Նոր հարկեր. տեղական մարմինները կզարգանան, թե՞ նոր բեռ կավելանա

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2010 7:19

Կառավարությունն առաջարկում է սահմանել տեղական նոր հարկատեսակներ, որոնցից պարտադիր կհամարվեն հողի հարկը և գույքահարկը: Բացի դրանից նախատեսվում է սահմանել հյուրանոցային հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի և այլն:

Երեկ սկսվել և այսօր խորհրդարանում շարունակվում էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս օրինագիծը հնարավորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով, իրենց ցանկությամբ և ընտրությամբ որոշակի հարկատեսակներ մտցնել տվյալ համայնք՝ լրացնելով տեղական բյուջեն։
Օրինագիծը ներկայացնող Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասել էր, որ հետագայում յուրաքանչյուր հարկատեսակի վերաբերյալ կառաջարկվեն համապատասխան օրինագծեր, որոնք ցանկության դեպքում իր համայնքում կներդնի ՏԻՄ-ը:

«Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ այս օրենքը նպաստումէ ֆեոդալների ու ֆեոդալիկների առաջացմանը: «Եթե հիշենք. 2 տարի առաջ օրենք ընդունվեց, որը ՏԻՄ ղեկավարին ցմահ վերընտրվելու իրավասություն է տալիս,- ասում է նա,- այս օրինագիծը հնարավորություն կտա, որ նրանք իրենց տեղում ամրապնդվեն, ու դա կբերի սեփականության նոր վերաբաշխման: Ես կարծում եմ, որ կառավարությունը հետ պետք է վերցնի այս օրինագիծը»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիաս Ալավերդյանը հավելեց, որ երկար տարիներ ուսումնասիրել է այս ոլորտում շվեյցարական փորձը, որտեղ գործում է ՏԻՄ ինքնակառավարման հզոր մեխանիզմ: «Ու այս նախագիծը տեղին է կիրառել շվեյցարական իրողության դեպքում,- ասաց նա,- ես ևս կարծում եմ, որ կառավարությունը հետ պետք է վերցնի օրինագիծը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելությում նկատեց, որ գուցե ԱԺ-ում մի խումբ պատգամավորներ հրեշտակներ են, իսկ մի խումբ ավագանիներ էլ` չարքեր:

«Այս օրինագիծը 2008թվականից քննարկվում է, իսկ լրամշակված տարբերակը ներկայացվել է 2009թ.  հոկտեմբերին,- ասաց նա,- ու խնդիրն այստեղ այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ հորդորում են կառավարության հետ վերցնել օրինագիծը, մասնակցել են բոլոր այդ լսումներին ու ոչինչ չեն ասել, իսկ այժմ ուզում են ձեռի հետ ժողովրդավար երևալ»:

Սահակյանը խորհուրդ տվեց բոլորին` անգիտությունից անցնել տեղեկացված լինելուն. « Ամբողջ հեռուստաեթերը երեկ ողողված էր առ այն, որ կառավարությունը հարկային բեռը բարձրացնում է, մինչդեռ ոչ մի հարկի բարձրացում էլ չկա: Բացի պարտադիր երկու հարկից` մնացածը ՏԻՄ-ի գործն է: Իսկ ավագանին այնքան էլ հիմար չէ, որ չմտածի գալիք ընտրությունների մասին ու ասի, որ եթե մեքենա ես կանգնեցում` հարկ վճարիր»:

Անկախ պատգամավոր Վիտոր Դալլաքյանն ասաց, որ անձամբ դեմ է քվերակելու օրինագծին: «Սակայն ԱԺ դահլիճում նստած են մարդիկ, ովքեր դեմ լինելով օրինագծին` խոսում են պրեսայի համար, իսկ հետո փիսիկի նման կողմ կքվեարկում,- ասաց նա,- Երբ կառավարությունը օրենքը նախապատրաստում էր. ինչո՞ւ կոալիցիայի ներկայացուցիչ նախարարները դեմ չեն արտահայտվել դրան: Օրինագիծը հետ ուղարկելու փոխարեն ձեր նախարարներին հետ կանչեք»:

Դալլաքյանի կարծիքով խնդրի լուծումն այն է, որ համայնքին թողնել եկամտահարկի և շահութահարկի 30 տոկոսը. «Սակայն կառավարությունը դա չի անում»:

Օրինագծին դեմ լինելը Դալլաքյանը մեկնաբանեց, որ ՏԻՄ-ին լրացուցիչ գործիքներ տալով ուժեղացնում է նրանց դիրքերը, որոնք սկսած 1995թ-ից գործուն մասնակցություն են ունենում բոլոր տեսակի ընտրություներում: «Այդ ավանդույթը հիմք դրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և անմիջականորեն կիրառվեց 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասաց նա:

Օրինագիծը ներկայացված է առաջին ընթերցման:

Դիտվել է 1613 անգամ:
Print Friendly

Leave a Reply