Գիտությու՞ն, թե «գիդ»-ություն

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 24, 2012 16:48

Մի քանի ամիս առաջ, նախընտրական շրջանում, ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը որտեղից որտեղ վերցրեց ու հանդես եկավ բոլոր քաղաքական կուսակցություններին ուղղված կոչով, որտեղ առաջարկվում էր նախընտրական ծրագրերում ներառել հետեւյալ կետը՝ «Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է անհապաղ կազմի Համախառն Ներքին Արդյունքի (ՀՆԱ) առնվազն 1 տոկոսը, հետագայում տարեկան 0.2 տոկոս աճի միտումով»։ Պա՛հ, անհապաղ: Անհապաղ պահանջի արդյունքում՝ ընտրություններին մասնակցող համարյա բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում տեղ գտան գիտության ֆինանսավորման ավելացում նախատեսող որոշ կետեր: Շատ չի, բայց ոչնչից գոնե լավ է։ Խոստումն էլ երևի մի բան արժի։ Հիմա տեսնենք խոսքատերերն ինչ են անելու։

ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կազմած ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի «Ժամանակին հարիր կրթություն եւ գիտություն» բաժնում էլ, «թարսի պես», հիմնական ուշադրությունը կրկին կենտրոնացված էր միայն կրթության վրա (դասագրքեր, հանրակացարաններ, ինտերնետ եւ այլն): Գիտությանը վերաբերվող միայն այսքան բան կա՝ «Բուհերում ուժեղացնելու ենք գիտահետազոտական բաղադրիչը, ներդնելու ենք գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն ենք դարձնելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»: Բայց սիրուն է, չէ՞՝ «գիտահետազոտական բաղադրիչ», «ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ», «առաջնային ուշադրություն»: Ախր կարգին երկրների փորձը ցույց է տալիս, ՊԳՖԱ-ն էլ հուշում է, որ գիտության ֆինանսավորման ամենաժամանակակից մեթոդը այն՝ այդ ֆինանասավորումը, եթե լավ՝ անհապաղ չէ, գոնե 2013 թ. հունվարի 1-ից, ՀՆԱ-ի 1 տոկոսին հասցնելն է: Դրանից հետո էն բաղադրիչն ուժեղացնելու ու առաջնային ուշադրության կարիք չի էլ լինի՝ կարելի է դանդաղ, տարեկան մի քիչ – մի քիչ, ՀՆԱ-ի 0.2 տոկոսի չափով աճեցնելով՝ հանգիստ, առանց առաջնային-բան, շարժվել առաջ:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պետությանը գիտություն հեչ պետք չէ: Նա իր ռեսուրսներն օգտագործում է մատաղ սերնդին կրթելու համար ու դրանից հետո ձեռքերը լվանում, մի կողմ է քաշվում: Տրամաբանորեն՝ կրթություն ստացածներից ամենաօժտվածները պետք է գնային գիտության ասպարեզ, սակայն, ներկայիս խղճուկ ֆինանսավորման պատճառով, նրանցից շատերն աշխատանք են փնտրում այլ ոլորտներում կամ, հնարավորության դեպքում, գիտությամբ զբաղվում են արտասահմաններում: Որպես հետեւանք, տարեցտարի աճում է գիտության ոլորտի աշխատողների միջին տարիքը եւ, այսպես շարունակվելու դեպքում, մի 10-15 տարի հետո պարզապես ստիպված կլինենք արձանագրել, որ Հայաստանում գիտությունը՝ վե-րա-ցե-լ է՛ (այս լուրն ավետիս չէ, իհարկե, բայց դե՝ արձանագրություն է – վերջերս բավական թվով արձանագրություններ են շրջանառվում՝ սովոր ենք): Եթե հաշվի առնենք, որ համարյա նույն վերաբերմունքն է ցուցաբերվում մշակույթի, արվեստի հանդեպ, ապա Հայաստանի ապագայի «տեսլականը» շատ մռայլ գույներով է ներկայանում: Այսպես որ շարունակվի՝ Հայաստանի բնակչության հիմնական մասը լինելու են լույսի, գազի, ջրի, օբյեկտների մարդիկ, տաքսիստներ, շուկայում կանգնողներ ու, քանի որ, «առաջնային ուշադրություն» է դարձվելու տուրիզմին՝ լիքը գիդեր: Ու էն ժամանակ ուրիշ կոչումներ են տալու ազգի երախտավորներին՝ «Ժողովրդական տաքսիստ», «Գիդության վաստակավոր գործիչ»… Ու էդ տաքսիստներն ու գիդերը էն ժամանակ էլ  մեզ ուրիշներին ներկայացնելիս, «թուրքերը մեզ կոտորել են» ասելուց հետո, էլի պիտի խոսեն մեր ազգի խելքի մասին, մեր գիտության ու մշակույթի մասին, որ Վիկտոր Համբարձումյանն ու Արամ Խաչատրյանը հայ են:  Մի քիչ «պրոդվինուտիները» ցավով ասելու են, որ թուրքերն սկզբից մտավորականությանը վերացրին կամ էլ, որ մերոնք չգիտեին, որ եթե գիտությանը ՀՆԱ-ի 1 տոկոսից պակաս են հատկացնում՝ այն երկրի տնտեսության վրա ազդեցություն չի գործում ու կամաց-կամաց վերանում է:

Ս.թ. հուլիսի 20-ին, տեղի ունեցած գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային եւ պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստից հետո հայտարարվեց, որ նախատեսվում է 2013 թ. ՀՀ պետական բյուջեից գիտությանը տրամադրվող ֆինանսավորումն ավելացնել շուրջ 10 տոկոսով: Մեզ եւ ձեզ մեծ ավետիս: Այսինքն՝ կառավարությունում գտնում են, որ 2013 թ. «հարիր» գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում պետք է կազմի մոտ 26-27 մլն ԱՄՆ դոլար: Տեղեկացնեմ, որ ոչ-աստղային մակարդակ ունեցող խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչին ձեռք բերելու համար Մադրիդի Ռեալը պատրաստ է վճարել 32 մլն դոլար, բայց սա ուրիշ թեմա է՝ կարելի է անդրադառնալ առանձին: Մեր մայր ԲՈՒՀ-ի ռեկտորն էլ ասում է՝ «ԵՊՀ-ն պետք է չդժգոհի գիտության ֆինանսավորումից»: Հա, բա ո՞նց։ Ի՞նչ դժգոհել, ի՞նչ իրավունքով դժգոհել։ Հակառակը՝ հարգելի 30-50 հազար դրամ ստացող գիտնական, դու պետք է երախտիքի խորը զգացումով նստես ու գլուխդ կոտրելով մի ճար հնարես, թե 2013 թ.–ից սկսած ոնց վարվես այն հավելյալ 3-ից 5 հազարի հետ, որ այդ 10 տոկոսը քեզ տալու է: Երեւի՝ բանկ գցես, հա՞:

Շուտով ԱԺ պատգամավորները կվերադառնան վաստակած հանգստից եւ ձեռնամուխ կլինեն օրինաստեղծ գործունեության: Հեռու չէ եւ այն օրը, երբ կսկսվեն 2013 թ. բյուջետային քննարկումները:

Իսկ ինչպե՞ս են պատրաստվում կյանքի կոչել իրենց ծրագրերում ներառված գիտության ֆինանսավորման ավելացման կետը խորհրդարանում ներկայացված  քաղաքական ուժերը՝ կառավարության հայտարարած 10 տոկոս ավելացման խոստումից հետո: Օրինակ՝ Բարգավաճը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է.

-Ֆինանսավորումն ավելացնելը շատ տրամաբանական կլինի, որովհետեւ գիտության եւ կրթության ոլորտին այն խայտառակ հատկացումների, այդ գրեթե զրոյական հատկացումների դեպքում խոսել գիտելիքահենք տնտեսության, խոսել գիտության եւ կրթության զարգացման մասին ուղղակի զավեշտ է եւ ես ուզում եմ հիշեցնել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրում մենք որպես կարեւոր գերակայություն արձանագրել էինք գիտության եւ կրթության բյուջետային հատկացումների լուրջ աճ: Այն, որ մեր կառավարության տարբեր անդամներ հայտարարություններ են անում, որ մեր տնտեսությունը պիտի զարգանա գիտության հենքի վրա, որ մեր ապագան սա է՝ բացարձակ համարժեք եւ ադեկվատ չեն իրականությանը, քանի որ մենք տեսնում ենք արդյունքը, մենք տեսնում ենք պատկերը, թե ընդամենը քանի տոկոս հատկացումներ է անում բյուջեից: 2013 թ.-ի բյուջեի քննարկումների ժամանակ մենք անպայմանորեն, որպես գերակայություն, Բարգավաճ Հայաստան խմբակցության կողմից առաջարկելու ենք գիտության եւ կրթության բյուջետային ֆինանսավորման զգալի ավելացում:

Խնդրեմ՝ այստեղ կարեւորն այն է, որ ԲՀԿ-ում արդեն կարեւորում են գիտության ֆինանսավորման շուտափույթ ավելացման անհրաժեշտությունը, թե չէ կգրեի, որ իրենց՝ կոալիցիայում եղած ժամանակ էլ մի բան չէր:

 

Հ.Գ. Երեկոյան տուն վերադառնալիս ապագա ժողովրդական արտիստ, չէ,չէ՝ ապագա ժողովրդական տաքսիստ Սլավիկն ասաց, որ քիչ առաջ ինտերնետում էր, ու հայտնեց, որ Մոդրիչը ժամանել է Մադրիդ: Մոդրիչը հեչ է՜, Սլավիկն ուղեւորի սպասելիս մեկ-մեկ ինտերնետ է մտնում հեռախոսով: Դե արի ու մի հավատա, երբ վարչապետն ասում է, որ ՏՏ, հեռահաղորդակցության ոլորտներում ռեգիոնում առաջատարը մենք ենք: 3G-ն ա մի քիչ թանկոտ, բայց թող էդ մասին արդեն Սլավիկը մտածի…

 

Ստեփան Գյոզալյան

Դիտվել է 4345 անգամ:
Print Friendly

Leave a Reply