Բռնաբարության դեպքերը դժվարությամբ են բացահայտվում Վրաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 23, 2012 14:43

Սեռական բռնության զոհերը հաճախ կամ ոստիկանություն չեն դիմում կամ պարզապես ուշացնում են դիմումները՝խուսափելով ցավագին դատական գործընթացներից:

Մինչ Վրաստանի խորհրդարանը սեռական բռնության դեմ պայքարի առավել արդյունավետ ուղիներ է փնտրում, իրավապաշտպան ակտիվիստները նշում են, որ պաշտոնական վիճակագրությունը կոծկում է խնդրի իրական մասշտաբները, քանի որ բռնության զոհերը, որպես կանոն, մեծ դժվարությամբ են համարձակվում ոստիկանություն դիմել:

Վրաստանի Գերագույն դատարանի տվյալներով՝ 2008-ից ի վեր բռնաբարության 170 դեպք է դատական վարույթ ընդունվել, ընդ որում՝ հանցագործությունը հիմնականում անչափահասների նկատմամբ է կատարվել: Թբիլիսիի քաղաքային դատարանում վերջին 6 տարիների ընթացքում սեռական բռնություն 100 դեպք է ընդունվել վարույթ եւ բացառությամբ 3 դատական գործերի, բոլորի դեպքում մեղադրական դատավճիռ է կայացվել:

Վրաստանի օրենսդրությամբ՝բռնաբարությունը խստորեն պատժվող հանցագործություն չի համարվում եւ նախատեսում է առավելագույնը 6 տարվա ազատազրկում: Միայն այն դեպքում, եթե բռնության զոհն անչափահաս է, մեղադրյալը կարող է դատապարտվել 12-20 տարվա ազատազրկման:

Բռնությունից պաշտպանության ազգային ցանցի կողմից 2008-ին անցկացրած ուսումնասիրության համաձայն՝բռնաբարության զոհերի 50 տոկոսի տարիքը տատանվում էր 14-ից 18 տարեկանի միջեւ, եւս 14 տոկոսն ավելի երիտասարդ էին, իսկ մյուս բոլոր զոհերը՝ առավել հասուն տարիքի էին:

Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության պետական հիմնադրամի ղեկավար Մարի Մեսխին նշում է, որ պաշտոնական վիճակագրությունը վստահություն չի ներշնչում, քանի որ բռնաբարության դեպքերի մասին, որպես կանոն, չեն բարձրաձայնում:

«Մենք սեռական բռնության ընդամենը մի քանի դեպք ենք արձանագրել, սակայն ընտանեկան բռնության զոհերը կարող են նաեւ սեռական բռնության ենթարկվել», – ասում է նա:

Այն փաստը, որ բռնության դեպքերի մասին նախընտրում են լռել, աղավաղում է վիճակագրական տվյալները:

Ընտանեկան բռնության զոհերին աջակցություն տրամադրող «Սապարի» բարեգործական կազմակերպության գինեկոլոգ Նանա Ձնելաձեն նշում է, որ կանայք հազվադեպ են բարձրաձայնում բռնաբարության դեպքերի մասին:

«Մեզ հանդիպած բոլոր դեպքերից անգամ մեկը չեմ կարող մտաբերել, երբ կինը դիմել է մեզ միայն սեռական բռնության պատճառով: Միայն բուժման մի քանի սեանսներից հետո է պարզ դառնում, որ կինը սեռական բռնության զոհ է դարձել, սակայն չի խոսել այդ մասին: Երբեմն, տարիներ են պահանջվում, որպեսզի զոհն ի վիճակի լինի խոսել այդ մասին, եւ անգամ այդ դեպքում նրանցից շատերը չեն խոստովանում այդ», – պարզաբանում է նա:

Իրավաբան Էկա Կոբեսաշվիլու կարծիքով՝ սեռական բռնության դեպքերի կապակցությամբ հարուցվող քրեական գործերի սակավաթվությունը պայմանավորված է նրանով, որ բռնության զոհերին չեն կարողանում ճիշտ աջակցություն տրամադրել:

«Խնդիրը օրենքի գործնական կիրառման մեջ է: Ներկայում զոհի իրավունքներն ընդհանրապես չեն պաշտպանվում: Տուժածը պետք է դիմի ոստիկանություն, որից հետո գործը մի քննիչը փոխանցում է մյուսին, իսկ բռնության զոհը ստիպված է լինում անընդհատ գնալ ոստիկանություն՝վկայություն տալու եւ մանրամասները վերհիշելու համար: Այս ամենի հետեւանքով՝բռնաբարության զոհն ավելի մեծ ցավ է ապրում, հոգեբանական խնդիրներ ունենում եւ հրաժարվում մասնակցել գործի հետագա ընթացքին», – նշում է նա:

Կոբելաշվիլին պատմում է, որ ժամանակին իր պաշտպանյալներից մեկը դատարան էր դիմել՝ երկու դեռահասների դեմ բռնաբարության մեղադրանք ներկայացնելով:

«Դատական գործը մեկ դատախազից անցնում էր մյուսին, եւ երկու տարի սպասելուց հետո, կինը [պաշտպանյալը] հոգնեց այս ամենից՝հրաժարվելով կրկին գնալ ոստիկանություն եւ ընթացք տալ գործին», – վերհիշում է իրավաբանը:

Հաճախ ոստիկանությունը բռնաբարության դեպքերին անհրաժեշտ լրջությամբ չի վերաբերվում:

Կոբեսաշվիլին նշում է, որ իր պաշտպանյալներից երկուսը ժամանակին դիմել էին ոստիկանություն՝հայտնելով, որ նրանց բռնաբարել են սեփական ամուսինները. «Ոստիկաններն այս դեպքերը զավեշտալի էին համարել եւ անգամ չէին էլ ընդունել նրանց բողոքները»:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանանց եւ երեխաների իրավունքների վարչության ղեկավար Անա Արգանաշվիլին նշում է, որ խնդիրը համակարգային բնույթ է կրում:

«Մարդու իրավունքների պաշտպանի 2010-2011թթ. զեկույցում ոստիկանության ոչ ադեկվատ արձագանքի բազում դեպքեր են արձանագրված: Չնայած իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մեր ունեցած տեղեկությունները թույլ են տալիս մտածել, որ շուրջբոլորը որակյալ մասնագետների պակաս է զգացվում», – նշում է նա:

Վրաստանը դեռեւս չի վավերացրել Եվրոպայի Խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որը պարտավորեցնում է անդամ պետություններին բռնության նման տեսակները քրեորեն պատժելի հանցանքների շարքին դասել, արձագանքել բոլոր նման դեպքերին եւ ապահովել զոհերին բուժմամբ եւ այլ տեսակի աջակցությամբ:

Ներկայում Վրաստանի խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը վերահսկում է երկրի ներքին օրենսդրության հետ կոնվենցիայի համատեղման գործընթացը:

ՄԱԿ-ի փորձագետներն արդեն իսկ առաջարկել են մի շարք փոփոխություններ կատարել Վրաստանի օրենսդրության մեջ այս կապակցությամբ:

Սակայն Մարի Մեսխին այն կարծիքին է, որ օրենսդրությունն ինքնին լավն է, իսկ այն փաստը, որ բռնաբարության մասին բարձրաձայնելու պատրաստ կանանց թիվն աճում է, ստիպում է լավատեսորեն տրամադրվել ապագայի նկատմամբ:

«Անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի հարուցված գործերի քանակն ավելացել է, իսկ սա նշանակում է, որ իրազեկության եւ լուսաբանման մակարդակը բարելավվում է: Պաշտպանողական նոր մեխանիզմներ են ստեղծվել, հետեւաբար՝այս դեպքերի մասին բարձրաձայնելն այլեւս անիմաստ չէ», – ասում է նա:

 

Նինո Գվեդաշվիլին Թբիլիսիում գործող «Human Rights House» կազմակերպության աշխատակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Դիտվել է 1688 անգամ:
Print Friendly

Leave a Reply