Վահե ավետյանի գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեական օրենսգրքերի բազմաթիվ կոպտագույն խախտումներով. փաստաբաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2012 14:49

“Հարսնաքարի” գործով Վահե Ավետյանի իրավահաջորդ փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը օգոստոսի 20-ին քսանից ավելի միջնորդություններ են ներկայացրել նախաքննություն իրականացնող մարմնին, սակայն միջնորդություն ստանալուց ընդամենը մի քանի ժամ անց քննիչ Ռուբեն Մկրտչյանը ամբողջությամբ մերժել է դրանք` փաստաբաններին փոստով ուղարկելով «ակնհայտորեն հիմնազուրկ» որոշումներ: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին վերոնշյալ փաստաբանները:

Տ. Եգորյանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե, ըստ իրենց, ինչ է իրականում կատարվել 2012 թ. հունիսի 17-ին “Հարսնաքար” ռեստորանային համալիում, ինչպես է ծեծի ենթարկվել Վահե Ավետյանն ու ինչպիսի վնասվածքներ է նա ստացել, որոնց արդյունքում էլ մահացել է զինվորական բժիշկը:

Ըստ Եգորյանի ներկայացրածի` գործի նյութերում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրվել է, որ Վահե Ավետյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որը հանգեցրել է նրա մահվան. “Մենք, չհամաձայնվելով այս հետևության հետ, ի թիվս այլ միջնորդությունների, պահանջել ենք նախաքննություն իրականացնող մարմնից նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն ու պարզել, թե արդյոք մենք գործ ունենք «տվյալ դեպքում մահվան հանգեցրած» վնասվածքների, թե ամեն դեպքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ: Սակայն, նախաքննության մարմինը մերժել է մեր միջնորդությունը”:

Փաստաբաններ Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը նշեցին, որ գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ կոպտագույն խախտումներով, սակայն վստահեցրին, որ իրենք պայքարելու են այս ապօրինությունների դեմ մինչև վերջ`  ներպետական և վերպետական բոլոր ատյաններում:

Տիգրան Եգորյանը մոտ օրերս պատրաստվում է հրապարակել բոլոր այն փաստաթղթերը, պայմանագրերն ու ցուցմունքների այն էջերը, որոնք ստորագրել են մեղադրյալները, որպեսզի հանրությունը ինքնուրույն համադրի ստորագրությունները ու տեսնի, թե ինչ տարբեր են դրանք:

Վահե Մակարյան

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply