Հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ օրենքը վատը չէր, սակայն փոփոխության կարիք ունի. Սիլվա Ադամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 23, 2012 16:07

Տեղի կունենա հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ նոր օրինագծի մասին քննարկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Ըստ տիկին Ադամյանի` օրենքը կար և բավականին լավն էր, սակայն կիսատ էր և անհրաժեշտ է փոփոխություններ ու լրացումներ կատարել դրանում:

“Մենք ունեինք օրենք, որով կանոնակարգվում էին պահպանվող տարածքնեը, արգելավայրերն ու արգելոցները, սակայն, ըստ երևույթին, հարկ է եղել փոփոխություններ մտցնել այս օրենքի մեջ, վերամշակել, և այս առումով մենք ստացանք նոր նախագիծ հատուկ պահպանվող տարածքների հետ կապված”:

Ս. Ադամյանը նշեց, որ  իրենք մի քանի հասարակական կազմակերպություններով փոձել են նայել այդ նախագիծն ու իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել թե’ հանրությանը, և թե’ այդ նախագծի մշակմամբ զբաղված կառույցներին:

Նախագիծն ուսումնասիրելով` Սիլվա Ադամյանն ու մյուս բնապահպանները նկատել են որոշակի թերություններ ու բացթողումներ, որոնցից առաջնայինը կապված է հանքարդյունաբերության հետ. “Առաջինը, որ աչք զարնեց, դա խնդիր է, որ կապված է հանարդյունաբերության հետ: Մեր հասարակական կազմակերպությունները անմիջապես նկատեցին, որ հստակ գրված չէ, որ պահպանվող տարածքներում օրենքով արգելվում է ընդհանրապես որևէ տեսակի հանքարդյունաբերություն”:

Բանախոսը նշեց, որ հանքարդյունաբերությունից բացի, վիճելի էր նաև զբոսաշրջության խնդիրը, քանզի, ըստ նրա, կային հասարակական կազմակերպություններ, որոնք ասում էին, որ զբոսաշրջությունը պետք է զարգացնել արգելոցներում, ոմանք ասում էին, որ դա արգելված է միջազգային օրենքներով, բերում էին օրինակներ միջազգային օրենքներից ու կոնվենցիաներից:

Տիկին Ադամյանն ասաց, որ իրենք կողմ են, որ տուրիզմը զարգանա, բայց առանց օրենքները խախտելու, քանզի այն տարածքներում,  որտեղ արգելված է մարդկային գործունեությունը, այդ տարածքները միանշանակ պետք է մնան կուսական:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply