Օլիմպիական խաղեր. մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 23, 2012 16:23

Օլիմպիական ամառային 30-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և 204 երկրների պայքարում զբաղեցրին 60-րդ տեղը: Կատարվածը միանշանակ չի մեկնաբանվում:

Վերհիշենք, որ արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, նույն մրցաձևի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը բավարարվել են բրոնզե մեդալներով: Բոլորն էլ արժանի են գովեստի, քանի որ հարստացրել են Հայաստանի մարզական տարեգրությունը նոր էջերով:

Իսկ մյուսնե՞րը, չէ՞ որ օլիմպիական խաղերի ևս 21 մասնակից ունեինք. ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով մրցավայր չէր ուղևորվել: Բայց ո՞ւր մնացին խոստումները: Իսկ եթե ավելացնենք, որ մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներ պարզապես միայն մասնակցելու, կարելի է ասել` զբոսաշրջիկի կարգավիճակով էին  ուղևորվել Անգլիայի մայրաքաղաք, պատկերն ավելի կամբողջանա: Ընդ որում, հույսի նշույլ անգամ չկար, որ մեր մյուս օլիմպիականներից թեկուզ որևէ մեկը կկարողանա մեդալ բերել:  Թերևս դրան մոտ էր թհեքվանդոյիստ Արման Երեմյանը, սակայն այս մրցաձևում օլիմպիական խաղերի մեդալակիր դառնալը շատ դժվար է:

Ցավոք, եղան խայտառակ մրցելույթներ: Միայն զարմանալ կարելի է, որ այդ մարզիկներին տարիներ շարունակ բարձր աշխատավարձ է տրվել, նաև` թանկաժեք նվերներ, այդ թվում` ավտոմեքենաներ, բացի այդ, հսկայական միջոցներ են ծախսվել ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու, միջազգային ներկայացուցչական մրցաշարերում կարողությունները փորձելու համար, բայց նրանք օլիմպիական խաղերում այդպես էլ անելիք չեն ունեցել: Ի դեպ, նախկինում հաջողությունների հասած մի շարք մարզիկներ, օգտագործելով իրենց հեղինակությունը, պատճառաբանելով, որ անհատական ծրագրով են նախապատրաստվում օլիմպիական խաղերին, բաց էին թողնում ոչ միայն ներհայաստանյան մրցումները, այլև Եվրոպայի, աշխարհի առաջնությունները, բայց դա չէր խանգարում, որ նրանք իրենց համար սահմանված ռոճիկները  կանոնավոր ստանային: Ընդ որում, մեծ փողեր են ծախսվել ազատ ոճի ըմբշամարտի, ձյուդոյի, բռնցքամարտի համար, սակայն արդյունքը զրոյական է:

Եթե մեդալներ են բերել ըմբշամարտի և ծանրամարտի ներկայացուցիչները, ապա ստացվում է, որ բացի այդ մարզաձևերի ֆեդերացիաներից, մյուսները ոչ մի բանի չեն հասել և քննադատության, լուրջ պատասխանատվության ենթակա են: Բայց առաջնային պարսավանքի պետք է ենթարկվեն այն մարզաձևերի ֆեդերացիաները, որոնք  տարիներ շարունակ ֆինանսավորվել են պետության կողմից, նաև տարբեր աղբյուրներից, սակայն ընդհանրապես օլիմպիական խաղերում մասնակիցներ չեն ունեցել:

 Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և սպորտի  նախարարության աշխատակիցներից ոմանք ծանրակշիռ դերակատարություն ունեն տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում, ղեկավար և պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: Եվ չնայած այսպիսի «ակտիվությանը», անգամ այդ մասնագետները ներկայումս լռում են, չեն ցանկանում առաջ ընկնել, բացատրություն տալ և սպասում են, թե ինչպես կարձագանքի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, ավելի բարձր դիրքեր զբաղեցնող մեր ղեկավար այրերն էլ այս թեման չեն շոշափում:

Փաստն այն է, որ նախորդ` 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների նվաճած 6 բրոնզե մեդալի փոխարեն այս անգամ ունենք միայն 3-ը: Դրական  է այն, որ 16-ամյա ընդմիջումից հետո վերջապես մեր երկրի ներկայացուցիչն օլիմպիական խաղերում արծաթե պարգևի է տիրացել: Դա մեկ քայլ առաջ կարելի է համարել, սակայն ակնհայտորեն երկու քայլ հետ է, եթե մեդալների թիվը կիսով չափ նվազել է:

Բավարարված լինել չենք կարող նաև մեկ այլ պարզ պատճառով: Երբ համեմատվում ենք մեր սահմանակից երկրների հետ, տեսնում ենք, որ անգամ ընդհանրության եզրեր չկան, քանի որ մեր դրկիցները մեզանից շատ առաջ են:

Ահա թե ինչ տեղերում են Հայաստանի հարևանները և ինչպիսի պարգևներ ունեն. 17. Իրան՝ 4 ոսկի, 5 արծաթ, 3 բրոնզ,  29. Ադրբեջան՝ 2 ոսկի, 2 արծաթ, 6 բրոնզ,  31. Թուրքիա՝ 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ,  37. Վրաստան՝ 1 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ:

Ընդ որում, բոլորն էլ ոսկե մեդալներ ունեն: Մինչդեռ, Հայաստանը մինչև հաջորդ` 2016-ի օլիմպիական խաղերը, այսինքն`  երկու տասնամյակ այդպիսի պարգևի չի տիրացել:

Կա նաև մեդալի հակառակ երեսը:  Մեր մարզիկները ձախողումներ էին  ունեցել նախքան օլիմպիական խաղերը` վարկանիշային մրցաշարերում: Ուղեգրեր չէին կարողացել նվաճել պետության կողմից ֆինանսավորվող, մեծ փողեր ստացող մի շարք մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Կատարվածը չի կարող անհետևանք թողնվել, լռության մատնվել, քանի որ արդեն սկսվել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը:

Տարօրինակն այն է, որ մեր պատվիրակները վերադարձել են, սակայն ոչ ոք չի ցանկանում անդրադառնալ անհաջողություններին: Ընդ որում, մինչև օլիմպիական խաղերը ոչ մի քննարկում չի կազմակերպվել, որոնցում խոսվեր, թե ինչպես է ընթացել նախապատրաստությունը, ինչ թերացումներ կան:

Երկու կարծիք լինել չի կարող,  ինչ-որ բաներ են կատարվել, որոնք ակնհայտորեն խանգարել են գործին:

Մասնավորապես, խայտառակ վիճակ է եղել բռնցքամարտում, օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներից առաջ հավաքականից տարբեր պատճառներով մեծ թվով տիտղոսակիր  մարզիկներ են հեռացել: Մեր հավաքականը միայն մեկ մարզիկով էր ներկայացել խաղերին, և 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն առաջին իսկ հանդիպումում պարտվել է նոկաուտով:

Այս մարզաձևի ֆեդերացիայի նախագահը Երևանի մարզահամերգային համալիրի  սեփականատերերից է` Արման Մուրադյանը, որը բռնցքամարտի հետ նախկինում կապ չի ունեցել: Նա Ծառուկյանի սանիկն է, իսկ ֆեդերացիայում աշխատանքները կատարում են տարբեր մասնագետներ: Փոխնախագահը Դերենիկ Գաբրիելյանն է, որը նաև ՀԱՕԿ-ի փոխնախագահն է: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին մնացել էր թիմը միայն մեկ  օլիմպիական վարկանիշային մրցաշարում ռինգ դուրս բերել Թուրքիայում, որտեղ ամեն ինչ էր վճռվում, և նրա փոխարեն այդ աշխատանքը վստահվեց Կարեն Աղամալյանին, որի ղեկավարությամբ հավաքականը ոչ մի ուղեգիր չնվաճեց: Իսկ  Հակոբյանը Մեհրաբյանի ղեկավարությամբ դա արել էր Բաքվում կազմակերպված աշխարհի առաջնությունում:

Մեհրաբյանը հայտնեց, որ ցավ է զգացել այն հուժկու հարվածներից, որոնք  Հակոբյանն օլիմպիական ռինգում ստացել է մրցակցից: Մարզիչը նշեց, որ նրա ամերիկացի հակառակորդն ամենևին էլ ուժեղ չէր, սակայն նա օգտվել է մեր մարզիկի տակտիկական սխալից: Մասնագետի կարծիքով` Հակոբյանն իրավունք չուներ մրցամարտի ժամանակ առաջ շարժվելու բաց ձեռքերով: Նախապատրաստական շրջանում էլ արդեն տարիքն առած  բռնցքամարտիկը չպետք է այդքան շատ միջազգային մրցաշարերի մասնակցեր, նա դրա կարիքը չի ունեցել, քանի որ փորձառու է: Ինչևէ, ինչպես ասում են` գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Թերևս, օլիմպիական խաղերից առաջ էլ կարիք չկար նոր գլխավոր մարզիչ նշանակելու, իսկ Աղամալյանին աշխատելու հնարավորություն կարելի էր տալ լոնդոնյան ստուգատեսից հետո:

Գրեթե նույն բանն է կատարվել ձյուդոյում: Տարբերությունն այն է, որ ֆեդերացիան ամբողջովին վերակազմավորվել է, հավաքականի գլխավոր մարզիչն էլ օտարերկրացի է նշանակվել` Ադրիան Կրիոտուրուն: Հիշեցնենք, որ ռումինացի մասնագետը հրավիրվել էր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի  իշխանափոխությունից հետո, երբ զբաղեցրած պաշտոնն ազատել էր Ալեքսան Ավետիսյանը: Նրա հակառակորդները կանգնել էին ռումինացի մարզչի կողքին:

Իսկ արդյունքը դարձյալ բացասական է: Հայաստանի երկու ձյուդոյիստ  միայն կարողացավ ուղեգրեր նվաճել և մասնակցել օլիմպիական խաղերի, և նրանք էլ մնացին ձեռնունայն: Հովհաննես Դավթյանը գրավել է 7-րդ տեղը, իսկ Արմեն Նազարյանը, պարտվելով 1/8 եզրափակչում, դուրս է մնացել պայքարից:

Այստեղ էլ պարզ չէ, թե ով պետք է պատասխան տա կատարվածի համար:  Բանն այն է, որ հավաքականի  ռումինացի գլխավոր մարզիչ  Կրիոտուրուն օլիմպիական խաղերի ավարտից հետո Հայաստան վերադառնալու երեսատեղ չունի, սպառվել է նաև ՀԱՕԿ-ի ղեկավարության հետ կնքնած նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը:

Հարց է առաջանում, թե ինչ իմաստ ուներ ըմբշամարտում այդքան մեծ թվով լեգեոնականներ հրավիրել, ֆինանսներ ծախսել, սակայն ոչ մի արդյունքի չհասնել: Թերևս բացառություն է միայն հունահռոմեական  ոճի գերծանր քաշային ըմբիշ Յուրի Պատրիկեևը, որը թեև այս անգամ մնաց ձեռնունայն, մեծ ներուժ ունեցող մարզիկ է և Հայաստանի ընտրանին համալրել է իր նախկին թիմի` Ռուսաստանի հավաքականի մարզիչներին պատժելու համար և վաղուց իր վրեժը լուծել է: Նա Լոնդոնում էլ պայքարից դուրս թողեց աշխարհահռչակ ըմբիշ, ռուսաստանցի օլիմպիական խաղերի չեմպիոն Հասան Բարոևին: Պարզապես, Պատրիկեևը կարող է հաղթել ամենաուժեղ մրցակցին և պարտվել թույլին… Իսկ թե ինչ են արել ազատ ոճի ըմբշամարտի դրսից հրավիրված այլադավան մարզիկները, անհասկանալի է: Չէ՞ որ այն փողերը, որոնք այդ մարզիկների վրա են ծախսվել, կարելի էր օգտագործել հայ ըմբիշների հերթափոխ պատրաստելու համար:

Օլիմպիական խաղերից հետո մասնակիցներից  խոսում են նրանք, ովքեր արդյունքի   են հասել, այսինքն` ըմբշամարտի, ծանրամարտի ներկայացուցիչները, մինչդեռ պատասխանատվություն պետք է կրեն և բացատրություն տան բոլորը,  որոնց մեղքով է կատարվել այս ամենը, ինչը կարելի է որակել միայն որպես մեդալներով վարագուրված ձախողում:

Սպորտն այժմ մեծ քաղաքականություն է, և չի կարելի այս ամենին մատների արանքով նայել: Հայաստանի մարզական ոլորտում կադրային փոփոխություններն անխուսափելի են: Պետք է միջամտի նաև հասարակությունը: Ընդ որում,  սպորտում պատասխանատվությունն այնքան մեծ է, որ մի շարք երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները  հենց այդ երկրների նախագահներն են: Օրինակ` Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ  Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը գլխավորում են իրենց երկրների ԱՕԿ-ները:

 

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply