Թեհրանում բախումներ են տեղի ունեցել Ահմադինեժադի եւ Մուսավիի կողմնակիցների միջև
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 16, 2009 13:14
Թեհրանում նախագահական ընտրություններից հետո լարված մթնոլորտ Է տիրում, քաղաքը լիքն Է ոստիկաններով, սակայն կարգի պահապանները չեն շտապում ցրել հանրահավաքի մասնակիցներին: Էնգքելաբ հրապարակի մատույցներում բախումներ են տեղի ունեցել Ահմադինեժադի կողմնակից և հակառակորդ երիտասարդների միջև: Կան տուժածներ: Ներքին գործերի նախարարությունը Մուսավիի վրա Է դրել չարտոնված հանրահավաք անցկացնելու հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Իրանի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Միրոսեյն Մուսավին երեկ Թեհրանում կայացած հանրահավաքում կոչ Է արել երկրում կրկնական նախագահական ընտրություններ անցկացնել: Իշխանությունների կողմից արգելված ցույցին մի քանի հազար մարդ Է մասնակցել: Ցուցարարները քննադատական կարգախոսներ են վանկարկել հունիսի 12-ի ընտրություններում հաղթած նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հասցեին և ազատական շարժման առաջնորդներին խրախուսել` հասնելու «անարդար քվեարկության» արդյունքները չեղյալ հայտարարելուն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր կարգադրել Է ստուգել ընտրությունների ընթացքում տեղ գտած կոպիտ խախտումների և կեղծումների վերաբերյալ ընդդիմությունից ստացված բողոքները: Այաթոլլայի այս որոշումը հանդարտեցրել Է քաղաքական իրադրությունը երկրում և փոխզիջման հասնելու հույս ներշնչել:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ Էր արել նախագահական ընտրություններում հաղթած Ահմադինեժադի հակառակորդներին` «ճանաչել ընտրությունների արդյունքները և ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից»:






Facebook
Tweet This
Email This Post
