Ո՞ր մարմիններին դիմել քաղաքացու իրավունքների խախտման մասին իրազեկման համար, որոնք պարունակում են հանցակազմի հատկանիշներ

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | August 30, 2012 7:06

Այդպիսի դեպքերում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, անհրաժեշտ է դիմել քրեական գործ հարուցելու պարտականություն կրող մարմիններին կամ պաշտոնատար անձանց: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի ուժով քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը (կախված է նրանից, թե այդ մարմիններից որն է ստանում հանցագործության մասին հաղորդումը) իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են քրեական գործ հարուցել:

Քրեական գործ հարուցելու առիթներն են`

1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին,

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները,

3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս:

Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր: Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն:

Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի և ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկման աղբյուրը, ինչպես նաև տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ` նրա անձի մասին տեղեկությունները ստուգելու համար: Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, որը հաստատում է իր ստորագրությամբ:

Արձանագրությունը ստորագրում են դիմողը և հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը: Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ:

Իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:

Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, և հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ,նշանակվել փորձաքննություն:

Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.

1) քրեական գործ հարուցելու մասին,

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին,

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply