Սնանկության կառավարիչները ՀՀ ԱՆ աշխատակիցներ չեն

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 24, 2012 13:56

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզել է, որ սնանկության գործերի վարման ընթացքում սնանկության գործերով որոշ կառավարիչներ իրենց գրագրության ժամանակ օգտագործում են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթեր (ՀՀ զինանշանով, «ՀՀ արդարադատության նախարարություն» վերտառությամբ և այլ): Սնանկության գործերով կառավարիչներն իրավասու չեն պատրաստել և օգտագործել վերը նշված ձևաթղթերը: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությանը տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նույն տեղեկատվության համաձայն՝ սնանկության կառավարիչները ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ չեն, իսկ նախարարությունն էլ իր հերթին պատասխանատվություն չի կրում սնանկության կառավարչի գործողությունից կամ անգործությունից առաջացած վնասների համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կառավարիչ կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր»։

«Այսինքն, սնանկության կառավարչի պաշտոնում նշանակվելու համար անձը նախ պետք է ՀՀ արդարադատության նախարարությունում անցնի համապատասխան ստուգում և ստանա որակավորում, այնուհետև դառնա կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ և ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև հնարավոր տարակարծություններից և թյուրիմացություններից խուսափելու նպատակով՝ նախարարությունն առաջարկում է սնանկության կառավարիչներին իրենց գործունեության ընթացքում չօգտագործել ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթերը»,- տեղեկացնում են նախարարությունից:

«Փաստինֆո»

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply