ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը պասիվ է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 24, 2012 12:58

ՀՀ ներքաղաքական իրականության մեջ արդեն որերորդ անգամ հստակ ուրվագծվում է մի հանգամանք` ընդդիմադիր ուժերն ու կուսակցությունները ՏԻՄ ընտրություններում հանդես են գալիս պասիվ դիրքերից:

Օգոստոսի 10-ին ավարտվել է սեպտեմբերի 9-ին Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Ըստ ԿԸՀ հրապարակած ցուցակի` Հայաստանի Հանրապետության 4 մարզերի 483 համայնքներում որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել է 926 քաղաքացի: Բոլոր առաջադրվածներից 396 թեկնածուները ՀՀԿ-ի անդամ են, 55-ը` ԲՀԿ-ական, 26-ը` ՀՅԴ-ական, 12-ը ՕԵԿ-ական, մեկական թեկնածուներ էլ ԱԺՄ, ՄԱԿ, ՌԱԿ, «Ժողովրդավարական հայրենիք» և «ժառանգություն» կուսակցությունների անդամներ են: Ընդ որում ՀՀԿ-ն առաջադրել է 227 թեկնածու, ԲՀԿ-ն` 26 թեկնածու, իսկ մնացած քաղաքական ուժերը թեկնածուներ չեն առաջադրել: Նրանց անդամ հանդիսացող թեկնածուներն ինքնառաջադրվել են: Առաջադրված թեկնածուների ընդհանուր թվի մեծամասնությունն անկուսակցական է:

Ստացվում է, որ ընդդիմության, համար, եթե դիտարկենք այն մեկ ամբողջության մեջ,  իշխանությունը ներքևից վերցնելն այնքան էլ գայթակղիչ չէ: Այս քաղաքական մոտեցումը մեզանում տասնամյակների ավանդույթ ունի: Ստացվում է, որ տեղական նշանակության խնդիրները, այսինքն` այն հարցերը, որոնց լուծումները վերապահված են ՏԻՄ-երին, և որոնք հանրային տրամադրությունների ձևավորման գործում առանցքային նշանակություն ունեն, չեն կարևորվում ընդդիմության կողմից:

Տեղական մակարդակներում տեղական իշխանությունները լուծում են մարդկանց առօրյա-կենցաղային, սոցիալական բազմաթիվ ու բազմապիսի հարցեր` սկսած կոյուղու հետ կապված խնդիրներից, ջրամատակարարումից, աղբահանությունից, մանկապարտեզներից և վերջացրած սեփականությանն առնչվող, կոմունալ-բնակարանային և այլ  կարգի հարցերով: Տրամաբանությունը հուշում է, որ հենց այս հարցերն են  առաջին հերթին կարևոր մարդկանց համար: Երկրորդ հերթին նոր միայն` կառավարության տնտեսական քաղաքականությունը, երկրի ներքաղաքական զարգացումները և արտաքին քաղաքականության խնդիրները: Այսինքն` եթե մարդն առավոտյան տնից դուրս է գալիս, ոչ թե մտածում է, թե ինչ կլինի Սիրիայի շուրջ ծավալվող զարգացումներում, այլ օրինակ` բակը մաքո՞ւր է, թե՞ ոչ, աղբն ինչո՞ւ չեն տարել և այլն:

Փորձը ցույց է տալիս, որ հենց կենցաղային հարցերը լուծելով են տեղական իշխանություններն «իրենցով անում» քաղաքացիներին: Այսինքն` մարդը համապետական ընտրությունների ժամանակ ո՞ւմ ասածին կհավատա և ո՞ւմ օգտին ձայն կտա, նրա, ում տեսել է միայն էկրաններից կամ ամբիոններից ճոռոմաբանելի՞ս,  թե՞ նրա, ում հետ ամեն օր գործ է ունեցել, դիմել ամենատարբեր հարցերով և օգնություն ու օժանդակություն ստացել: Իհարկե երկրորդի, եթե գաղափարական ֆանատիկի հետ գործ չունենք: Չնայած այս դեպքում էլ անվերապահորեն ոչինչ ասել հնարավոր չէ:

Այսպիսով, եթե տեղական նշանակության խնդիրներն այդքան կարևոր են, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ են ազդեցիկ քաղաքական ուժերը, հատկապես` ընդդիմադիր, այդ խնդիրներին վերաբերվում որպես երկրորդականի, երրորդականի:

«Կարող եմ միայն ենթադրություններ անել, որ կուսակցությունները ճիշտ չեն գնահատում տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված գործառույթների քաղաքական կշիռը: Եթե իշխանական ազդեցիկ քաղաքական ուժերը զբաղվում են ՏԻՄ խնդիրներով, ապա նախևառաջ նրա համար, որ այդ տեղական կառույցներն ու հարցերը շատ կարևոր են ընտրական գործընթացներում: Իսկ ՏԻՄ ընտրություններն ընդդիմության կողմից չկարևորելը, կարծում եմ, նշանակում է չկարևորել տեղական խնդիրները և լուրջ ռեսուրսներ չներդնել դրանց վրա, որը,  ըստ իս, սխալ մոտեցում է»,- օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմիններում իշխանություն գրավելով, ավելի հեշտ կլինի վերահսկել հանրապետական ընտրությունների անցկացումը հենց այդ համայնքներում, որտեղ տեղական իշխանությունները «քո մարդիկ են», ավելի հեշտ կլինի իշխանական ռեսուրսի կիրառումը բացառելու գործողությունների վերահսկումը: Այնուամենայնիվ, մեր ընդդիմադիր քաղաքական ուժերն այս անգամ էլ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքական էջում ընտրեցին լուսանցքի գոտին:

Իսկ ի՞նչ են մտածում ընդդիմադիրները: ԿԸՀ հրապարակած ցուցակից երևում է, որ իրենց ընդդիմություն հռչակած և ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող ուժերից ու կուսակցություններից ՀՅԴ-ն է, ավելի ճիշտ կլինի ասել` ՀՅԴ-ականներն են համեմատաբար ակտիվ ՏԻՄ ընտրություններում: Հավանաբար, իրենց ուժերի և ռեսուրսների ներածի չափով: Իհարկե, թեկուզ փոքրիկ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում, միայն փոքրաթիվ համայնքներում թեկնածուով հանդես գալը, ավելի լավ է, քան առհասարակ որպես քաղաքական ուժ կամ միավոր հանդես չգալը:

Այս առումով հետաքրքիր է, թե վերջին հինգ տարիներին անընդհատ ակտիվ վիճակում եղած ՀԱԿ-ն այս ՏԻՄ ընտրություններում ինչու է պասիվություն դրսևորում: Ի պատասխան ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը նշեց. «Այն տեղերում, որտեղ նպատակահարմար ենք գտել, առաջադրել ենք մեր թեկնածուներին»:

Իսկ մեր դիտարկմանն ի պատասխան, թե ԿԸՀ հրապարակած ցուցակներում և ոչ մի թեկնածուի դիմաց չի նշվում, որ առաջադրել է ՀԱԿ-ը, Արման Մուսինյանը պատասխանեց. «Պատկանելությունը շատ տեղերում չի նշվում: Չի նշվում նաև առաջադրողը: Պարտադիր պայման չէ նշելը, թե ով է տվյալ թեկնածուին առաջադրել: Տարբեր համայնքներում առաջադրումներ արել ենք, բայց ես հիմա կոնկրետ թիվ չեմ կարող ասել, թե քանի թեկնածու է առաջադրվել ՀԱԿ-ի կողմից. կոնկրետ թիվ չկա»:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության պասիվության պատճառը news.am-ին ասել է կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Նա մասնավորապես նշել է, թե Հայաստանում ՏԻՄ ընտրությունները քաղաքական չեն, քանի որ հիմնված են կոռուպցիայի վրա: «Ընդդիմադիր ուժը չի կարող մասնակցել մի գործընթացի,  որտեղ պայքարում են ոչ թե քաղաքական ռեսուրսներով, այլ կաշառքով: Ընդդիմությունը հասկանում է, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքականություն չկա. բոլորս հիշում ենք 2009-ին Երևանի ընտրությունները, երբ ՀԱԿ-ը չկարողացավ հաջողության հասնել»,- ասել է  Սաֆարյանը:

Բայց եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա համապետական ընտրություններն էլ առանձնապես աչքի չեն ընկնում իրենց «քաղաքականությամբ», կամ չենք կարող պնդել, թե այնտեղ կոռուպցիան վերացած կատեգորիա է:

Մամուլում և տարբեր վերլուծաբանների  շրջանում կարծիք է արտահայտվում, թե ՏԻՄ ընտրություններին մասնակցելով ու հաղթելով` ընդդիմությունը կկորցնի իշխանություններին քննադատելու հնարավորությունը, քանի որ կենտրոնական իշխանությունները չեն թողնի, որ նրանք տեղերում «աշխատեն», ու այդպիսով ժողովուրդը նրանցից դժգոհ կմնա նույնքան, որքան և պետական իշխանություններից: Բայց ճիշտ չէ կառավարությունը` պետական իշխանությունն ու տեղական իշխանությունները դիտարկել որպես միմյանց շարունակություն:

Մի խոսքով, «իշխանությունը ներքևից վերցնելը» նույնպես իշխանափոխության տարբերակ է, սակայն դրա վրա ընդդիմությունը դեռ անհրաժեշտ ուշադրություն, ռեսուրսներ և միջոցներ չի հատկացնում: Արդյունքում, համապետական ընտրություններն էլ շարունակում են արատավորվել հենց համայնքների ու այդ համայնքներում տեղակայված ընտրատեղամասերի մակարդակով:

 

 

Դիտվել է 1838 անգամ:
Print Friendly

Leave a Reply