների կողմից դրսևորվող արտոնության, և մեզ` հայերիս մոտ դա  արմատավորվել է ավելի շատ որսագողության տեսքով, ինչն էլ շարունակվում է մինչ այժմ”,-ասաց բանախոսը` նշելով, որ Խորհրդային Միության տարիներին որոշակի փորձեր արվեցին որսի կուլտուրան վերականգնելու ուղղությանբ, որը սակայն, հետո կրկնին տարիներով հետընթաց ապրեց:

Է. Սարիբեկյանի գլխավորած Հկ-ն, որը վերջինիս խոսքով ոչ թե ՀԿ է, այլ հասարակական նախաձեռնություն է, ստեղծվել է իրենց հասու միջոցներով կրթել, դաստիարակաել ու ձևավորել մեր հասարակության մեջ որսի կուլտուրան, և, իհարկե, հնարավորին չափով պայքարել որսագողության դեմ:

Ինչ վերաբերում է որսագողությանը, ապա Սարիբեկյանի տեղեկացմամբ Հայաստանում կատարվում է հայկական մուֆլոնի խոշոր չափերի որսագողություն, ընդ որում` արտասահմանյան կազմակերպությունների ու անհատների կողմից:

“Անկախ”-ի այն հարցին, թե արդյո՞ք այս ամենն իր մեջ հայաստանյան որոշ կառույցների հետ բիզնես շահի  վրա հիմնված համագործակցության արդյունք չէ և ով է պատասխնատու նման անօրինականությունների համար, Է. Սարիբեկյանն ասաց, որ  այո, միանշանակ այստեղ բիզնես շահ գոյություն ունի և արտասահմանցիների կողմից նման որսի թույլտվությունն, ինչ խոսք, որևէ մեկի թույլտվությամբ է իրականանում, որը պետք է վերահսկի Բնապահպանության նախարարությունը: Իսկ ԲՆ-ն, ըստ բանախոսի, ի զորու չէ այս հարցում լուրջ վերահսկողություն սահմանել:

Իսկ թե, ի վերջո, որտեղ է թաքնված շան գլուխը, երբ ոչ նախարարությունն ի զորու լուծել այս խնդիրները, ոչ էլ մաքսային ծառայությունը, քանի որ այդ որսված մուֆլունները երկրի սահմաններից ինչ-որ կերպ դուրս են տարվում, Էդուարդ Սարիբեկյանը այս հարցին պատասխանեց հռետորական նույն հարցով. “Իսկապես, որտե՞ղ է թաքնված շան գլուխը”:

Ամեն դեպքում բանախոսը այս հարցի լուծումը տեսնում է հասարակական ակտիվության մեջ, քանզի, ըստ նրա, միայն նման ճանապարհով կարելի է որևէ արդյունքի հասնել, ինչպես, օրինակ, հասանք Թեղուտի կամ Թռչկանի համար մղվող պայքարում:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply