Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկում ներառված են 70 երկրներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 20, 2012 17:24

Օգոստոսի 18-ին ուժի մեջ է մտել «Օֆշորային գոտիների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Այն տարածվելու է 2012 թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում, երբ ընդունվում էր այս որոշումը,  օֆշորային գոտիների ցանկը սահմանելու անհրաժեշտությունը հիմնավորվել էր «Շահութահարկի մասին» օրենքում կատարված լրացմամբ: Ըստ այդմ, Հայաստանում հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, եթե կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չի ստացվում:

Ըստ կառավարության՝ տվյալ բնագավառում իր կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը: Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկում ներառված են 70 երկրներ: Այդ թվում են, մասնավորապես, Անդորրան, Մոնակոն, Մալթան, Շվեյցարիան, Չերնոգորիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը, ԱՄՆ-ի Դելավեր, Վայոմինգ և Օրեգոն նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի և Իռլանդիայի Դուբլին ու Շաննոն քաղաքների տարածքները:

«Փաստինֆո»

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply