Գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվում. գյուղնախարար
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 24, 2012 14:39
Գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է: Վերջինս կարևոր տեղ ունի երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման և մակրոտնտեսական վիճակի բարելավման գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` նախարարության ուշադրությունը սևեռված է գյուղատնտեսական արտադրանքների իրացման հարցերին, և չնայած դժվարություններին, նախարարությանը հաջողվում է ընդհանուր առմամբ բերքի իրացման խնդիրները լուծել:
“Բոլորիս հայտնի է, որ գյուղատնտեսության զարգացումն անմիջականորեն կապված է վերամշակող ճյուղի աշխատանքից և դրա զարգացման մակարդակից, մենք ունենք լավ վերամշակող ձեռնարկություններ, բայց, իհարկե, կարելի է ասել, որ որոշակի դժվարություներ կան այդ ուղղությամբ”,- ասաց նախարարն ու հավելեց, որ որոշ ձեռնարկություններ ֆինանսական միջոցների պատճառով այսօր դեռևս չեն աշխատում, բայց դա չի խանգարում, որ ամբողջ հանրապետությունում իրականացվի ինչպես պտղի, այնպես էլ բանջարեղենի մթերման աշխատանքները, և դաշտերում ոչ մի բերք չմնա:
Ս. Կարապեըյանը նշեց, որ Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի անցած ամիսներին նկատելի են էական դրական տեղաշարժեր:
Ըստ նախարարի հրապարակած ցուցանիշների` 2011 թվականի տվյալներով գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 825.2 մլրդ դրամ, ընդ որում բուսաբուծության ճյուղի մասնաբաժինը` 55.3 % է, իսկ անասնապահությանը` 44.7 %:
“Գյուղատնտեսական ծագման արտադրատեսկաները կարևոր տեղ ունեն երկրի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավման գործում: Կարևորվում են հատկապես գյուղատնտեսության հիմնական ռեսուրսի` հողային ռեսուրսի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը, մասնավորապես` ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում: Ընթացիկ տարում ցանքատարածությունները գերազանցում են 2011թ. մակարդակը 16.9 հազ. հա-ով”,-իր խոսքում նշեց գյուղնախարարը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
