Երկակի ստանդարտներ. խրախուսում ենք սպորտը, բայց արդյունք պահանջում գիտնականներից

ԷՍՍԵ | | August 22, 2012 12:33

Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների  մրցելույթների յուրաքանչյուր վայրկյանը  բոլորիս ուշադրության կենտրոնում էր. ուղիղ հեռարձակումներ, սպորտային թողարկումներ, մամուլում անդրադարձ, սոցիալական ցանցերում` ստատուսներ:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընկերներս Արսեն Ջուլֆալակյանի ելույթների ամեն րոպեն այնքան մանրակրկիտ էին ներկայացնում, ոգևորում, որ ինքս էլ չդիմացա ու հեռուստացույցը միացրի` ուրախանալու հայորդու հաղթանակով,մտովի քաջալերելու նրան:

Ցանկացած միջազգային մրցաշարում մրցանակային հորիզոնականներում տեղ զբաղեցնելու դեպքում ուրախանում ենք, աշխարհով մեկ լինում: Օն-լայն մամուլում հաղթանակի մասին լուրը գլխավորում է օրվա լրահոսը, հերոսի լուսանկարը զարդարում է թերթերի ու ամսագրերի շապիկը, իսկ հեռուստաընկերությունների հիմնական թողարկումներն էլ սկսվում են վաստակած բաղձալի ոսկե մեդալի մասին լուրով:

Մարզիկներին  ոգևորություն ու աջակցություն ցուցաբերվում է և պետական մակարդակով. այս ոլորտում այն գիտակցությունը կա, որ առանց զգալի ներդրումների` շոշափելի արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ:

Այսպես, օլիմպիական խաղերում ոսկե մեդալ վաստակելու դեպքում մարզիկը կառավարության կողմից կարժանանար 30 մլն դրամ պարգևավճարի և 20 ու 10 մլն դրամի` արծաթե և բրոնզե մեդալ վաստակելու դեպքում:  Ոսկե մեդալի համար 700 հազար դոլար մրցանակ էր խոստացել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նման ոգևորություն ենք ցուցաբերում սպորտային խաղերի հաղթանակների դեպքում, որոնք ընդամենը Հայաստանի անունն են հնչեցնում միջազգային ասպարեզում:

Բայց օրինակ`  գիտական օլիմպիադաներում հայ գիտնականների ու երիտասարդների նվաճած մեդալներին նույն այդ լրատվամիջոցները չեն անդրադառնում: Երկու դեպքում էլ Հայաստանի անունը միջազգային ասպարեզում բարձր է պահվում, բայց գիտական ոլորտի հաղթանակների դեպքում նաև ներդրում է կատարվում Հայաստանի ապագայում` հիմք դնելով գիտելիքահեն տնտեսության զարգացմանը:

Նման մոտեցումը թե՛ հասարակության կողմից և թե՛ պետական մակարդակով առնվազն տարօրինակ է: Քանի որ օրնիբուն մեր պետական այրերը խոսում են գիտելիքահեն տնտեսության մասին, ոչ թե սպորտահեն: Բայց, փաստորեն, խոսքը գործի չի վերածվում: Խոսում ենք գիտելիքահեն տնտեսության մասին, բայց ապրում սպորտով, խթանում սպորտի զարգացումը  և անտեսում գիտությունն ու գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործում իր լուման ներդրած գիտնականին:

Եթե պատահում է, որ մարզիկները դժգոհում են պետական հոգածությունից ու ուշադրությունից, համաձայնում ենք ու ընդունում, թե պետության ֆինանսավորումը քիչ է, որ մարզիկն ընտանիքը դրանով  չի կարող պահել  և ողջ էությամբ նվիրվել հաղթանակի գաղափարին: Բայց միաժամանակ պախարակում ենք նույն պետական անուշադրությունից դժգոհող գիտնականին` պահանջելով, որ վերջինս հասկանա` պետության հնարավորությունները սուղ են, ու բավարարվի 30 հազար դրամով` դրանով ընտանիք պահելով ու գիտական բացահայտումներ կատարելով:

Պետությունն ու ԶԼՄ-ներն իրենց վերաբերմունքով կարծես կանխորոշում են մեր երկրի ապագայի տեսլականը: Քիչ հավանական է, որ որևէ երեխա ցանկանա դառնալ բոլորի կողմից անտեսված ու գրոշների վարձատրություն ստացող գիտնական: Փոխարենը շատերն են ցանկանում դառնալ սպորտսմեն` ոգևորված հայազգի մարզիկների սպորտային հաղթանակներով ու մեծարանքներով: Մինչդեռ, եթե գիտությունն էլ արժանի ուշադրության արժանանար, ու պատշաճ լուսաբանվեին, օրինակ, երիտասարդ ֆիզիկոսների, մաթեմատիկոսների հաղթանակները տարատեսակ օլիմպիադաներում, կարող էին գտնվել և բազմաթիվ ունակ երեխաներ, որոնք «որ մեծանաս, ինչ կդառնաս» հարցին ի պատասխան հպարտորեն կասեին` գիտնական:

Ասածս բոլորովին չի նշանակում, թե սպորտը կարևոր չէ և պետք է այն ևս անտեսել, ինչպես գիտությունը: Ճիշտ հակառակը` գիտությունն էլ պետք է ուշադրության արժանացնել, գնահատել գիտնականի վաստակը, ներդրում կատարել գիտությունում` այն ապագայում բազմապատիկ արդյունքի վերածելու ակնկալիքով: Ընդամենը  պետք է հասկանալ` կյանքի ամեն բնագավառ պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի և գնահատանքի: Այլապես, գիտելիքահեն տնտեսությունն այդպես էլ պատրանք կմնա հայերիս ու մեր պետական այրերի համար:

Դիտվել է 3637 անգամ:
Print Friendly

Leave a Reply