Ստամբուլում` կրկին հերոսանալու խնդիր

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 26, 2012 7:00

Շախմատն առայժմ օլիմպիական մարզաձև չէ, այդ է պատճառը, որ ավարտված «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում շախմատիստներ չկային, սակայն իմաստուն խաղի նեկայացուցիչներն իրենք էլ ունեն ստուգատես` Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որը պակաս հետաքրքրություն չի առաջացնում:

Այդուհանդերձ, երկար ժամանակ է` խոսակցություններ կան, որ շախմատը ևս օլիմպիական գրանցում ստանա, բայց առայժմ ոչինչ չի ստացվում: Հույսն այն է, որ շախմատը գոնե ներգրավվի ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում: Թերևս դա իրատեսական է:

Հիրավի հինավուրց խաղն աշխարհում մեծ մասսայականություն է վայելում և պարբերաբար կազմակերպվում են Շախմատի համաշխարհային օլիմպիադաներ: Եվ ահա հերթականը կայանալու է օգոստոսի 27-ից մինչ սեպտեմբերի10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

Հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաջող է հանդես գալիս այս ստուգատեսում և նախկինում երկու անգամ  դարձել է հաղթող.  2006-ին Թուրինում և 2008-ին` Դրեզդենում: Ի դեպ, մեր  հաջողակ թիմերի անդամներին երբեմն սխալմամբ կոչում են օլիմպիական խաղերի չեմպիոններ, սակայն  Շախմատի համաշխարհային օլիմպիադան էականորեն տարբերվում է օլիմպիական խաղերից: Այնպես որ օլիմպիական խաղերի չեմպիոն շախմատիստներ չունենք:

Հայաստանի ներկայացուցիչները փորձելու են հերոսանալ Ստամբուլում:

Մեր երկրի խաղացողները նախապատրաստվում են: Այս օրերին Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները եզրափակիչ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում  Ծաղկաձորում:

Տղամարդկանց թիմում են Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան  Պետրոսյանը: Մարզիչն է գրոսմայստեր  Արշակ Պետրոսյանը: Կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը: Մարզիչն է  գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը:

Հայաստանի տղամարդկանց  հավաքականից սպասելիքները մեծ են, սակայն այս անգամ էլ կփորձեն մերոնց չեմպիոն դառնալուն խանգարել ավանդաբար ուժեղ խաղացողներով համալրվող Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Չինաստանի,  Ուկրաինայի, Գերմանիայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների հավաքականները: Օլիմպիադայում քիչ չեն լինելու այնպիսի երկրները, որոնց հավաքականներում հայ մարզիչներ և խաղացողներ են: Ի դեպ, Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է  գրոսմայստեր Յուրի Դոխոյանը, որի ղեկավարությամբ հատկապես մեծ հաջողությունների են հասել ռուսաստանցի շախմատիստուհիները:

Օլիմպիադայում շատ բան կախված է լինելու վիճակահանությունից, թե ինչպիսի մրցակիցներ մերոնց բաժին կհասնեն: Ընդ որում, օլիմպիադայի վարչատեխնիկական հանձնաժողովի նախագահը երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է, որն այս տարի գլխավոր մրցավար է եղել Մոսկվայում կայացած աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթհան Անանդի և Բորիս Գելդանդի  եզրափակիչ մրցամարտի ժամանակ: Իսկ Ստամբուլում Վարդապետյանի գլխավորած կառույցը նաև վերահսկելու է օլիմպիադայի վիճակահանությունը:

Այնպես որ, հավատով սպասենք առաջիկայում Թուրքիայում շախմատի խաղատախտակների առջև ծավալվելիք փոթորկոտ իրադարձություններին:

 

 

Դիտվել է 2151 անգամ:
Print Friendly

Leave a Reply