“Սիվիլիթաս”-ի հայցը մերժվել է

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 20, 2012 18:40

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժեց Սիվիլիթաս հիմնադրամի հայցը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության որոշումը, որի հիման վրա Սիվիլիթաս հիմնադրամին և վերջինիս հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցվել: Նիստը տեղի ունեցավ շաբաթ օրը, օգոստոսի 18-ին:

«Դժբախտաբար դա սպասված որոշում էր, որը, բնականաբար, կբողոքարկվի բոլոր ատյաններում, մինչև Եվրոպական Դատարան: Անհիմն մեղադրանքները և շինծու պահանջները շեղում են մեր ուշադրությունը, ինչի հետևանքով խոչընդոտվում և ձգձգվում է մեր հիմնադրամի և Սիվիլնեթ լրատվամիջոցի բնականոն գործունեությունը: Դա, հավանաբար, այս գործընթացի բուն նպատակն է»,- ասել է Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

ԱԱԾ քննիչը, դատարանում եզրափակելով իր ցուցմունքը, հայտարարել էր, որ ԱԱԾ-ն  նախաքննությունը իրականացնում է նաև հենց հիմնադրամի շահերը պաշտպանելու նպատակով: Արձագանքելով այս հայտարարությանը՝ Սալբի Ղազարյանն ասել է. «Դա  ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի է և խախտում է բոլոր տեսակի հասարակական կազմակերպությունների ազատությունները: Ինչպե՞ս կարող է որևէ կառավարական կառույց ինքնուրույն որոշել, որ որևէ հասարակական կազմակերպության իրավունքները ոտնահարվել են և ըստ այդմ նախաձեռնություն վերցնել պաշտպանելու այդ իրավունքները: «Հասարակական կազմակերպությունների  մասին»  ՀՀ օրենքը հստակ նշում է, որ կազմակերպությունը կառավարվում է իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: Օրենքը չի նախատեսում, որ հասարակական կազմակերպությունները պետք է կառավարվեն որևէ պետական կառույցի, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից»,- ասել է Սալբի Ղազարյանը:

Սիվիլիթաս հիմնադրամից հաղորդում են, որ Ազգային անվտանգության ծառայության որոշումը վերացնելու դատական հայց ներկայացրել էր նաև Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչը, ինչը նույնպես մերժում է ստացել: Այդ որոշումը նա կբողոքարկի:

Դիտվել է 1760 անգամ:
Print Friendly

Leave a Reply