Գործարար Միշա Քալանթարյանի հարազատները հավատում են ինքնասպանության վարկածին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2012 21:17

Երեկ` օգոստոսի 17-ին Ազատամարտիկների փողոցում հրազենային վնասվածքից մահացած գործարար Միշա Քալանթարյանի հարազատները հավատում են ինքնասպանության վարկածին, քանի որ Միշա Քալանթարյանը խմելու հետ սեր է ունեցել եւ ինքնասպանությունից առաջ էլ խմած է եղել,ասել է  մահացածի ավագ եղբայրը` Փայլակ Հայրապետյանը:

Հարցին, թե որն է եղել ինքնասպանության պատճառը, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Չէ, ոչ մի պատճառ, ուղղակի խմած է եղել: Նրան մտահոգող ոչ մի խնդիր չկար: Իր ընտանիքը մաքուր, ինքը` մաքուր, իր երեխաները` սուրբ երեխաներ: Մտահոգող ոչ մի բան չի ունեցել: Նա պարզապես հաճախ խմում էր ու դրա ազդեցության տակ էլ ինքնասպանություն է գործել»:

Փայլակ Հայրապետյանը ավելի վաղ տեղեկացրել էր նաեւ,որ հարազատ եղբոր ազգանունն անձնագրով Քալանթարյան է: Փայլակ Հայրապետյանի խոսքով, Միշան իր կրտսեր եղբայրն է, իսկ ազգանունի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Փայլակ Հայրապետյանը հոր մահից հետո նրա անունն է վերցրել որպես ազգանուն, իսկ Միշա Քալանթարյանի ազգանունը պապական ազգանունն է:

Նշենք, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Մանրամասները պարզվում են: Նշանակվել է Մ. Քալանթարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը:

NEWS.am

Դիտվել է 1749 անգամ:
Print Friendly

Leave a Reply