Ըստ Գրիգոր Ամալյանի՝ կեսգիշերից հետո պատմությունը կարելի է խեղել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | February 9, 2010 16:24

«Կեսգիշերից հետո պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը  թույլատրելի եմ համարում»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը` խոսելով հեռուստառադիոհաղորդումների չափորոշիչների` փետրվարի 4-ին հրապարակած նախագծի մասին:

Չափորոշիչների նախագիծը բաղկացած է 3 կետերից և 12 ենթակետերից:  Ըստ այս նախագծի՝մինչ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում  արգելվում է .«Արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական երևույթների ցուցադրումը:

Պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը,

Օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը, թմրամոլներին և հարբեցողներին նմանակելը և այլն»:

Իր  տեսակետը Ամալյանը հիմնավորում է նրանով, որ չափահասները լավ գիտեն ու ադեկվատ են ընկալում այն իրականությունը, որում   ապրում են:

Ինչ վերաբերում է մինչ կեսգիշերն ընկած ժամանակահատվածին, ապա այսուհետ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է որոշի հեռուստատեսությամբ ցուցադրվող որեւէ հաղորդում խեղաթյուրո՞ւմ է պատմական փաստերը, թե՞ ոչ: Ըստ Ամալյանի` նման սուբյեկտիվ որոշման համար գործելու է 8 հոգանոց կոլեգիալ մարմին. «Խոսքը, բնականաբար, չի վերաբերում գիտական քննարկումներին: Նման քննարկումների ժամանակ չի կարելի ասել, որ որեւէ կարծիք պատմական փաստի խեղաթյուրում է»:

Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց նաեւ, որ հեռուստառադիոհաղորդումների չափորոշիչները ուժի մեջ կմտնեն մոտավորապես մեկ ամսից ոչ ուշ, իսկ այդ ընթացքում տեղի կունենապետական գրանցման գործընթացը:  Ինչ վերաբերում է չափորոշիչների խախտման դեպքում պատժին, ապա, ըստ ՀՌԱՀ-ի նախագագահի` գործելու են պատժի հետեւյալ տեսակները. գրավոր նախազգուշացում, դրամական տույժ, կասեցում եւ վերջապես՝ լիցենզիայի դադարեցում:

Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply