Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանում քաղցկեղով հիվանդացության թիվը տարեկան ավելանում է 3 տոկոսով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2010 6:19

Հայաստանում ամեն տարի նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվում է քաղցկեղով հիվանդացության 3 տոկոս աճ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:

Նրա խոսքերով 2008-ին /2009-ի տվյալները դեռևս ամփոփված չեն / Հայաստանում քաղցկեղ է ախտորոշվել 7336 մարդու մոտ: Սակայն, ըստ Բազիկյանի, Հայաստանում քաղցկեղով հիվանդների 40-45 տոկոսը բժշկի է դիմում հիվանդության զարգացման ուշ փուլում, երբ արդյունավետ բուժում իրականացնելու հավանականությունը քիչ է. եթե 1-ին փուլում բուժման հաջողության հավանականությունը 90-95 տոկոս է, ապա 3-րդ փուլում՝ 10-15 տոկոս:

Բազիկյանն ասում է, որ տարեկան Հայաստանում քաղցկեղից մահանում է մոտ 5 հազար մարդ: Այժմ Հայաստանում հաշվառման տակ է  29 հազար քաղցկեղով հիվանդ, որոնցից 15 707-ը բուժում են ստացել 5 և ավել  տարի առաջ:

Քաղցկեղը, ըստ Բազիկյանի,  հստակ ախտանիշներ չունի և,  որպես կանոն,  քողարկվում է այլ հիվանդությունների ախտանիշերի տակ: Հայաստանում պետպատվերի շրջանակներում ամեն քաղաքացի տարին մեկ անգամ կարող է բուժզննում անցնել՝ քաղցկեղը բացահայտելու և կանխելու համար:

Սակայն, Բազիկյանն ասում է`  քչերն են բուժզննում անցնում. «Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից: Պետք է հասնենք գիտակցության, որ քաղցկեղն ընդամենը ախտորոշում է, ոչ թե մահվան դատավճիռ»:

Բազիկյանի խոսքով՝ Հայաստանում ընդունված չէ հիվանդին հայտնել իր ախտորոշման մասին, հիվանդի հարազատներն էլ ձգտում են դա գաղտնի պահել նրանից: Նման պայմաններում արդյունավետ բուժում իրականացնելը դժվարանում է.«Երբ հիվանդը տեղյակ է իր ախտորոշումից, նա բժշկի հետ միասին պայքարում է առողջանալու համար, ավելի զգոն է իր առողջության նկատմամբ, ժամանակին է կատարում բժշկի պահանջները»:

Ըստ Բազիկյանի՝ նկատելի է քաղցկեղի երիտասարդացման միտում: Նա նշում է, որ քաղցկեղի առաջացմանը նպաստում են սթրեսները, խմելը, ծխելը, որոնք թուլացնում են իմունիտետը, զգայուն դարձնում բացասական ներքին և արտաքին ազդակների նկատմամբ:

Դիտվել է 3665 անգամ:
Print Friendly

Leave a Reply