Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները` հակառակորդներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 8, 2010 7:38

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվեց ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որին մեր երկրից ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը:

51 երկրների հավաքականները  բաշխվել էին 6 զամբյուղում: Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի, Ալբանիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի, Ղազախստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ միասին ընդգրկվել էր նախավերջին` 5-րդ զամբյուղում:

Վիճակահանությունն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն: Նրան օգնում էին Օլեգ Բլոխինը և Անդրեյ Շևչենկոն (երկուսն էլ` ՈՒկրաինա), Գժեգոշ Լյատոն և Անդժեյ Շարմախը (երկուսն էլ` Լեհաստան): Ի վերջո, Հայաստանի հավաքականը հայտնվեց B խմբում, որտեղ կհանդիպի Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի ներկայացուցիչների հետ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր կնվաճեն խմբում առաջին տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև լավագույն ցուցանիշն ունեցող երկրորդ տեղ զբաղեցրած թիմը: Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած մնսցսծ ութ թիմերը փլեյ-օֆֆ մրցակարգով կխաղարկեն ևս չորս ուղեգիր: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը կմեկնարկի 2010-ի սեպտեմբերի 4-ին և կավարտվի 2011-ի նոյեմբերի 15-ին:

Վիճակահանությունից հետո  Հայաստանի հավաքականը գլխավորող Վարդան Մինասյանն ասել է. «Չեմ կարծում, թե հեշտ խումբ է մեզ բաժին հասել: Սլովակները խաղալու են ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում, իսկ Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները հանդես են եկել աշխարհի առաջնության անցումային հանդիպումներում: Այսուհանդերձ, կփորձենք արժանի հանդես գալ և մրցաշարային աղյուսակում հնարավորինս բարձր տեղ զբաղեցնել: Այժմ Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է կատարվում, իսկ Ռուսաստանի, Սլովակիայի և Իռլանդիայի հավաքականների հետ խաղերը մեր երիտասարդ թիմին անգնահատելի փորձ կտան»:

Առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի ՈՒկրինայում և Լեհաստանում 2012-ի հունիսի 9-ից մինչև հուլիսի 1-ը:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply