Ինքնաբացարկները շարունակվում են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 22, 2012 11:50

Օգոստոսի 22-ին պաշտոնապես մեկնարկում է Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչությունը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 7-ը:

Թեկնածուներից ոմանք, սակայն, գրանցումից հետո հրաժարվել են հետագա ընտրապայքարից` ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելով համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Նրանց թվում են նաև երեք քաղաքային համայնքներում գրանցված քաղաքապետերի մեկական թեկնածուներ: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Այսպես` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ինքնաբացարկ է հայտնել ինքնառաջադրված հանրապետական Սամվել Միքայելյանը: Արդյունքում` Ագարակի քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանն է:

Նույն մարզի Քաջարան համայնքում ինքնաբացարկ է հայտնել ինքնաառաջադրված անկուսակցական Ռաֆայել Լալայանը: Այստեղ ևս միակ հավակնորդը գործող քաղաքապետն է` ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Վարդան Գևորգյանը:

Արարատի մարզի Վեդի քաղաքում 4 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը:

Նշենք, որ թեկնածուները կարող են օգտվել ինքնաբացարկ հայտնելու իրավունքից մինչև օգոստոսի 30-ը:

 

«Փաստինֆո»

 

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply