Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | February 4, 2010 11:59
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուրգերգինը հայտարարել է, թե Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, և թե «ոչ ոք չի կարող իրենց ասել»` ինչու են միջամտում ղարաբաղյան հակամարտությանը:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նշում է.
Մինսկի Խմբի մշտական անդամներ են հանդիսանում Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և ԵԱՀԿ Եռանախագահությունը: Սակայն, Մինսկի Խումբը, որպես այդպիսին, իրավասու չէ` միջամտելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Այսպես, 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ-ն (այդ ժամանակ` ԵԱՀԽ-ն) պահանջեց անհապաղ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կոնֆերանս: Այն պետք է տեղի ունենար Մինսկում, բայց տեղի չունեցավ:
1994 թվականի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտի գագաթաժողովը որոշեց հաստատել համանախագահություն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով: ԵԱՀԿ գործող նախագահը 1995 թվականի մարտի 23-ին, Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն, մանդատավորեց Մինսկի Գործընթացի Համանախագահությունը (ԵԱՀԿ փաստաթուղթ 525/95):
Մինչ օրս, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունն է ստանձնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելությունը:
Այսպիսով, Թուրքիան իրավական որևէ հիմք չի կարող ունենալ` միջնորդելու, կամ միջամտելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ կողմ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունը, և ոչ թե ԵԱՀԿ Մինսկի Խումբը:
Իրավաքաղաքական մյուս կարևոր փաստը, որը բացառում է Անկարայի մասնակցությունը Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության համատեքստում, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է` որպես օժանդակություն և հավատարմության նշան Ադրբեջանին:
1993 թվականից մինչ օրս շարունակվող Թուրքիայի շրջափակման քաղաքականությունը փաստում է Ադրբեջանի հանդեպ Անկարայի դեռևս անվերապահ աջակցության մասին:
Վահան Դիլանյան
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ
4 փետրվարի, 2010






Facebook
Tweet This
Email This Post
