Մենք ավելի քան քսանվեց արգելավայրեր ունենք, որոնց տեղերը նույնիսկ չգիտենք. Արսեն Գասպարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 23, 2012 16:38

Օգոստոսի 28-ին տեղի կունենա  բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ նոր օրինագծի բացերի ու թերությունների մասին քննարկում, որի առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը:

Արսեն Գասպարյանի խոսքով օրենքը նախապատրաստվել է` հիմվելով Բնության միջազգային կազմակերպության ստանդարտների և ուղեցույցների վրա, ուստի դրա հետ կապված  կան որոշակի հարցեր. “Նախ ընդհանուր  առմամբ ճանաչողական զբոսաշրջությունը` էկոտուրիզմը, շատ կարևոր է և կարող է ներդրում ունենալ հատուկ պահպանվող տարածքներում: Իսկ ինչ վերաբերում է արգելոցներին, ապա այնտեղ ճանաչողական զբոսաշրջությունն այնքան էլ նպատակահարմար չենք գտնում, որ պետք է զարգանա, որովհետև նախ սահմանված չէ օրենքում, թե ինչ ասել է ճանաչողական զբոսաշրջություն, ինչ են դրա տակ տեսնում այդ օրենքը կազմողները, քանի որ նույն այդ Բնության միջազգային կազմակերպության ուղեցույցում նշվում է, որ նման տարածքներում մասսայական տուրիզմն ուղղակի արգելված է և սահմանափակ ”:

Գասպարյանը հակասություններ ու թերություններ է տեսնում նաև հատուկ պահպանվող տարածքներում հանքարդյունաբերության իրականացման վերաբերյալ օրենքի հետ կապված. “Հիմնական խնդիրը ազգային պարկերին է վերաբերում: Այնտեղ հստակ նշվում է, որ արգելվում է բաց եղանակով հանքի շահագործումը և պայթեցումները, սակայն փակ եղանակով շահագործման մասին նշված չէ: Այստեղից մենք եզրակացնում ենք, որ հնարավոր է փակ եղանակով հանքի շահագործում”:

Ըստ Գասպարյանի` մենք ավելի քան  քսանվեց արգելավայրեր ունենք, սակայն պատասխանատուներից շատերը նույնիսկ դրանց տեղերը չգիտեն, չկա ցուցանակ, չկան քարտեզներ. “Բնապահպաններն առաջարկում են, որպեսզի ամբողջը մի լիազոր մարմնի պատասխանատվության ներքո լինի և ձկնորսությունը, որսորդությունն արգելվի: Նշենք, որ մենք ունենք երեք արգելավայր և 4 ազգային պարկ”:

Բանախոսը համոզված է, որ նման տարածքների պահպանության համար գումարներ են անհրաժեշտ, քանզի մեկ երկու տեսուչներով, որոնք, ի դեպ, ստանում են ընդամենը 30-40 հազար դրամ աշխատավարձ, հնարավոր չէ պատշաճ ձևով հսկել  արգելոցների ու արգելավայրերի տարածքները:

Սիլվա Ադամյանն էլ հստակեցրեց, թե որն է արգելոցի և արգելավայրի տարբերությունը: Ըստ նրա`արգելոցը միանգամայան փակ տարածք է մարդու գործունեության համար, այնտեղ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է, միայն կարող են գիտաշխատողները մուտք գործել` հետազոտություններ և մոնիթորինգ իրականացնելու նպատակով, իսկ արգելավայրն ավելի հասանելի տարածք է մարդկանց համար: Բանախոսը նաև ավելացրեց, որ արգելոցների վերաբերյլա միջազգային նորմերն ու օրենքները խախտվում են, և նման տարածքներում գործող պահապանները շատ դեպքերում ուղղակի ի վիճակի չեն կանգնեցնելու կամ արգելելու մարդկանց ներխուժումը հատուրկ պահպանվող տարածքներ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1897 անգամ:
Print Friendly

Leave a Reply