Պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկներին ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 13:00
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը հանդիպել է 2012 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն մեկնող հայ մարզիկների հետ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության կայքը:
Ողջունելով ներկաներին պարոն Ասրյանը մաղթեց մեր մարզիկներին պահպանել մարտական ոգին և անել առավելագույնը՝ լավ արդյունքներ գրանցելու համար: «Սակայն, անկախ ձեռքբերված արդյունքներից, հիշեք, որ դուք արդեն մեր հաղթողներն եք, մենք հպարտանում ենք ձեզանով և հայրենիքը սպասում է ձեզ», – նշեց փոխնախարարը: Միաժամանակ, նա իր գոհունակությունը հայտնեց պարալիմպիկ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային պարալիմպիկ խաղերի կոմիտեի կողմից կատարված կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ մեր վեց հոգուց բաղկացած պատվիրակությունը Լոնդոն կմեկնի օգոստոսի 24-ին: Հայաստանի ազգային պարալիմպիկ խաղերի կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ մեր պատվիրակությունը մեկնում է հաղթական տրամադրվածությամբ և մրցանակային արդյունքների ակնկալիքով:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր համապատասխան որոշման մեջ, համաձայն որի սահմանվել են դրամական մրցանակներ օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկների, մարզիչների, բժիշկների և մարզական կազմակերպությունների համար:
Լոնդոնյան խաղերին Հայաստանը ներկայացնելու են երկու մարզիկ. ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Բարի ճանապարհ և բարի վերադարձ ենք մաղթում մեր մարզիկներին և սպասում նրանց հաղթական վերադարձին:






Facebook
Tweet This
Email This Post
