Արթուր Ալեքսանյան. «Ցավն ուժեղ էր, բայց դիմացա»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 20, 2012 20:57

«Լոնդոն 2012»-ի oլիմպիական խաղերում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը, Սամվել Գևորգյանը,  օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն այսօր «Հայելի» ակումբում հանդիպեցին լրագրողներին։

Լևոն Ջուլֆալակյանը կարծում է, որ մարզիկներից սպասումներն ավելի մեծ էին, քան արձանագրված արդյունքները, բայց, այնուամենայնիվ` «Լոնդոնում մասնակցությունը լավ ստացվեց»:

«Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի պահով մեդալ պլանավորել էինք, ինչու չէ` նաև ոսկե: Երկուսն էլ ի վիճակի էին: Բայց օլիմպիական մրցագորգը ցույց տվեց, որ ինչ-որ բան, ինչ-որ տեղ չհերիքեց: Այդուհանդերձ, բոլորս էլ գիտենք օլիմպիական մեդալի արժեքը: Ցանկացած երկիր երազում է օլիմպիական խաղերի մեդալ ունենալ: Եվ միայն այն, որ 204 երկրից Լոնդոնում մեդալ ձեռք բերել կարողացավ միայն 60 երկիր, դա արդեն գնահատական է»,- ասաց  Ջուլֆալակյանը:

Իսկ թե ինչու ՀԱՕԿ-ի նախագահԳագիկ Ծառուկյանը մարզիկներին դիմավորողների մեջ չէր, Լևոն Ջուլֆալակյանը հայտնեց. «Որքան գիտեմ, Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէր»:

Արթուրը նշեց, որ Լոնդոն էր մեկնել ոսկե մեդալ նվաճելու, իրանցի մրցակիցն ուժեղ ըմբիշ է, սակայն նրա հետ գոտեմարտն անցանկալի հունով է ընթացել: «Գնացել էի ոսկե մեդալ նվաճելու, դրա համար էլ տխուր էի: Իսկ վնասվածքից հետո ցավն ուժեղ էր, բայց դիմացա»,- ասաց նա:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply