«Եվրատեսիլ-2010». Էմմիի երգը նվիրված է պոպի արքա Մայքլ Ջեքսոնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 5, 2010 6:00

Էմմին իր Չոկո շան հետ

Երեկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը ընտրեց «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի համար առաջադրված 30 երգից 10-ը: Այդ երգերը հանրայինի ուղիղ եթերով կհնչեն փետրվարի 14-ին: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը «Անկախին» ասաց, որ մասնակցության հայտ էր ներկայացված նաև Կիպրոսից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:

Ընտրված 10 երգերից հեղինակներից հայ հանդիսատեսին առավել հայտնի են Էմմի և Միհրան զույգը, Ռազմիկ Ամյանն ու Եվա Ռիվասը: Փետրվարի 11-ի երեկոյան առաջին ալիքի եթերում կկայանա 10 մասնակից երգերի վիճակահանությունը:

«Եվրատեսիլ-2010» մրցույթին կմասնակցի ամենաշատ ձայն հավաքող մասնակիցը: «Քվեարկությունը կատարվելու է «Եվրատեսիլի» պահանջվող չափորոշիչներին համապատասխան` 50/50 տարբերակով` հանդիսատեսի և ժյուրիի ձայների հավասար բաշխմամբ»,- ասաց Մնացականյանը:


Էմմին բեմից դուրս` թեյի հյուրասիրությանը

Փիղը, Բզզբզիկը, Նիմֆուլեգը, Տաիշա48-ը, Քարտեսիուսը, Աերիալ-Որտեղսը, Յեթի87-ը, Միացեք-Հայերը, Հակոբոսը և Տիկոն գնացին Էմմիենց տուն թեյ `խմելու:

Էմմին բեմից դուրս` տանը

Սա մուլտֆիլմի տեսարան չի, այլ իրական կյանքից է, որ տեղի է ունեցել այս կիրակի:

Այս բազմությունը ոչ թե Տոլկիենի հեքիաթից դուրս եկածներ են, այլ ռեալ մարդիկ, միայն ի տարբերություն ուրիշների` ունեն անձնագրային և վիրտուալ անուններ: Նրանք բլոգերներ են: Բլոգերների հանրությանը միացել է նաև Էմմին ու իր բլոգում բլոգերային ֆրենդներին հրավիրել էր թեյ խմելու: Նրանց մեջ էր նաև «Անկախի» թղթակիցը:

«Ես ավելի շատ ընտանեկան մարդ եմ, քան շոու աշխարհի,- «Անկախին» ասաց Էմմին,- շատ ինքնամփոփ եմ ու աղմուկ չեմ սիրում»:

Իրականում, Էմմին, այն աստղը որ փայլում է բեմում ու հեռուսատաէկրանին, շատ հասարակ աղջիկ է: Նա շատ ջերմ ընդունեց բոլորիս, ու մենք ծանոթացանք այն Էմմիի հետ, ով բեմից դուրս մարդ է բոլորիս պես. հյուր է ընդունում, թեյ հյուրասիրում, անընհատ հարցնում, թե ով` ինչ կուզի: Ու երբ Էմմին մոտեցավ Փղին(Տիգրան Քոչարյան)` առաջարկելով չիփս վերցնել, մայրը նրան հարց տվեց ու հենց Էմմին գլուխը թեքեց` Փիղը վերցրեց չիփսով լի երկու զամբյուղները` դրեց իր մոտ: Այստեղ են ասել. «աչքդ թեքեցիր` բանիդ տերը չես»: Բայց Փիղը առատաձեռն էր, հեռու նստած «Անկախի» լրագրողին էլ բաժին հանեց իր «ավարից»:

Իսկ ինչու՞ հենց միանգամից թեյ խմելու. «Իրականում թեյը միայն առիթ է, որպեսզի իմանանք բլոգերների կարծիքը Էմիի 4 երգերի մասին»,- ասաց Էմմի մայրիկը` Նադեժդա Սարգսյանը, ով նաև Էմմի պրոդյուսերն է:

Էմմին հետաքրքրվում է թե ով` ինչ կուզի

Նա ասում է, որ իրենց համար կարևոր է իմանալ Էմմիի երգարվեստի մասին նաև ոչ երաժիշտների կարծիքը, քանի որ համերգներից հետո միշտ երաժիշտ կոլեգաների կարծիքն է լսում:

Էմմին «Եվրատեսիլ-2010» մրցույթին մասնակցում է ամերիկաբնակ երգիչ Միհրանի հետ: Այս զույգի համար 10-ից ավելի երգեր են գրել և նվիրել հեղինակներ Բելգիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Հայաստանից: Սակայն ընտրվել էր 4 երգ: Բեմում բացի նրանցից կլինեն նաև 4 պարող, որոնցից 2-ը կձայնակցեն: Նրանք պարել են նաև Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի, Բրիթնի Սփիրսի համերգներին:

Նադեժդա Սարգսյանն ասում է, որ «Եվրատեսիլը» վոկալի մրցույթ չէ: Այս մրցույթում կարևոր է, թե ինչպիսի երգ է ընտրվել և թե ով ինչպես է երգը մատուցել. «Շատ կարևոր է նաև, թե ինչպես կարող է իրեն ներկայացնել երգիչը բեմի վրա, ֆոնը, շոուն, բոլոր դետալներն էլ էական ազդեցություն ունեն երգի կատարման համար»:

Բոլոր երգերն էլ գրված են ակումբային ոճի մեջ և չկա հայկական որևէ տարր, իսկ Նադեժդան ասում է, որ երգի մեջ հայկականը հոգին է:

«Ես զանգել, խոսել և կարծիքներ եմ հարցրել շոու բիզնեսի ոլորտում կայացած բազմաթիվ մարդկանց հետ և դրսից, և ներսից ,- ասում է Նադեժդա Սարգսյանը,- Ու որոշել ենք ներկայացնել մի երգ, որտեղ ընդհանրապես բացակայում է հայկական ազգային երաժշտության տարրը: Դրանով մենք ուզում ենք ցույց տալ Եվրոպային, որ մենք բացի ազգայինից, կարող ենք ներկայանալ ժամանակակից երաժշտությամբ»:

Բլոգերները. ձախից աջ` cartesius, t-iko, aerial_vortex, pigh, miaceq_hayer

Նադեժդայի այս վստահությունը գալիս է նրանից, որ նախորդ տարվա Մանկական Եվրատեսիլին իր սան Լաուրա Հայրապետյանին հաջողություն բերեց «Բարսելոնա» երգը. «որովհետև երգի թեման դուրս էր ազգայինից»: Նրա կարծիքով ժամանակն է, որ այս մրցույթում Հայաստանը Սփյուռքի ձայներից բացի ակնկալի եվրոպական լսարանի ուշադրությունը:

Ամբողջ ժամանակ Էմմին անընդհատ ժպտում էր ու բոլորին հյուրասիրում: Իսկ Էմմիի 5 տարեկան յորքշիր ցեղատեսակի Չոկո շունն ամբողջ ժամանակ մեկից մյուսի մոտ էր վազում և բոլորի ամաններից իր փայ կերակուրը տանում:

Էմմին հյուրասիրում է բլոգերներին

Բլոգերները լսեցին 4 երգն էլ, և մեծամասնությունն ընտրեց երրորդ երգը, որին հավանություն էր տվել Նադեժդան: Հենց այս երգն էլ նրանք ներկայացրեցին մրցույթին: Երգը կոչվում է  “Hey” (Let Me Hear You Say) (կատարող՝ Էմմի եւ Միհրան, խոսք՝ Մ. Կիրակոսյան, երժ.՝ Վ. Տեր-Եղիշյան:  Էմմին ասաց, որ երգն ու իր ելույթը նվիրված է լինելու պոպի արքա Մայքլ Ջեքսոնին:

Էմմին երգել սկսել է 8 տարեկանից: Նրա առաջին կատարումը եղել է Արթուր Գրիգորյանի «Հայաստան» երգը: «Ինձ ասում էին, որ ես երգել սկսել եմ մորս փորում, – պատմում է Էմմին,- մեր հին տանը բեմ կար, որտեղից ինձ իջեցնել չէր լինում: Դա սկսվել է 5-6 տարեկանից:: Ես հագնում էի բեմական զգեստներ ու շոուներ բեմադրում տան հյուրերի կամ հարևանների համար»:

Ապագան ընտրելու հարցում նրան կողմնորոշել է հայրը` քանդակագործ Դավիթ Բեջանյանը, ով Օպերայի բակում գտնվող Առնո Բաբաջանյանի արձանի հեղինակն է: «Մաման չէր ուզում, որ ես գնայի իր ճանապարհով: Ասում էր, որ ես անցել եմ ու գիտեմ ինչքան դժվար է, ավելի լավ է գնաս Գեղարվեստի ակադեմիա,- պատմում է Էմմին,- բայց պապան ասաց, որ էս ա իմ ճանապարհը»:

Էմմին ինքամփոփ մարդ է. «ես աղմուկ չեմ սիրում»

Էմմին մասնակցել է 40-ից ավելի միջազգային ու տեղական մրցույթների և բազմաթիվ գլխավոր ու առաջին մրցանակներ ունի, սակայն իր համար ամենակարևոր մրցանակը համարում է 2003թ. Յուրմալայում փոփ երգի մրցությում գրաված 11-րդ տեղը: «Ես այդ մրցույթին գնացել եմ մեն-մենակ,- ասում է Էմմին,- ու առաջին անգամ իմացա, որ գոյություն ունի պետական աջակցություն, երբ պետությունը կարող է կանգնած լինել երգչի թիկունքում, իսկ իմ թիկունքում այդ ժամանակ չկար ոչ ոք: Ու այդ պարտությունն ինձ համար լավ դաս եղավ: Դրանից հետո ես հոգով ավելի ուժեղացա»:

Էմմիի սիրտը զբաղված է: Նա չուզեց ներկայացնել իր ընկերոջը: Միայն ասաց, որ նրանք արդեն միասին են 4 տարի: Ասաց, որ «Եվրատեսիլից» հետո կքննարկվի ամուսնության հարցը:

Էմմի Բեջանյանը չի վախենում իր մրցակիցներից.«Ես ուզում եմ, որ ընտրվի այն երգը, որն արժանի է «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար:

Ու Էմմին խնդրում է իր բոլոր երկրպագուներին, որպեսզի վստահեն իրեն և SMS քվեարկության ժամանակ իրենց ձայնը տան իր կատարմանը:

Այցելությունից հետո բոլոր բլոգերներն իրենց տպավորությունները գրեցին իրենց բլոգներում: էմմին բոլոր գրառումներին էլ քոմենթներ գրեց, իսկ taisha48-ին խոստացավ, որ հաջորդ անգամ իր ձեռքով սարքած սալաթն է հյուրասիրելու:

Եվրատեսիլից հետո կշարունակի՞ Էմմին իր բլոգում գրառումներ անել, թե՞ Անուշ ու Ինգա Արշակյանների պես կդադարեցնի: Էմին ասում է, որ բլոգը իր համար միայն PR չէ, և մրցութի ավարտից հետո էլ անպայման գրառումներ է անելու այնտեղ:

Դիտվել է 4985 անգամ:
Print Friendly

Leave a Reply