Կյանքից հեռացավ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 21, 2012 12:25

Ցավալի կորուստ կրեց հայկական սպորտը: 62 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նա եղել է ակրոբատիկայի ԽՍՀՄ չեմպիոն, մրցանակակիր, բազմաթիվ հաղթանակներ է տարել համամիութենական և միջազգային մրցաշարերում:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտը համալրեց մարզիչների շարքը: Այդ գործում նույնպես շուտ դրսեւորվեց նրա մասնագիտական շնորհքը: Նա աճեցրեց տասնյակ առաջատար վարպետների, որոնք դարձան տարբեր տարիքային խմբերի համամիութենական հավաքականների անդամներ:

Ս. Խաչատրյանը 1980թ. նշանակվեց Շենգավիթի շրջանի ակրոբատիկայի եւ գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի, իսկ 1985-ին՝ գեղասահքի մարզադպրոցի տնօրեն:

Երեւանում ծնված վարպետը իսկապես գործի մարդ էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին երկրում տիրում էր մութն ու խավարը: Իսկ ահա գեղասահքի մարզօջախը բանիմաց տնօրենի ղեկավարությամբ պարապուրդի չմատնվեց: Արդյունքում մեր առաջատար վարպետներն անկախ Հայաստանը ներկայացրին միջազգային մրցումներում, ձմեռային օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Սամվել Խաչատրյանը շուրջ երկու տասնամյակ ղեկավարում էր գեղասահքի հանրապետական ֆեդերացիան: Նրա ջանքերով հիմնադրվեց և գործեց նաև տափօղակով հոկեյի հայկական ֆեդերացիան:

Երևանցի վաստակաշատ մարզիչ մանկավարժի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների հուշերում:

                                                                                                                                                      ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply