Ձմեռը գեղեցիկ է, բայց վտանգավոր մաշկի համար

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | February 18, 2010 11:51

Ձմեռն ու ձյունը հմայիչ են միայն ռոմանտիկ տեսանկյունից. իսկ մաշկի համար դրանք
իսկական չարիք են:

Ըստ մասնագետների, ձմռանը օդի մեջ նվազում է թթվածնի քանակը, կտրուկ փոխվում է խոնավությունը: Դեմքի մաշկն առաջինն է զգում այդ փոփոխությունների բացասական ազդեցությունը: Չոր ու սառը օդը վերցնում է մաշկի խոնավությունը` ջրազրկելով այն: Մաշկի վերին շերտը հաստանում է` պաշտպանական ֆունկցիա կատարելու նպատակով, որի հետևանքով մաշկը նաև կոպտանում է, կորցնում հարթությունը:

Ձմռանը ավելի շատ տուժում է զգայուն մաշկը, ուստի այդ տիպի մաշկ ունեցողներին բժիշկ-մաշկաբանները խորհուրդ են տալիս առավել մեծ խնամք ցուցաբերել:

«Ձմռանը պետք է օգտագործել հատուկ ձմեռային քսուքներ, որոնք պարունակում են բնական հատուկ խոնավեցնող բաղադրիչներ,-ասում է մաշկաբան Արևիկ Բեկնազարյանը,-քսուքը դեմքին պետք է քսել տնից դուրս գալուց 25-30 րոպե առաջ, որպեսզի քսուքի մեջ եղած ջրային մասը հասցնի ամբողջությամբ ներծծվել: Խորհուրդ չի տրվում ձմռանը մաշկը լվանալ սառը ջրով. փոխարենը կարելի է օգտագործել կաթիկ, տոնիկ կամ էլ գոլ ջուր»:

Մաշկաբանի խոսքով, ձմռանը խորհուրդ է տրվում դեմքը լվանալ նաև թորած ջրով (1լ եռացրած ջուր, 1/4 թեյի գդալ սոդա):
«Զգայուն մաշկ ունեցողները կարող են դեմքը լվանալ կաթնային ջրով` եռացրած ջուր, կիսով չափ կաթ,-խորհուրդ է տալիս մաշկաբանը,-դա հանգստացնում և խոնավեցնում է մաշկը: Օգտակար է նաև երիցուկի թուրմով դիմակը: Հարկավոր է մաքրել կոսմետիկան և դեմքին դնել երիցուկի թուրմի մեջ թրջած թանզիֆ (մառլյա): Թուրմի ջերմաստիճանը պետք է մի փոքր տաք լինի մարմնի ջերմաստիճանից: Դիմակը թողնել այնքան, մինչև սառչի: Պրոցեդուրան կարելի է կրկնել ամեն երեկո»:

Բժիշկներն ապացուցել են, որ դիմակների և ընդհանրապես կոսմետիկ խնամքի լավագույն ժամանակը երեկոյան 9-ից 11-ն ընկած հատվածն է. այդ ժամանակ մաշկի կլանիչ հատկությունը հասնում է իր բարձրակետին, և մաշկը խորությամբ վերցնում է այն, ինչ տրվում է իրեն:

Ձմռանն ԱՆՀՐԱԺԵՇՏ Է.

• Տնից դուրս գալուց կես կամ մեկ ժամ առաջ մաշկը պատել պաշտպանիչ քսուքով կամ օգտագործել տոնային քսուք` վրայից դիմափոշի: Դա թույլ կտա մաշկին ազատ շնչել` միաժամանակ պաշտպանել այն ցրտից:

• շատ վիտամիններ ընդունել` ամռան ու աշնան վիտամինային հարուստ պաշարի պակասորդը լրացնելով, թեկուզ, վիտամինային հաբերով:

• Եթե գտնվում եք այնպիսի վայրում, որտեղ ցրտի հետ միասին նաև արև կա, ապա պետք է առավել զգույշ լինել` մաշկը պաշտպանելով նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

• մաշկն ավելի հաճախ սնուցել դիմակներով: Շաբաթը մեկ անգամ մաշկն ազատեք ավելորդ եղջրաթաղանթից` սկրաբի միջոցով, իսկ շաբաթական երկու-երեք անգամ խոնավեցնող դիմակ դրեք:

Սակայն ձմեռը մաշկի համար ունի մեկ կարևոր առավելություն. տարվա այդ սեզոնն է ամենահարմարը` լուրջ կոսմետիկ պրոցեդուրաներ կատարելու համար` խորը պիլինգ, քիմիական պիլինգ, մեզոթերապիա, օզոնաթերապիա և այլն:

Դիտվել է 2622 անգամ:
Print Friendly

Leave a Reply