Լիցենզիայի նախագիծ քիմիական կատալիզատորները վնասազերծողի համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 20, 2012 14:18

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժինը մշակել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով  նախատեսվում  է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին տալ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա:

Որոշման նախագծի համաձայն՝ լիցենզիայով նախատեսված բոլոր գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կդրվի ՀՀ բնապահպանության, առողջապահության, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարությունների վրա:

«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Հրաչյա Ղազարյանը «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնեց, որ ձեռնարկությունում տարբեր կատալիզատորներից հատուկ տեխնոլոգիաներով  առանձնացնում են մետաղական խառնուրդներ, որոնք այնուհետև կիրառվում են համապատասխան արտադրական գործընթացներում, իսկ ավազը, որպես էկոլոգիապես մաքուր հումք, օգտագործվում է  շինարարության մեջ: Փոխտնօրենը նաև նշեց, որ անթափոն արտադրության  համար հումք հանդիսացող  քիմիական  կատալիզատորները  հիմնականում Հայաստան են ներկրվում արտասահմանյան մի շարք երկրներից:

Հիշեցնենք, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելը ենթակա է լիցենզավորման, որն օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը իրականացնում է բարդ ընթացակարգով` փորձաքննական եզրակացության հիման վրա:

«Փաստինֆո»

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply