Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից. կշռման արարողություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 25, 2012 9:36

Օգոստոսի 25-ին Բեռլինի “О2 World” արենայում տեղի է ունենալու Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը: Այսօր կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Ռոբերտ Շտիգլիցը` նույնպես 76.2 կգ:
Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 2 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Baden-Arena”-ում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Եվ երկրորդը` Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena”-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշեւսկուն (109 միավոր)` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 38 մենամարտ, որոնցից 35-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply