«Ֆլեշ» ընկերությունը 20 դրամով թանկացրել է բենզինի գինը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 16, 2009 13:05
Բենզինի շուկայում գերիշխող «Ֆլեշ» ընկերությունը ևս չդիմացավ շուկայի համատարած թանկացումներին և այսօր 20 դրամով թանկացրեց բենզինի գինը: «Ռեգուլյար» տեսակի բենզինն արժե 350, «պրեմիումը»` 370, իսկ «սուպերը»`400 դրամ: Ըստ ընկերության մարքեթինգի գծով փոխտնօրեն Մուշեղ Էլչյանի` վաղը թանկացումներ չեն նախատեսում:
«Թանկացումը պայմանավորված է բենզինի միջազգային գներով: Երկու ամսում բենզինի գինը միջազգային շուկայում թանկացել է 45 տոկոսով: Եթե գները միջազգային շուկայում բարձրանան, այստեղ էլ կբարձրանա»,-ասաց Էլչյանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստի ժամանակ բենզինի շուկայում վարույթ է հարուցվել: Հանձնաժողովի մասնագետների անցկացրած մոնիտորինգով պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացել են ևս 20 դրամով (վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ` 20-ական դրամով):
«Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը 2009 թ. հունիսի 10-ին Հանձնաժողովին տեղեկացրել էր, թե ապրիլի 1-ից դադարեցրել է գործունեությունը, և որ նույն տարվա ապրիլի սկզբներից բենզին և դիզվառելիք է ներկրվում և իրացվում նոր ընկերության` «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ–ի կողմից: Դա այն դեպքում, երբ «Քաղ Պետրոլ Սերվիսը» ՀՀ Կառավարության հայտարարած պետական գնումների` այս տարվա երկրորդ եռամսյակի բենզինի մատակարարման մրցույթում հաղթող է ճանաչվել և շարունակել է գործունեությունը:






Facebook
Tweet This
Email This Post
