Հակաբիոտիկները` իմունասպան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 29, 2012 7:00

Հակաբիոտիկներն ակտիվ նյութեր են, որոնք ճնշում են բակտերիաների աճը: Առաջին հակաբիոտիկը եղել է պենիցիլինը, որը 1929-ին բորբոսասնկերից առանձնացրել է անգլիացի միկրոկենսաբան Ֆլեմինգը: Այդ հայտնագործությունը պատահականության արդյունք էր: Մի անգամ Ալեքսանդր Ֆլեմինգը ստաֆիլակոկով փորձանոթը մի քանի օր անուշադրության է մատնում, որում, բնականաբար, այսօր արդեն մեզ հայտնի   բորբոսասնկերի մի ամբողջ գաղութ է աճում ու սկսում քայքայել բակտերիաները: Դրանից  էլ Ֆլեմինգն անջատեց ակտիվ նյութը` պենիցիլինը: 1945-ին արդեն աշխարհին հայտնի էին 6 տեսակ հակաբիոտիկներ, այսօր այդ թիվը տասնյակներով է հաշվվում:

Հակաբիոտիկները հակասեպտիկներից տարբերվում են   ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, ինչպես նաև միջմկանային ու ներերակային  կիրառմամբ:

Այսօր հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից բժշկությունն առանց հակաբիոտիկների: Եվ, ինչպես լինում է սովորաբար, հակաբիոտիկների շուրջ բազում լեգենդներ են հյուսվել, շատ մարդիկ կարծում են, որ հակաբիոտիկը դարման է բոլոր հիվանդությունների դեպքում:

Հակաբիոտիկ դեղորայքն անփոխարինելի միջոց  է, միլիոնավոր մարդկանց փրկության միակ հույսը: Սակայն վերջին տասնամյակի ընթացքում այն սկսել են չարաշահել: Օրինակ` ավանդական բժշկության մասնագետները հաճախ  հակաբիոտիկ են նշանակում այն դեպքում, երբ հիվանդությունը կարելի է  բուժել այլ տարբերակներով, կամ հակաբիոտիկ են նշանակում այն հիվանդությունների դեպքում, որոնք ընդհանրապես այդ դեղամիջոցներով չեն բուժվում, ինչպիսիք են վիրուսային հիվանդությունները: Նման չարաշահումը կարող է հանգեցնել  հակաբիոտիկների նկատմամբ կայուն  մանրէների մուտացիայի ու հիվանդությունների նորանոր դրսևորումների:

Ուստի, հակաբիոտիկ դեղամիջոցներ պետք է կիրառել միայն  ծայրահեղ դեպքերում, ասենք, եթե այլ դեղորայք օգուտ չի տալիս: Նման դեղորայքն օրգանիզմի համար ծանր  նյութեր է պարունակում, որոնք ոչնչացնում են ոչ միայն վտանգավոր միկրոօրգանիզմները, այլև օգտակարները: Մարդու օրգանիզմը առողջության համար կարևոր  բազում մանրէների բնական միջավայր է համարվում: Հայտնի է, որ աղեստամոքսային տրակտում բազում մանրէներ ու սնկեր են բնակվում, առանց դրանց չի կարող նորմալ, կանոնավոր մարսողություն կատարվել: Դրանք նպաստում են սննդի մարսմանն ու օգտակար նյութերի յուրացմանը:

Որոշակի մանրէներ կարգավորում են աղիքներում խմորիչների քանակը:  Խմորիչները (խմորասնկերը) անհրաժեշտ են աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքի համար: Հիվանդածին մանրէները սպանելով` հակաբիոտիկները սպանում են նաև օրգանիզմի առողջությանն անհրաժեշտ միկրոօրգանիզմներ: Դա հանգեցնում է  օրգանիզմում որոշ համակարգերի աշխատանքի խախտման: Ասվածը հատկապես վերաբերում է աղիքային տրակտին: Իսկ աղիքների աշխատանքի խախտումը հանգեցնում է  բոլոր օրգան համակարգերի թուլացման և ի վերջո դառնում ընդհանուր վիճակի վատթարացման պատճառ: Եթե հակաբիոտիկները ոչնչացնում են այն միկրոօրգանիզմները, որոնք կարգավորում են աղիքային խմորիչների պոպուլյացիան, ապա դա հանգեցնում է խմորասնկերի քանակի ավելացման: Իսկ դա նշանակում է, որ դրանք կարող են դուրս գալ աղիքների սահմանից ու հայտնվել օրգանիզմի  այլ մասերում: Մարդու իմունիտետն իսկույն արձագանքում է  սնկերի «անպատեհ» տեղում հայտնվելուն ու սկսում  պայքարել դրանց դեմ: Այս պայքարում իմունային համակարգին դիմադրելու նպատակով  սնկերը հատուկ ֆերմենտներ են արտադրում, որոնք բացասական ազդեցություն են ունենում իմունիտետի վրա և բացի այդ, օրգանիզմում  ստեղծում են հորմոնային անհավասարակշռություն` հանգեցնելով կարևորագույն պրոցեսների խախտման: Ի վերջո, իմունային համակարգը սպանում է սնկերին: Սակայն դրանցից հետո օրգանիզմում օտարածին մարմիններ են մնում, որոնք գրգռում են իմունային համակարգը:

Այսպիսով, խախտելով ու քայքայելով իմունային համակարգը, այն միաժամանակ իրենից հետո քայքայման արգասիքներ թողնելով, մշտական լարվածության մեջ է պահում  նրան: Երբ խմորասնկերը թափանցում են աղիքի պատից, դրանք մասնակիորեն քայքայում են աղիքը, ինչի հետևանքով օրգանիզմի խոռոչում հայտնվում են վտանգավոր նյութեր: Այդ երևույթը կոչվում է «աղիքների բարձր թափանցելիություն»: Հիմնականում աղիքի պատից թափանցում են չմարսված սպիտակուցները: Իմունային համակարգը, հայտնաբերելով այդ նյութերը, սկսում է  պայքարել դրանց դեմ, դրա հետևանքով ալերգիկ երևույթներ են առաջանում որոշակի մթերքների դեպքում, այս երևույթները, բնականաբար,  չեն վերաբերում առողջ աղիքային տրակտին:

Օգտակար նյութերի մահացումը հանգեցնում է  բացասական հետևանքների. հորմոնալ հավասարակշռության խանգարման, աղիքային թափանցելիության բարձրացման, որոշակի սննդատեսակների նկատմամբ իմունային համակարգի մշտական ռեակցիայի: Իսկ ալերգիայի պարբերական դրսևորումը հանգեցնում է իմունային համակարգի թուլացման ու նա սկսում է դժվարությամբ պայքարել միկրոօրգանիզմների դեմ, որոնք ավելի վաղ վտանգ չեն ներկայացրել: Ի վերջո, իմունային համակարգի աշխատանքն այնքան է  խանգարվում, որ  այլևս չի կարողանում վտանգավորն օգտակարից տարբերել ու սկսում է  սեփական բջիջների դեմ պայքարը: Ընդ որում, կարող են այնպիսի աուտոիմունային  հիվանդություններ առաջանալ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, կարմիր գայլախտը: Այդ սցենարով են զարգանում այն հիվանդությունները, որոնք վերջին շրջանում լայն տարածում են գտնում (ալերգիկ հիվանդություններ, իմունադեֆիցիտ, աուտոիմունային և  վիրուսային հիվանդություններ): Նման կերպ է զարգանում էնդոմետրիոզը, իմունաբանական անպտղությունը, ինչպես և տարբեր ուռուցքային հիվանդություններ: Տեղեկանալով այդ սցենարի մասին` կարելի է  խուսափել մի շարք մանկական հիվանդությունները հակաբիոտիկներով բուժելու հետևանքներից, այդպիսիք են քրոնիկ ականջաբորբը, կոկորդաբորբը, զանազան ալերգիաները, այդ թվում և ալերգիկ ասթման: Ինֆեկցիոն հիվանդագին վիճակներն օրգանիզմում բորբոքումների տեսքով են դրսևորվում:

Ամերիկայում մանկական կլինիկաներում հակաբիոտիկներ նշանակում են միայն այն  դեպքում, եթե  ունեն անհերքելի ապացույցներ, որ հիվանդությունն այլ կերպ բուժելն անհնար է:

Հակաբիոտիկներն անզոր են վարակների դեպքում: Դրանցով հնարավոր չէ բուժել գրիպը, ջրծաղիկը կամ հերպեսը: Հակաբիոտիկներ կարելի է ընդունել միմիայն բժշկի նշանակմամբ: Չի կարելի ինքնակամ հակաբիոտիկների բուժում անցնել կամ հակաբիոտիկներով բուժման կուրսն առանց բժշկի հրահանգի դադարեցնել: Հակաբիոտիկներ նշանակելիս պետք է հաշվի առնել տվյալ մարդու ալերգիկ հակումները: Իսկ դրանցից ամենավտանգավորը հայտնաբերելու համար պետք է հակամարմինների անալիզ հանձնել:

Ի դեպ, հակաբիոտիկների հայտնաբերումից հետո որոշ ժամանակ չէին կարողանում դրանց հարմար անուն ընտրել:

Որոշ մարդկանց օրգանիզմը կարողանում է դիմադրել հակաբիոտիկների  ներգործությանը: Նման ունակությունը կոչվում է հակաբիոտիկային անընկալունակություն:

Դիտվել է 4312 անգամ:
Print Friendly

Leave a Reply