Պայմանական վաղաժամկետ ազատված 17 դատապարտյալներ կատարել են նոր հանցագործություններ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 20, 2012 16:42

«Դեռևս զգալի բացթողումներ և թերություններ կան այլընտրանքային պատիժների կատարման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, այն փոփոխելու աշխատանքներում»: Այդ մասին օրերս տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
Ըստ ուսումնասիրությունների՝ երբեմն ՔԿ հիմնարկներն անտեսում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները, դրանց ներկայացման կարգով նախատեսված պահանջները, առանց հաշվի առնելու հանցավորի անձը, պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը, պատժի չկրած մասի չափը, անհիմն միջնորդություններով դիմում են համապատասխան հանձնաժողով և դատարան:
Անհիմն միջնորդությունների զգալի մասը մերժվել է հանձնաժողովի, մի մասն էլ՝ դատարանների կողմից` դատախազի միջնորդության հիման վրա, չնայած պայմանական վաղաժամկետ ազատված 125 դատապարտյալներից 17-ը, այնուհանդերձ, կատարել են նոր հանցագործություններ:
Պատժի հետագա կրման նպատակով ինչպես 2011թ., այնպես էլ 2012թ. 1-ին կիսամյակում Հայաստան դատապարտյալներ չեն փոխանցվել, մինչդեռ 2012թ. առաջին կիսամյակում Իրանի Իսլամական Հանրապետությանն են հանձնվել Հայաստանում պատիժը կրող 12 (2011թ. առաջին կիսամյակում՝ 25), իսկ ՌԴ-ին և Ռումինիայի Հանրապետությանը՝ 1-ական դատապարտյալներ: Ընդհանուր առմամբ՝ 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվել են 125 օտարերկրյա քաղաքացիներ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի ընդունած որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանձնաժողովի որոշումներն առանձին դեպքերում չեն համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին:
Բացի այդ, ամփոփվել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2009-2011թթ. ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների կատարման վիճակը, որով պարզվել է, որ նշված ինստիտուտի գործնական կիրառման բնագավառում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց առկայությամբ հստակեցված չեն այդ հիմքով դատապարտյալներին պատժից ազատման ընթացակարգերը, գործընթացին առնչվող մարմինների լիազորությունները և դրանց վերաբերվող այլ հարցեր:
Հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու, ինչպես նաև խնդիրներին նորմատիվ իրավական կարգավորում տալու նպատակով համապատասխան հաղորդումներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին և քրեակատարողական վարչության պետին:

«Փաստինֆո»

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply