Մարտունին ժամանակավորապես քանդակագործության կենտրոն է դարձել

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 22, 2012 18:21

Արտիկ Քոչարյանն աշխատելիսԱյս տարվա օգոստոսն աննախադեպ  է մարտունեցիների կյանքում. քաղաքի պատմության մեջ առաջին անգամ այստեղ իրականացվում է նկարչական սիմպոզիում, որն էլ յուրօրինակ հետաքրքրություն է մտցրել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների կյանքում:

Օրվա մեկնարկի հետ կարելի է տեսնել նկարչական դպրոցի բակ շտապող երեխաների, ոմանց ձեռքին` մուրճ ու սեպ: Երեխաները հետևում են վարպետների աշխատանքին, նաև փորձում վերարտադրել տեսածն ու սովորածը և ստեղծել քանդակներ:

Հետաքրքրությամբ արվեստագետների աշխատանքին հետևում են նաև մեծահասակները` զրույցի բռնվելով նրանց հետ, հարցուփորձ անելով աշխատանքների վերջնական տեսքի ու նպատակի մասին:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի նկարչական դպրոցի բակում 8 հսկայական բազալտե քարեր են տեղադրված, որոնց վրա մեկ ամիս շարունակ կաշխատեն հայաստանյան վաստակավոր քանդակագործները: Սիմպոզիումը կավարտվի սեպտեմբերի 5-ին, որից հետո էլ կորոշվի, թե քանդակները որտեղ կտեղադրվեն:

Ռաֆիկ Սարգսյանն աշխատելիսՍիմպոզիումի կարգախոսն է`«Ուզում եմ  իմ ծննդավայրը գեղեցիկ տեսնել»:

Գաղափարի հեղինակը մարտունեցի արվեստագետ, Նկարիչների միության անդամ Արամայիս Խլղաթյանն է: Վաղուց մտածված ու մանրակրկիտ պլանավորված մտահղացումը կյանքի կոչել չէր ստացվում ֆինանսական խնդիրների պատճառով: Ի վերջո, սակայն, նախաձեռնող խումբ է ստեղծվում` կազմակերպելու դրամահավաքը և սիմպոզիումի աշխատանքները:

«Սա ո՛չ սոցիալական հարց է, ո՛չ աշխատատեղ է ապահովում, ո՛չ որևէ հարց է լուծում, բայց սա հոգևոր արժեք է, որը մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություն է տալիս: Այսինքն` մարդը կարող է փողոցում գոնե արժանապատիվ քայլել, որ իր քաղաքի համար ինչ-որ բան է արվում»,- ասում է նախաձեռնող խմբի անդամ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը`
հավելելով, որ առաջին արձագանքներն այնքան էլ հուսադրող չէին, բայց գործն առաջ է գնում, և անհրաժեշտ 10 մլն դրամի  կեսից ավելին արդեն իսկ հավաքվել
է:

Գևորգյանը նշում է, որ մարդիկ օգնում են ինչով կարողանում են` ֆինանսական և ոչ ֆինանսական նվիրատվություն, սրտանց արված գործ և այլն. «Նվազագույն նվիրատվությունը 2000 դրամ է եղել: Անչափ շնորհակալ ենք բոլորին, ովքեր իրենց հնարավորության սահմաններում օգնում են իրենց

քաղաքին: Հավատացած եմ, որ անհրաժեշտ գումարը կհավաքենք, քանի որ խոշոր նվիրատուների ենք սպասում, նաև քաղաքապետարանը դեռ գումար չի հատկացրել»:

Ութ քանդակներից մեկը նվիրված է լինելու արցախյան ազատամարտին: Մյուս քանդակների թեմատիկան ազատ է:

Քանդակագործ Ռաֆիկ Սարգսյանն ասում է, որ նախապես որևէ մտածած թեմա չի ունեցել. «Երբ սկզբից եկա, չունեի որևէ մտածած թեմա: Ընտրեցի մի քար: Հետո նայում եմ ու զգում, որ քարն ինձ է նայում, և ինչ-որ հարազատ բան կա դրա մեջ: Քարից ելնելով էլ առաջացավ թեման. կերտելու եմ Տիրամոր կերպարը»: Սարգսյանն ասում է, որ աշխատանքը կկոչի «Մարտունու Սուրբ Տիրամայր», իսկ այն կերտելիս  կփորձի աշխատանքին հաղորդել տեղի   հող ու ջրի կերտվածքի կերպարը. «Բնության ու մարդկանց պես, որ ունեն  ուժեղ կոպտություն և նաև անսահման մեղմություն»:

Արտիկ Քոչարյանը, որ  կերտում է երկերեսանի գիշատիչ մարդուն կայծակնահարող Վահագնին, ևս նախապես աշխատանքի թեման որոշած չի եղել. «Քարը գիշատչի  նման էր: Մտածեցի, որ գիշատիչ կենդանին բնության մեջ նորմալ է: Բայց գիշատիչ մարդն ահավոր է: Չարը չի կարելի հանդուրժել. սա է իմ աշխատանքի ասելիքը»:

Որպես սիմպոզիումի կարևորագույն նշանակություն` Քոչարյանը նշում է մտածողությունը, որ այն կբերի, և որը հայերը կրել են բոլոր ժամանակներում` անկախ իրավիճակից. «Հոգևոր սնունդը կարևոր է ոչ պակաս, քան նյութականը: Ի վերջո, մարդ-կենդանի տարբերությունը պետք է լինի»:

Սիմպոզիումը կարևոր է նաև արվեստագետների համար. «Սիմպոզիումում արվեստագետն ազատ է արտահայտելու իր խոսքը: Մարդը շատ ավելի ազատ է իր մոտեցումներում սիմպոզիումի ժամանակ: Սա նոր խոսքի, ինքնաբացահայտման ճանապարհ է»:

«Այն, ինչ չէիր անի արվեստանոցում կամ պատվերով, կանես սիմպոզիումում` փորձելով արտահայտել քո հոգու ազնվագույն ճիչը»,- ասում է քանդակագործներից Գարեգին Դավթյանը: Վերջինիս աշխատանքը նվիրված է Պաբլո Պիկասոյին: Հավերժական սեր խորհրդանշող քանդակը կպատկերի  մինոտավրոսի ու կնոջ սերը:

Սիմպոզիումի աշխատանքների ընթացքը, ծախսերը ներկայացված են smartuni.blogspot.com  կայքում: Իսկ նախաձեռնության հեղինակներն էլ հույս ունեն, որ հաջող իրականացվելու դեպքում միջոցառումը շարունակական կլինի` յուրօրինակ տեղ ու դեր ձեռք բերելով Մարտունու կյանքում:

Դիտվել է 2083 անգամ:
Print Friendly

Leave a Reply