Հայաստանն ունի 3.6 մլրդ դոլար պարտք, և դա նորմալ է. ՀՀ ֆինանսների փոխնախարար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 22, 2012 18:37

“Գնանկում չունենք, ունենք համեստ գնաճ”,- պատասխանելով լրագրողների հարցերին` այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

“Պարենային ապրանքների գների աճը բավականին ցածր է, սակայն, բնական է, որ երբ առաջարկը մեծանում է, դա նաև ճնշում է գործադրում գների վրա”:

Ըստ Արամյանի` նախորդ տարիների համեմատ, այս տարի գնաճը զսպվում է, և այդ մեկ-երկու տոկոսն էլ դրական ցուցանիշ է՝ նախորդ տարիների համեմատ. “Ճիշտ է, մարդիկ, բնակչությունը պետք է բողոքեն, որովհետև կյանքն է բարդացել, սական դա միայն Հայաստանում չէ, այլ ամբողջ աշխարհում: Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի բնակչությունն  էլ ավելի թեթև ապրի, և եթե նախկին ծրագրերը չկատարվեին, այլ արդյունք կունենայինք, և այսօրվա 27 տոկոս աղքատության փոխարեն կունենայինք 50-51 տոկոս աղքատություն”:

Նա միանգամայն դրական է գնահատում Հայատանի տնտեսության մակրոտնտեսական ոլորտի ցուցանիշները` հայտարարելով, որ գրեթե բոլոր ոլորտներում մենք վերջին 7 ամիսների ընթացքում արձանագրել ենք աճ:

Եթե նախկինում Հայաստանից արտահանվում էին հանքահումքային տեխնոլոգիաներ, ապա, ըստ փոխնախարարի, այս տարի զգալի աճ է արձանագրվում մրգերի, խմիչքների,  պարենային ապրանքների արտահանման մեջ:

Անդրադառնալով այն հարցին, թե, ի վերջո, որքան է կազմում Հայաստանի արտաքին տնտեսական պարտքը, Վարդան Արամյանն ասաց, որ մեր երկիրն ունի 3.6 մլրդ դոլար պարտք, որից մոտ 300 մլն դոլարը պետք է սպասարկվի 2013 թվականին:

Փոխնախարարը նշեց, որ պետք չէ վախենալ այդ պարտքերից, որովհետև, ըստ նրա, պետությունը վերցրել է այնքան պարտք, որքան որ ի վիճակի է մարել. “Գիտե՞ք, պարտք վերցնելը վատ բան չէ, և մենք կարողանում ենք բոլոր ռիսկերը հաշվարկելով՝ պարտքեր վերցնել”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply