Ջավախքցիների վախը բռնել է Վրաստանի օրենսդրությունը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 25, 2012 7:12

Վերջին շրջանում հաճախ էր խոսվում Ջավախքի խնդիրների մասին: Վրաստանի կազմում գտնվող այս հայկական տարածքը միշտ էլ խնդիրներ է ունեցել: Եվ  ինչպես կասեր նախկին բիզնեսմեն ու պատգամավոր, «Վիրահայերի միություն» ՀԿ-ի նախկին նախագահ, ջավախքցի Հայկ Սանոսյանը, դա բնական է: Ջավախքը խնդիրներ ունեցել է և ունի նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տերյանական Գանձայի ծնունդ Շիրակ Թորոսյանի համար, որը, հակառակ Սանոսյանի մեղմ ու հանգիստ դիրքորոշման, կարծում է, որ Ջավախքի հիմնախնդիրները տարեցտարի ավելի են խորանում, ու դրանց լուծման համար պետք է ակտիվ ազգային-քաղաքական պայքար մղել: Թերևս նման պայքարի հետևանքով է, որ Թորոսյանն արդեն 3 տարի է` զրկվել է հայրենի Ջավախք մուտք գործելու իրավունքից, մինչդեռ Սանոսյանն իր եղբոր հետ ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում Գանձայի հարևան գյուղում` Սաթխայում և ողջ Ջավախքում` հիանալի հարաբերություններ պահպանելով վրացական իշխանությունների հետ:

Պարզվում է` Հայաստանում նույն կուսակցությանը ծառայող նախկին ու ներկա երկու հայ պատգամավորներից մեկի համար Ջավախքը, «շնորհիվ» հետզհետե ահագնացող սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական խնդիրների, արագ տեմպերով հայաթափվում է ու գնում կործանման, իսկ մյուսի համար այդ ամենը բնական և օրինաչափ երևույթ է, որը չպետք է վրձնել այդքան խիտ ու մռայլ գույներով:

Իրականում, ո՞րն է այս ամենի ոսկե միջինը: Ինչպիսի՞ խնդիրներ ունեն վրաց հողում գտնվող հայկական երկրամաս Ջավախքն ու հյուրասեր ջավախքցին: Այս հարցերի պատասխանի, իրականության վերաբերյալ ոսկե միջինի, բայց ոչ ոսկու փնտրտուքով էլ որոշեցի այս տարվա ամառային հանգիստս կազմակերպել հենց այնտեղ` Ջավախքում: Հրաժարվելով վրացական մատչելի ու գրավիչ և կապուտաչյա Սևանի թանկարժեք, բայց հարազատ լողափերում հանգստանալու հնարավորությունից` հավաքեցի իրերս ու մեկնեցի ծնողներիս ծննդավայր Ջավախք` լրագրողական հանգստիս մեկ շաբաթը նվիրելով հայրենի հողերում ու հարազատ միջավայրում մի քիչ մաքուր օդ շնչելուն:

Ճիշտ է, անցյալ տարի ևս բախտ էր վիճակվել մի քանի օրով այցելել այնտեղ, բայց այս տարի միանգամայն այլ` լրագրողական աչքով դիտարկեցի այն ամենը, ինչը նախկինում միգուցե չէի նկատել:

Առաջինը, որ միանգամից աչք է ծակում Ջավախք մուտք գործած գրեթե ցանկացած նորեկի համար, նոր կառուցված «հայելի» ճանապարհներն են ու հայելու պես ճիշտ և անկաշառ ճանապարհային ոստիկանները: Եթե մի քանի տարի առաջ ջավախքցիները երանի էին տալիս հայկական ասֆալտին, քանզի հենց սահմանի բերանից վերջանում էր ասֆալտապատ ճանապարհը, և սկսվում էին քարքարոտ, փոսերով ու խճով հարուստ հողածածկ վրացական ճանապարհները, ապա հիմա պատկերը լրիվ հակառակն է: Շնորհիվ վրացական սահմանից մինչև Նինոծմինդա և Ախալքալաք տանող գերհարթ ասֆալտով նորոգված ճանապարհի` այժմ Երևանից Ջավախք գնացող երթուղային տաքսիները կարողանում են տեղ հասնել ընդամենը 3-4 ժամում` նախկին 6-8 ժամի փոխարեն:

Էհ, իսկ վրացի ճանապարհային ոստիկաններն ուղղակի դարձել են Վրաստանի բրենդն ու հպարտությունը, ասել է թե` ազնվության ու անբասիր ծառայության խորհրդանիշը: Այնտեղ էլ, Հայաստանի նման, նույն Toyota Corolla-ներն են, բայց դրանց մեջ նստած օրենքի պահապանները երբեք ոչ ոքի անտեղի չեն կանգնեցնի, «պլան տալու» համար անհարկի ակտ չեն գրի ու հետո այդ ակտը փոքր գումարի կաշառքով չեն «ջրի» ու բարի ճանապարհ մաղթի: Իսկ երբ տեսնեն, որ խնդիր ունես, կանգնել ես, շփոթվել կամ օգնության կարիք ունես, անհապաղ կմոտենան ու քաղաքավարի իրենց անվճար օգնությունը կառաջարկեն:

Այս ամենը տեսնում ու սեփական մաշկի վրա զգում է նաև հասարակ ջավախքցին և ուրախանում, երբեմն էլ ուրախությունից հպարտանում Սահակաշվիլու գունավոր հեղափոխության արդյունքներով և ակամա քննադատում հայկական իշխանություններին… Դե, դա բնական է:

Բայց սա դեռ հեղափոխության գույների միայն մակերեսային շերտն է, որը քերելու դեպքում հայտնաբերվում է վրացական օրենսդրական գունաշերտի գրունտային հատվածը, որի «քաղցրությունը» մեր հայրենակից ջավախքցիները ձգտում են որքան հնարավոր է քիչ ճաշակել: Դա Սահակաշվիլու 180 աստիճանով վերափոխած Վրաստանի գրեթե 100 տոկոսով անբեկանելի ու ամերիկյան չափանիշներով աչքի ընկնող օրենքների խստությունն է, օրենքներ, որոնք ոտնահարելու դեպքում Վրաստանի ցանկացած քաղաքացու չափազանց խիստ տուգանքներ ու պատիժներ են սպասում:

Հայաստանում «բեզպրեդել» անող ախալքալաքցիները, որ շատ դեպքերում դարձել էին հայաստանցի «բազար» անող ու «հարց լուծող» երիտասարդների ահուսարսափը, իրենց հայրենի հողում` Ջավախքում, նման ահուսարսափով վախենում են վրացի օրենսդիրներից ու վրացական օրենքներից, հարյուրավոր ու հազարավոր լարիներով սահմանվող տուգանքներից ու կաշառքով, խնամի-ծանոթ-բարեկամների միջոցով կամ ուղղակի լավ տղա լինելու զորությամբ օրենքները շրջանցելու անզորությունից: Կարճ ասած` ջավախքցիների վախը բռնվել է, այն գտնվում է վրացական օրենսդրության ձեռքում:

Իսկ ինչպե՞ս է գոյատևում ջավախքցին իր համար անսովոր խիստ օրենքների պայմաններում: Իհարկե, հարմարվելով ու համակերպվելով: «Ախալքալաքցի» ուժեղ ու խիզախ երիտասարդը սեփական հողում արդեն զգուշությամբ է «շռայլում» իր բռունցքի հարվածները, զգուշությամբ է վարում ավտոմեքենան քաղաքում ու մայրուղիներին, հատկապես երբ առանց վարորդական իրավունքի է նստել ղեկին, որովհետև բռնվելու դեպքում այլևս ոչ պապան կարող է իր շրջապատով օգտակար լինել իր օրինախախտ որդուն, ոչ էլ պապայի` խոպանում աշխատած փողերը:

Բայց, միևնույն է, շատ հարուստ պապայի տղաները, այն պապաների, որոնք չեն մնացել տանն ու հող մշակելով կամ անասուն պահելով երկու կոպեկ աշխատել, այլ գնացել են Ռուսաստան ու Ղազախստան ասֆալտի ու շինարարության հաշվին մի քանի կոպեկ ավելի աշխատելու, այ հենց դրանց ծնողների զավակներն իրենց, ամեն դեպքում, նկատելիորեն ավելի անպարտելի ու ազատ են զգում… Դե, փողն ամեն տեղ էլ լույս և ուժ է տալիս:

Այսքանից հետո թվում է, թե իսկապես Ջավախքն ապրում է բնականոն կյանքով, չկան հասարակական-քաղաքական բնույթի լուրջ խնդիրներ, չկան լեզվի և ազգային պատկանելության, ինքնորոշման, հողերի ու տարածքային խնդիրներ… Կան միայն նյութականի հրամայական, բնական գազ, քաղաքակիրթ բնակարանային պայմաններ ու նույնիսկ հեռավոր գյուղերում «երևանցուն վայել» ապրելու բնական պահանջ, որը կամաց-կամաց բավարարվում է: ՈՒստի այսօր, տարված առօրյա հոգսերով, կարտոֆիլի բերքի, ցորենի արտերի, անասնակերի ու նյութական այլ խնդիրների, երեխաներին հաջողությամբ ամուսնացնելու, կրթության տալու կամ, որպես աjլընտրանք, խոպան ուղարկելու մասին ամենօրյա մտահոգությամբ, ջավախքցին հազվադեպ է հիշում, որ իրենց մատաղ սերունդը հայկական հողում զրկված է գրագետ ու պատշաճ հայերեն ուսանելու հնարավորությունից, զրկված է սեփական ազգի պատմության մասին իրական տեղեկատվություն ստանալուց կամ ազգային մշակույթը` երգը, պարը, արվեստն ու գրականությունը մշակութային միջոցառումներում ըստ պատշաճի ներկայացնելուց:

Հորեղբորս թոռնուհին գյուղի դպրոցում պարի է գնում, բայց վրացական պարի: Տերյանի ծննդավայր Գանձայում տերյանական օրը, ճիշտ է, նշվում է, բայց ռուսաց լեզվով, իսկ ամբողջ Ջավախքը ձգտում է վրացերեն սովորել, քանզի դա նախ և առաջ ջավախքցու սոցիալ-տնտեսական շահերից է բխում…

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Դիտվել է 2266 անգամ:
Print Friendly

Leave a Reply