Սերժ Սարգսյանի ուղերձը Գյուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2010 10:49

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնում է  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Նախագահ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին, արքայազն Չարլզի հետ:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակը հաղորդում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր  ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին, որտեղ ասված է.

«Ձերդ Գերազանցություն: Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ եւ հարևան Թուրքիայի ժողովրդին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը:

Պարոն Նախագահ,

Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն և թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն»:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply