Մետրոպոլիտենի տարածքում ավարտվել են WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2012 14:37

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը կերկարաձգվի գիշերային ժամերին:  Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի  գեղարվեսական լուսավորման աշխատանքները:

Անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները` ներառելով նաև բակային տարածքները:

Երևանի քաղաքապետարանի 2012թ.-ի բարեկարգման ծրագրերի շրջանակում արդեն ավարտվել են կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է նաև բակային տարածքներում: Քաղաքապետի տեղակալը նշելով, որ ցայտաղբյուրների բարեկարգման ու վերագործարկման աշխատանքները  մեծ ոգևորություն ու գոհունակություն են առաջացրել ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաքի բազում հյուրերի շրջանում, փոխանցել է  ծրագիրը սահմանված  ժամկետում ավարտելու վերաբերյալ քաղաքապետի հանձնարարականը:

Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման և ճաքալցման աշխատանքների մասով զեկուցվել է, որ  գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է բարեկարգված փողոցներում զուգահեռաբար շարունակել նաև գծանշման աշխատանքները:

Անդրադառնալով կանաչ տարածքների խնամքին և ոռոգման համակարգերի արդյունավետ շահագործմանը` հանձնարարվել է  միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Մարզահամերգային համալիրի մերձակա անտառային տարածքների համատարած ոռոգումը ապահովելու ուղղությամբ:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Մրցույթի արդյունքում  բացառապես ընտրվում են այն շարժակազմերը, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:

Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի գույքագրվել  են մայրաքաղաքի ավտոկայանատեղիներն ու ուսումնասիրվել են դրանց համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է վերահսկողությունը վարձակալների պայմանագրային պարտավորություններով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ:

Արդեն ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի  սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով ապահովված կլինեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 3060 անգամ:
Print Friendly

Leave a Reply