Կպաշտպանվեն նաև դատախազի որդու իրավունքները

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 27, 2012 14:21

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում լրագրող Ռուբեն Գրդզելյանի և ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 5-ը:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ ամբաստանյալ Ա. Մանրիկյանին չի տրամադրվել մեղադրական եզրակացությունը, և նա չունի պաշտպան, հետաձգեց դատական նիստը, որպեսզի ամբաստանյալը հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված իրավունքներից:

Ըստ գործի նյութերի, 2012թ. մայիսի 12–ին ժամը 23–ի սահմաններում, ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, գտնվելով Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահաս երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ և վերջինս դժվարությամբ հաջողվել է խուսափել վրաերթից: Տեսնելով դա, Մ.Մանրիկյանը երեխաների ծնողներին հասցեագրված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Նրան հակադարձել է երեխաների հայրը` Ռուբեն Գրդզելյանը, ում Մ.Մանրիկյանը նկատած չի եղել: Այդ կապակցությամբ վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռ. Գրդզելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ. Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այդ պահին նրանց է մոտեցել Մ. Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, որն իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ. Գրդզելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

«Փաստինֆո»

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply